2026 թ. հոկտեմբեր 15, հինգշաբթի

Պատերազմը իրադարձություն չէ, այլ նորմատիվ միջավայր

  • levon-tsaturyan-normative-parasite-cn3d-n9sg.jpg
  • Նորմատիվ մակաբույծ
  • Լևոն Ծատուրյանի հետազոտական աշխատանքն է, որը նա պաշտպանել է «Մխիթար Սեբաստացի» ավագ դպրոցում

ներածություն

Մեր գյուղում քարտեզները միշտ ավելի հին էին, քան ճանապարհները։

Ոչ ոք դրանից չէր նեղվում։

Ճանապարհները, ընդհակառակը, անընդհատ փորձում էին արդարանալ։

Սկզբում մեղադրում էին անձրևին։

Հետո՝ շինարարներին։

Վերջում որոշեցին, որ ճանապարհներն են սխալ։

Քարտեզը արդար էր։

Քարտեզը միշտ արդար է։

Իրականությունը երկար ժամանակ փորձում էր առարկել։

Հետո հոգնեց։

Դրանից հետո ամեն ինչ արագ գնաց։ Քարտեզները սկսեցին կրթել ճանապարհներին։ Ճանապարհները՝ մարդկանց։ Մարդիկ՝ երեխաներին։ Մի քանի սերունդ անց արդեն ոչ ոք չէր հարցնում, թե որտեղից է սկսվել սխալը։ Սխալն ինքն էր դարձել ելակետ։

Հենց այստեղ է հակամարտությունների ամենահետաքրքիր հատկությունը։ Դրանք հազվադեպ են գոյատևում զենքի շնորհիվ։ Զենքը չափազանց աղմկոտ է։ Ավելի արդյունավետ են այն մեխանիզմները, որոնք աղմուկ չեն սիրում՝ լեզուն, հիշողությունը, տարածքը, սովորությունը։ Նրանք աշխատում են առանց շտապելու։ Ժամանակը նրանց դաշնակիցն է։

Այս աշխատանքը պատերազմի պատմություն չէ։ Այն ավելի շատ նման է քարտեզագրության դատավարության։ Այն հարցնում է ոչ թե, թե որտեղով էր անցնում սահմանը, այլ ինչու էր սահմանը միշտ առաջինը հասնում մարդկանց գիտակցությանը։ Ինչու էր հիշողությունը երբեմն ավելի հին, քան անցյալը, ինքնությունը՝ ավելի ծանր, քան մարդը, իսկ թշնամին՝ ավելի երկար կյանք ունեցող, քան որևէ կոնկրետ թշնամի։

Հաջորդ էջերում պատերազմը չի բացատրվելու պատճառներով։ Փոխարենը այն կկարդացվի որպես մեխանիզմ՝ լեզվի, պատկերների, կրկնությունների և լռությունների համակարգ։ Էթնիկ ինքնությունը, տարածքային պահանջները, հավաքական հիշողությունը և թշնամու ֆիգուրը այստեղ չեն հանդես գա որպես բնական կամ ինքնաբուխ երևույթներ, այլ որպես կազմակերպված ձևեր, որոնք թույլ են տալիս իրականությունը դարձնել կառավարելի։

Ամենակայուն պատերազմները սկսվում են ոչ թե առաջին կրակոցից։ Նրանք գուցե սկսվում են այն օրը, երբ քարտեզը դադարում է կասկածել ինքն իրեն։

գլուխ 1

բնակեցում

Մակաբույծների մասին մի հետաքրքիր փաստ կա։

Նրանք սովորաբար չեն ցանկանում սպանել իրենց կրողին։

Դա վատ ռազմավարություն է։

Մեռած մարմինը երկար չի ապրում։

Լավ մակաբույծը համբերատար է։ Նա ուտում է այնքան, որ օրգանիզմը շարունակի ապրել։ Երբեմն նույնիսկ այնպես է փոխում օրգանիզմի վարքը, որ վերջինս սկսում է պաշտպանել հենց այն ուժին, որը դանդաղորեն սպառում է իրեն։ Այդպիսի մակաբույծները հազվադեպ են նկատվում։ Դրա համար էլ նրանք ամենահաջողակներն են։

