«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ինքնավնասում կատարելու հետևանքով մի քանի օր անց հիվանդանոցում մահացած դատապարտյալ Սերոբ Գևորգյանի մահվանից անցել է արդեն 4 տարի, սակայն գործը դեռևս նախաքննական փուլում է։ Մի քանի անգամ արված փորձաքննություններից հետո էլ վարույթ իրականացնող մարմինն այդպես էլ չի կարողանում պատասխանել հարցին․ եթե Սերոբ Գևորգյանը ժամանակին տեղափոխվեր հիվանդանոց, հնարավո՞ր կլիներ փրկել նրա կյանքը, թե ոչ։
39-ամյա կալանավորը 2015 թվականի ապրիլի 20-ին «Նուբարաշեն»-ում, երակները կտրելով և իրեն թուք ներարկելով, ինքնավնասվել էր։ Դեպքից միայն չորս օր անց ծայրահեղ ծանր վիճակում Գևորգյանին տեղափոխել էին «Էրեբունի» հիվանդանոց, որտեղ էլ երեք օր անց՝ ապրիլի 27-ին, նա մահացել էր: Հանգուցյալի հայրը՝ Սամվել Գևորգյանը, ավելի վաղ մեզ հետ զրույցում պնդել էր, որ որդին մահացել է բանտի ղեկավարության անտարբերության պատճառով։
Միայն հարազատների բողոքից հետո՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ)։ Հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն, որի համաձայն՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրականացվել է ոչ պատշաճ բժշկական օգնություն, թույլ են տրվել մի շարք խախտումներ:
Սակայն դրանք պատճառահետևանքային կապով կապվա՞ծ են Գևորգյանի մահվան հետ, թե ոչ, փորձագետները չեն կարողացել ասել։
«Այսինքն, եթե շուտ տեղափոխեին համապատասխան մասնագիտացված հիվանդանոց Սերոբ Գևորգյանը կապրե՞ր, թե ոչ, ոչ մի փորձագետ չի կարողանում ասել»,-այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը, որը Սերոբ Գևորգյանի իրավահաջորդի ներկայացուցիչն է։
Դրանից հետո կրկնակի և համալիր փորձաքննություններ են նշանակվել, որոնք նույնպես արձանագրել են խախտումներ, սակայն կրկին չեն գտել, թե դատապարտյալի մահը պատճառահետևանքային կապի մե՞ջ է ժամանակին հիվանդանոց չտեղափոխելու հետ, թե ոչ։
«Իսկ համապատասխան մեղադրանք առաջադրելու համար պատճառահետևանքային կապը պարտադիր է։ Այսինքն՝ այդ գործողությունները մահվա՞ն են հանգեցրել, թե ծանր հետևանքների, փորձագետը չի կարողանում տալ։ Ես գտնում եմ, որ պատճառահետնքային կապ չէր կարող չլինել», -ասել է Զալյանը։
«Ինչպես այսօր, այնպես էլ 2015 թվականին, կարող եմ պնդել, որ եթե մեր միջնորդությունները չլինեին, երևի ոչ մի գործողություն էլ չէին անի այս գործով։ Այսինքն՝ ստացվում է այնպես, որ եթե տուժողի իրավահաջորդը քննիչին չի բզում, ասում՝ գնա, այս ապացույցը ձեռք բեր, չի միջնորդում, որ գնա այս կամ այն գործողությունը անի, գործը կարող են կասեցնել և կարճել»։
Զալյանը նշել է, որ Սերոբ Գևորգյանի գործը փայլուն վկայությունն է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժշկական որակի մասին․ «Եվ վերջին դեպքն էլ վկայում է (նկատի ունի Մհեր Եղիազարյանի գործը-խմբ․), որ Հայաստանում չկա պատժելիության և պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը։ Մեկը մեկին չի ուզում նեղացնի, մեկը մեկի արածի նկատմամբ «վատ բշժկական» եզարկություն տա։ Վատ մասնագետը շարունակում է աշխատել՝ գիտակցելով, որ պատասխանատվության հարց չի լինի»։
(Լուսանկարում Սերոբ Գևորգյանի հայրը՝ Սամվել Գևորգյանը)