«Խնդիր ունենք ընդունելու նոր քրեակատարողական օրենսգիրք, որը ներկայումս գտնվում է լրամշակման փուլում: Հաջորդ ամսվա ընթացքում այն կդրվի հանրային քննարկման և կուղարկվի պետական մարմիններ` կարծիքի: Դա բխում է 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից ու մի շարք այլ հանգամանքներից: Մեր հիմնական նպատակներից է պատժողական քաղաքականությունից անցումը վերասոցիալականացման քաղաքականություն»։ Այս մասին 2019-2023 թվականներին քրեակատարողական ոլորտի ռազմավարության և գործունեության կարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման վերաբերյալ քննարկման ժամանակ ասել է Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը։
Փոխնախարարը նշել է, որ ըստ նախագծի, մասնավորապես, նախատեսվում է քրեակատարողական հիմնարկների օպտիմալացում և նոր քրեակատարողական հիմնարկների կառուցում, արդեն իսկ գործող քրեակատարողական հիմնարկների հիմնանորոգում։ «Օպտիմալացման տեսանկյունից նախատեսվում է նոր քրեակատարողական հիմնարկի կառուցում, որտեղ կտեղափոխվեն Նուբարաշեն ՔԿՀ-ում և դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ում պատիժ կրող դատապարտյալները։ Նախատեսվում է Հրազդան ՔԿՀ֊ի դատապարտյալներին տեղափոխել Սևան ՔԿՀ, քանի որ Հրազդան ՔԿՀ֊ի պայմանները բավականին վատթար են։ Նաև նախատեսվում է ապամոնտաժել Գորիսի ՔԿՀ֊ն և կառուցել նորը՝ նախնական տվյալներով՝ Խնձորեսկում», – հայտնել է Գալյանը։
Նույն քննարկման ժամանակ ՀՀ ԱՆ ՔԿՀ֊ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը խոսել է դատապարտյալների վերասոցիալիզացման ծրագրերի և ՔԿՀ֊ների աշխատակիցների աշխատանքային պայմանների մասին։
«Մենք, որպես ՔԿՀ֊ներում ամենօրյա ռեժիմում գործունեություն իրականացնող անձինք, վստահ ենք, որ միայն օրենսդրական դաշտ բերելը, միայն պատժողական մոտեցումը, չի կարող քրեական ենթամշակույթի դեմ պայքարն արդյունավետ դարձնել, որովհետև դա մի այնպիսի խնդիր է, արմատացած տասնամյակներ շարունակ, որ պահանջելու է ավելի համընդգրկուն, համալիր մոտեցում»,- ասել է Հարությունյանը։
ՔԿՀ֊ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Նարե Հովհաննիսյանը անդրադարձել է երկարատև կալանավորման մեջ գտնվող անձանց խնդիրներին՝ որպես առանձին խումբ․ «Գիտենք, որ կալանավորումը կարող է տևել 5-6 տարի և նրանք նույն ձևով ազատազրկման պայմաններում են լինում և բնականաբար պետք են որոշակի աշխատանքներ նախատեսել նաև այս խմբի համար։ 5-6 տարի տևող կալանավորումն արդեն բավական է հասարակությունից կտրվելու համար»։