Սկզբում՝ լեզվի մեջ։

Հետո՝ հիշողության։

Հետո՝ դպրոցական դասագրքերի։

Հետո՝ ընտանեկան պատմությունների։

Վերջում արդեն ոչ ոք չի հիշում, թե երբ է այդ բնակիչը մտել տուն։ Բոլորը միայն վստահ են, որ նա միշտ այստեղ է եղել։

Այստեղ պատերազմը դադարում է լինել իրադարձություն։ Այն դառնում է միջավայր։

Սովորաբար պատերազմի սկիզբը որոնում են առաջին կրակոցի մեջ։ Այդպես ավելի հարմար է։ Կրակոցը լսելի է։ Այն ունի օր, ժամ և մեղավորներ։ Սակայն այդպիսի պատկերացումը չափազանց շատ բան է թողնում ստվերում։ Առաջին կրակոցը հաճախ պատերազմի ամենաուշ իրադարձություններից մեկն է։ Դրանից շատ առաջ արդեն ձևավորվել են այն լեզուն, այն պատկերները, այն հիշողությունները և այն սահմանները, որոնց ներսում կրակոցն այլևս անխուսափելի է թվում։

Պատերազմի ամենամեծ հաջողությունը հաղթանակը չէ։

Նրա ամենամեծ հաջողությունն այն պահն է, երբ նա դադարում է պատերազմ կոչվելուց։

Այդ պահից նա սկսում է ներկայանալ այլ անուններով՝ անվտանգություն, պատմական արդարություն, ազգային հիշողություն, ինքնություն, զգոնություն, ավանդույթ։ Այդ անունները պարտադիր կեղծ չեն։ Սակայն հենց դրանց միջոցով պատերազմը սովորում է գոյատևել սեփական ավարտից հետո։

Իրականությունը երկար ժամանակ փորձում էր առարկել։

Հետո հոգնեց։

Դրանից հետո աշխարհն էր աստիճանաբար սովորում համապատասխանել քարտեզներին։ Սահմանները սկսեցին ավելի վստահ լինել, քան ճանապարհները։ Հիշողությունը դարձավ ավելի ծանր, քան փորձը։ Բառերը սկսեցին ավելի արագ որոշումներ կայացնել, քան մարդիկ։

Այդ կետում պատերազմն արդեն զինվորների կարիքը չուներ։

Նրան բավական էին սովորությունները։

Սովորությունն ամենաարդյունավետ զինվորն է։ Նա երբեք արձակուրդ չի վերցնում։ Նա չի կասկածում հրամաններին։ Նա նույնիսկ չի հիշում, որ դրանք երբևէ հրաման են եղել։ Երկար կրկնությունից հետո հրամանը վերածվում է ինքնաբերության, իսկ ինքնաբերությունը՝ ճշմարտության։

Հենց այստեղ է ձևավորվում այն, ինչ այս աշխատանքը անվանում է պատերազմի նորմատիվ միջավայր։

Նորմատիվ միջավայրը  այն պայմանն է, որի ներսում որոշ գաղափարներ այլևս չեն պահանջում հիմնավորում։ Երբ հասարակությունը սովորում է վտանգը ընկալել որպես բնական վիճակ, զգոնությունը՝ որպես բարոյական պարտականություն, իսկ թշնամուն՝ որպես մշտական հնարավորություն, պատերազմն այլևս կարիք չունի ամեն օր ներկայանալու։ Նրա փոխարեն աշխատում է միջավայրը։

Այդ միջավայրում ժամանակն այլ կերպ է հոսում։

Անցյալը երբեք չի ավարտվում։

Ապագան մշտապես հետաձգվում է։

Ներկան վերածվում է սպասման։

Այս ժամանակային կառուցվածքը պատահական չէ։ Այն անհրաժեշտ է պատերազմի վերարտադրության համար։ Եթե ապագան հասնի, պատերազմը ստիպված կլինի ավարտվել։ Եթե անցյալը դառնա պարզապես պատմություն, պատերազմը կկորցնի իր ամենաուժեղ սնունդը։ Այդ պատճառով անցյալը մշտապես վերադարձվում է ներկա՝ ոչ թե որպես հիշողություն, այլ որպես հրահանգ։

