Եթե լսենք Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին և Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչներին, ամեն ինչ արվել է 44-օրյա հացադուլից հետո մահացած Մհեր Եղիազարյանի համար։ Բայց եթե ամեն ինչ արվել է, ինչո՞ւ մահացավ։ Պետք է լուրջ քննություն անցկացվի։ Այս մասին «Հոդված 3»-ում ասել է «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ, քրեական արդարադատության փորձագետ Արշակ Գասպարյանը։
Վերջինիս խոսքով՝ Եղիազարյանը հացադուլի ընթացքում մի քանի անգամ ասել է, որ վատ է զգում իրեն, նրան տարել են հետազոտության, ասել են, որ ամեն ինչ նորմալ է, ախտաբանական շեղումներ չեն գրացնվել․ «Սա մի տեսակ դժվար եմ պատկերացնում․ 40 օր մարդու օրգանիզմում սննդի որևէ հավելում չի լինում, և մարդու մոտ չի՞ լինում որևէ փոփոխություն՝ սրտի, ճնշման և այլնի հետ կապված»։
ԱԱԾ-ն դեկտեմբերի 3-ին ձերբակալել էր «Հայնյուզ» լրատվական կայքի պատասխանատու, «Հայոց արծիվներ» կուսակցության փոխնախագահ Մհեր Եղիազարյանին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել խարդախության և կաշառքի միջնորդության հոդվածներով։ Դատարանը կալանավորել էր Եղիազարյանին։ Եղիազարյանը նույն օրվանից՝ դեկտեմբերի 5-ից, հացադուլ էր հայտարարել։ Հունվարի 16-ին դատարանը մերժել էր գրավի դիմաց նրան ազատ արձակելու միջնորդությունը։ Երաշխավորագրեր էին ներկայացրել նաև «Բարգավաճ Հայաստանի» երկու պատգամավորներ՝ Նաիրա Զոհրաբյանը և Սերգեյ Բագրատյանը։ Հունվարի 17-ին Եղիազարյանը դադարեցրել էր հացադուլը և տեղափոխվել «Նուբարաշենի» բուժմաս։ Հունվարի 26-ին մահացել էր։
Հացադուլի ընթացքում Մհեր Եղիազարյանին բազմիցս այցելել են հիմնարկի պետը, հոգեբանն ու իրավաբանը։ Ի՞նչ են խոսել, եթե ոչ հացադուլը դադարեցնելու և նրա առողջական վիճակի մասին։ Ասել է Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Հայկ Քոչինյանը։
Նա նշել է, որ հացադուլ հայտարարելուց անմիջապես հետո Եղիազարյանը տեղափոխվել է հացադուլավորների համար առանձնացված հատուկ խուց, նրան այցելել է բժիշկը, ներկայացրել հացադուլի հետևանքները։
Քոչինյանը հավաստիացրել է, որ Եղիազարյանին համապատասխան օգնություն է տրվել, բացատրական աշխատանքներ են տարվել, նրան համոզել են դադարեցնել հացադուլը։ Ինքը Եղիազարյանը չի ցանկացել, որ հացադուլի մասին հայտնեն այլ անձնաց։
ՄԻՊ ներկայացուցիչները Մհեր Եղիազարյանին այցելել են հենց նույն օրը, երբ նա սկսել է հացադուլը, այնուհետև եղել են պարբերական այցեր, բարձրացվել են հարցեր, որոնց մի մասը տեղում լուծում են ստացել, օրինակ խցի ջեռուցման հետ կապված հարցը։ Նշել է ՄԻՊ կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանը։
ՄԻՊ ներկայացուցիչներն իրենց այցելությունների ժամանակ հարցեր են բարձրացրել․ մասնավորապես արդյոք Եղիազարյանի հիվանդությունը համատեղելի՞ է խափանման միջոցի հետ, անցկացվե՞լ է համապատասխան քննություն, եթե այո, ինչպիսի՞ պատճառական կապի մեջ են գտնվել այդ գործողությունները մահվան հետ։ Այդ հարցերն ու պատասխանները ՄԻՊ-ը ուղարկել է վարույթ իրականացնող մարմնին։ Սիմոնյանն ասել է, որ Եղիազարյանն այցերի ընթացքում նշել է, որ սրտանոթային խնդիրներ ունի։
Քրեակատարողական ծառայության բուժսպասարկման բաժնի պետ Արա Հովհաննիսյանը հակադարձել է՝ նշելով, որ Եղիազարյանը ոչ մի անգամ չի բողոքել սիրտանոթային խնդիրներից․ «Միակ բողոքը եղել է կոնքազդրային շրջանի ցավերի մասին, որոնք եղել են տարիներ առաջ եղած վթարի հետևանքը, դրա համար էլ նրան տրվել է ցավհանգստացնողներ»։