Այստեղ հիշողությունը դադարում է հիշելու ունակություն լինելուց։ Այն սկսում է ընտրել։ Որոշ պատմություններ կրկնվում են այնքան հաճախ, մինչև դառնում են անքննելի։ Մյուսները կամաց-կամաց անհետանում են ոչ թե այն պատճառով, որ կեղծ են, այլ որովհետև այլևս չեն սպասարկում կառուցվածքը։

Լեզուն նույնպես փոխվում է։

Սկզբում բառերը նկարագրում են աշխարհը։

Հետո սկսում են կազմակերպել այն։

Վերջում աշխարհն է ստիպված ենթարկվել բառերին։

Այս կետում պատերազմը դառնում է ոչ թե քաղաքական որոշումների արդյունք, այլ այն հորիզոնը, որի ներսում քաղաքական որոշումներն ընդհանրապես մտածելի են դառնում։ Նա չի հրամայում։ Նա սահմանում է, թե ինչ կարելի է պատկերացնել որպես հնարավոր։

Հենց այդ պատճառով հայ-ադրբեջանական հակամարտությունը այս աշխատանքում դիտարկվում է ոչ թե որպես բացառիկ դեպք, այլ որպես օրինակ, որտեղ այս մեխանիզմները տեսանելի են առանձնահատուկ հստակությամբ։ Այստեղ պատերազմը չի սահմանափակվում ճակատով։ Այն ներգրավված է լեզվում, հիշողության կազմակերպման ձևերում, տարածքի ընկալման մեջ և այն պատկերացումներում, որոնց միջոցով մարդիկ տարբերակում են «մեզ» և «նրանց»։

Ամենահաջող պատերազմները չեն հաղթում։

Նրանք բնակվում են։

Եվ երբ նրանք բավական երկար են բնակվում, նրանց այլևս ոչ ոք չի նկատում։

Մնում է միայն միջավայրը։

Իսկ միջավայրերը, ինչպես հայտնի է, երբեք պատերազմ չեն հայտարարում։

գլուխ 2

նյարդային համակարգ

Մակաբույծները չեն պայքարում մկանների դեմ՝ դա անիմաստ աշխատանք է։ Մկանները միայն կատարում են հրամաններ։ Եթե ուզում ես փոխել օրգանիզմի վարքը, պետք է հասնես այնտեղ, որտեղ ծնվում է ցանկությունը։

Նյարդային համակարգ։

Բնությունը վաղուց է հասկացել այն, ինչ քաղաքականությունը դեռ նոր է սովորում։ Ամենահաջող մակաբույծը նա չէ, ով ամենաշատն է ուտում։ Այլ նա, ով ամենաքիչն է ստիպում օրգանիզմին կասկածել սեփական ցանկություններին։ Կան մակաբույծներ, որոնք մկանը չեն ասում՝ «գնա այնտեղ»։ Նրանք պարզապես փոխում են այն, ինչ մուկը ցանկանում է։

Մի օր նա սկսում է քայլել այն ուղղությամբ, որից երեկ փախչում էր։ Նա կարծում է, որ որոշումն իրենն է։ Հենց այստեղ է ավարտվում կենսաբանությունը։

Կամ, գուցե, հենց այստեղից է սկսվում քաղաքականությունը։

Տարածքը երբեք պարզապես հող չի եղել։ Հողը ցանկություններ չունի։ Քարերը հայրենասիրություն չեն զգում։

Եթե տարածքը երբևէ դարձել է սակրալ, ապա ոչ այն պատճառով, որ հողը փոխվել է։ Փոխվել է այն օրգանիզմը, որը սկսել է նայել հողին։ Պատերազմը տարածքը չի նվաճում։

Դա չափազանց կոպիտ մեթոդ է։

Նա վերափոխում է այն ցանկությունը, որով տարածքն ընդհանրապես ընկալվում է։ Սկզբում մարդը բնակվում է տարածքում։ Հետո տարածքն է սկսում բնակվել մարդու ներսում։

Այդ պահից քարտեզը դադարում է աշխարհագրություն լինելուց։

Այն դառնում է նյարդային համակարգ։

Այն որոշում է ոչ միայն, թե որտեղ ես ապրում։

Այն որոշում է, թե ինչի համար ես պատրաստ ապրել։

Եվ ինչի համար՝ մահանալ։

Հենց այստեղ ցանկությունը դադարում է անձնական երևույթ լինելուց։ Այն կազմակերպվում է, ուղղորդվում է, վարժեցվում է, մարդը կարծում է, թե սիրում է հայրենիքը։

Հնարավոր է։

Բայց նախ պետք է հարցնել՝ ո՞վ է սովորեցրել նրան սիրել հենց այդ ձևով։ Ցանկությունը հազվադեպ է ծնվում դատարկ տեղում։ Այն միշտ անցնում է լեզվի, ընտանիքի, կրթության, հիշողության և խորհրդանիշների միջով։

Դրանք ցանկություն չեն ստեղծում զրոյից։

Նրանք ընտրում են, թե ցանկության որ ուղղություններն են թույլատրելի։

Որոնք են արժանի հպարտության։

Որոնք՝ զոհաբերության։

Որոնք՝ ատելության։

Այս իմաստով տարածքը դադարում է աշխարհագրական կատեգորիա լինելուց։ Այն դառնում է ցանկության կազմակերպման տեխնոլոգիա։ Տարածքը արժեքավոր չէ իր հողի պատճառով։ Այն արժեքավոր է այն պատճառով, որ նրա շուրջ կառուցվել է ցանկությունների ամբողջ նյարդային ցանց։ Այդ ցանցը կապում է հիշողությունը, ինքնությունը, կորուստը, հույսը, վախը և պատկանելությունը մեկ ամբողջության մեջ։ Մարդն այլևս չի պաշտպանում տարածքը միայն այն պատճառով, որ այնտեղ է ապրում։ Նա ապրում է այնպես, ինչպես տարածքն արդեն սովորեցրել է նրան ցանկանալ։ Այստեղ է պատերազմի ամենախորը հաղթանակը։ Նա չի ստիպում մարդկանց քայլել։

Նա փոխում է այն ուղղությունը, որը մարդիկ անվանում են «իմ ցանկությունը»։ Եվ երբ այդ փոփոխությունը ավարտվում է, մակաբույծը գրեթե անտեսանելի է դառնում։ Օրգանիզմն արդեն ինքն է պաշտպանում այն համակարգը, որը վերաձևավորել է իր ցանկությունները։ Հենց այդ պատճառով տարածքը չի կարելի հասկանալ որպես ֆիզիկական տարածություն։

Այն օրգանիզմի նյարդային համակարգն է, որի միջոցով պատերազմը սովորում է շարժել ամբողջ մարմինը՝ առանց երբևէ դիպչելու նրա մկաններին։

գլուխ 3

իմունային համակարգ

Օրգանիզմները որոնում են։

Ոչ սնունդ։

Ոչ ընկեր։

Թշնամի։

Իմունային համակարգը չի կարող գոյություն ունենալ առանց տարբերակելու։ Նա ամեն վայրկյան տալիս է նույն հարցը.

«Սա մե՞րն է, թե՞ օտարը»։

Առանց այդ հարցի օրգանիզմը երկար չի գոյատևի։ Բայց յուրաքանչյուր համակարգ ունի իր ամենավտանգավոր հնարավորությունը։ Նրան կարելի է սովորեցնել սխալ ճանաչել։

Ոչ թե կուրացնել։

Ավելի արդյունավետ է փոխել ճանաչման կանոնները։

Այդ ժամանակ օրգանիզմը սկսում է իր բոլոր գործողությունները կատարել ինքնուրույն։ Նրան այլևս հրամաններ պետք չեն։ Բավական է, որ նա ճիշտ պահին ճանաչի «օտարին»։ Հենց այստեղ է պատերազմի ամենախորը քաղաքական հայտնագործությունը։ Պատերազմը չի ստեղծում միայն զինվորներ։

Նա ստեղծում է իմունային համակարգեր։

Նա մարդկանց չի սովորեցնում միայն կռվել։

Նա նրանց սովորեցնում է ճանաչել։

Տարբերել։

Անմիջապես արձագանքել։

Մինչև մտածելը։

Թշնամին հենց այս ճանաչման արդյունքն է։

Նա առաջին հերթին մարդ չէ։

Նա գործառույթ է։

Նա անհրաժեշտ է ոչ այնքան պատերազմի համար, որքան այն համակարգի համար, որը ցանկանում է մշտապես պահպանել սեփական լարվածությունը։ Եթե վտանգը ամբողջությամբ անհետանա, իմունային համակարգը կսկսի հարցեր տալ։ Իսկ հարցերը պատերազմի ամենասիրելի միջավայրը չեն։ Այդ պատճառով պատերազմը հազվադեպ է ձգտում վերջնական հաղթանակի։ Վերջնական հաղթանակը չափազանց վտանգավոր է։ Այն վերացնում է այն տարբերությունը, որի շնորհիվ ամբողջ համակարգը շարունակում էր աշխատել։ Թշնամին պետք է գոյություն ունենա։ Բայց երբեք ամբողջությամբ չոչնչացվի։ Նա պետք է բավական մոտ լինի, որպեսզի վախեցնի։ Բայց բավական հեռու, որպեսզի շարունակի գոյություն ունենալ։ Այսպիսով պատերազմը չի պահպանում թշնամուն։ Պատերազմը պահպանում է տարբերությունը։

«Մենք»։

«Նրանք»։

Այս երկու բառերի միջև է ապրում նրա ամբողջ կենսաբանությունը։ Այստեղ է ծնվում նաև ինքնությունը։ Սովորաբար ինքնությունը ներկայացվում է որպես պատկանելություն։

Որպես մշակույթ։

Որպես պատմություն։

Սակայն այդ պատկերացումը չափազանց հանգստացնող է։ Ինքնությունը նախ և առաջ ճանաչման ռեժիմ է։ 

Այն որոշում է ոչ միայն, թե ով եմ ես։

Այլ նաև, թե ում չեմ կարող լինել։

Այդ պատճառով ինքնությունը միշտ աշխատում է բացասական սահմանների միջոցով։ Նա սահմանում է իրեն այն ամենի օգնությամբ, ինչը հայտարարում է օտար։ Այստեղ թշնամին դադարում է արտաքին դեմք լինելուց։ Նա դառնում է հայելի։ Սակայն դա սովորական հայելի չէ։ Որքան երկար ես նայում այդ հայելուն, այնքան ավելի վստահ ես դառնում, թե գիտես, ով ես։ Մինչդեռ իրականում դու սովորում ես միայն, թե ում պետք է մերժես։ Հենց այս պատճառով պատերազմը երբեք չի սահմանափակվում մարտադաշտով։ Նա տեղափոխվում է լեզվի մեջ։ Դասագրքերի մեջ։ Ընտանեկան պատմությունների մեջ։ Հիշողության մեջ։ Նույնիսկ լռության մեջ։շԱյնտեղ, որտեղ թշնամին այլևս անձ չէ, այլ ինքնաբերաբար ճանաչվող պատկեր։

Այս իմաստով հայ-ադրբեջանական հակամարտությունը հետաքրքիր է ոչ միայն որպես պատմական հակամարտություն, այլ որպես օրինակ, որտեղ պատերազմի իմունային տրամաբանությունը դառնում է տեսանելի։ Այստեղ ինքնությունը, հիշողությունը, տարածքը և թշնամու կերպարը չեն գործում առանձին։ Դրանք մեկ կենսաբանական համակարգի տարբեր օրգաններ են, որոնք փոխադարձաբար ապահովում են միմյանց գոյությունը։

Մակաբույծի վերջնական հաղթանակը երբեք օրգանիզմի մահը չէ։

Իրական հաղթանակը գալիս է շատ ավելի ուշ։

Այն օրը, երբ օրգանիզմն արդեն ինքն է պաշտպանում այն կառուցվածքը, որը տարիներ շարունակ փոխել է իր ցանկությունները, իր հիշողությունը և իր ճանաչումը։

Այդ պահին մակաբույծն այլևս գրեթե անտեսանելի է։

Նա այլևս որևէ բան չի հրամայում։

Օրգանիզմն արդեն ինքն է շարունակում նրա աշխատանքը։

թեզեր

  1. Պատերազմը իրադարձություն չէ, այլ նորմատիվ միջավայր, որի ներսում սոցիալական իրականությունը դառնում է կառավարելի։
  2. Պատերազմը չի սկսվում և չի ավարտվում․ այն փոխում է իր ձևերը՝ ռազմականից դիսկուրսիվ, ֆիզիկականից սիմվոլիկ։
  3. Խաղաղությունը պատերազմի հակադիր վիճակ չէ, այլ նրա ինստիտուցիոնալացված տարբերակը։
  4. Էթնիկ ինքնությունը բնական պատկանելիություն չէ, այլ քաղաքական տեխնոլոգիա, որը պարզեցնում է իրականությունը և թույլ է տալիս մոբիլիզացիա։
  5. Ինքնությունը չի պաշտպանում սուբյեկտին պատերազմից, այլ ներգրավում է նրան պատերազմի նորմատիվ ռեժիմի մեջ։
  6. Տարածքը հող չէ, այլ ցանկության կոդավորված ձև, որտեղ ինքնությունը կանգ է առնում և դառնում պարտադիր։
  7. Տարածքի սրբացումը քաղաքական գործողություն է, որը վերացնում է այլընտրանքային պատկերացումները։
  8. Հիշողությունը անցյալի պահպանում չէ, այլ ներկայի կառավարում և ապագայի սահմանափակում։
  9. Հիշողությունը գործում է ընտրողականության և կրկնության միջոցով՝ արտադրելով ոչ պատմություն, այլ պարտք։
  10. Ցավը և կորուստը հիշողության մեջ չեն սպառվում, այլ վերարտադրվում՝ որպես ինքնության հաստատման միջոց։
  11. Թշնամին մարդ չէ, այլ ֆիգուր, որի գործառույթը պատերազմի շարունակականության ապահովումն է։
  12. Թշնամին պետք է մշտապես գոյություն ունենա, բայց երբեք ամբողջությամբ չհաղթվի։
  13. Պատերազմը չի բացատրվում թշնամով․ պատերազմն է արտադրում թշնամուն։
  14. Հայ–ադրբեջանական հակամարտությունը բացառություն չէ, այլ մոդել, որտեղ պատերազմի մեխանիզմները տեսանելի են առավել մաքուր ձևով։
  15. Այս մոդելում տարածքը, հիշողությունը, ինքնությունը և թշնամին միաձուլվում են ինքնաբավ կառուցվածքի մեջ։
  16. Քաղաքական որոշումները չեն լուծում կոնֆլիկտը, քանի որ կոնֆլիկտը գոյություն ունի ոչ որոշումների, այլ ենթադրությունների մակարդակում։
  17. Կոնֆլիկտը չի հիշվում, այլ օգտագործվում է՝ որպես իրականության կազմակերպման սկզբունք։
  18. Պատերազմը շահում է ոչ հաղթանակի, այլ շարունակականության միջոցով։
  19. Կոնֆլիկտի «լուծումը» սպառնալիք է ոչ թե խաղաղությանը, այլ կառավարման մեխանիզմին։
  20. Հայ–ադրբեջանական հակամարտությունը պահանջում է ոչ արդարացում կամ դատավճիռ, այլ ընթերցում՝ որպես կառուցվածք։

եզրակացություն

Չափազանց երկար մենք պատերազմները կարդացել ենք որպես պատմաբաններ։ Փնտրել ենք նրանց սկիզբը, ավարտը, պատճառներն ու հետևանքները։ Սակայն պատմությունը հիմնականում զբաղվում է իրադարձություններով։ Մինչդեռ պատերազմի ամենահաջող ձևերը վաղուց էին տեղափոխվել կենսաբանության բաժին։

Նրանք սովորել էին ոչ թե նվաճել, այլ բնակվել։ Ոչ թե ոչնչացնել, այլ վերաձևավորել։ Ոչ թե սպանել օրգանիզմը, այլ աստիճանաբար փոխել նրա ցանկությունները, հիշողությունը և ճանաչումը, մինչև օրգանիզմն ինքը սկսի պաշտպանել այն կառուցվածքը, որը բնակվել էր իր ներսում։

Գուցե մենք չափազանց երկար փորձել ենք լինել պատմաբաններ։

Ժամանակն է մի փոքր դառնալ կենսաբաններ։

Ճանաչել այն մակաբույծներին, որոնք վաղուց սովորել են ապրել լեզվի, հիշողության, ինքնության և տարածքի մեջ։