39-ամյա կալանավոր Սերոբ Գևորգյանը, 2015 թվականի ապրիլի 20-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում երակները կտրելով և իրեն թուք ներարկելով, ինքնավնասվել է։ Դեպքից միայն չորս օր անց ծայրահեղ ծանր վիճակում Գևորգյանին տեղափոխել են «Էրեբունի» հիվանդանոց, որտեղ էլ երեք օր անց՝ ապրիլի 27-ին, նա մահացել է: Հանգուցյալի հայրը՝ Սամվել Գևորգյանը, պնդում է՝ որդին մահացել է բանտի ղեկավարության անտարբերության պատճառով։
«Մարդ ա, հո իր չի՝ կորավ-կորավ։ Մեկը պետք է պատասխան տա որդուս մահվան համար։ Բանտը պարտավոր էր հոգար որդուս առոջությունը», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Գևորգյանի հայրը։ Վերջինս պատմել է, որ դեպքից օրեր առաջ որդու կինը ցանկացել է բանտում ամուսնուն հեռախոս փոխանցել․ «Էդ տալուց բռնվել ա, նեղվել ա երևի ու վենեքը փրթել ա»։
Հոր խոսքով՝ դեպքից հետո Գևորգյանը զանգահարել է տուն և ասել, որ իրեն վատ է զգում, իսկ բանտում ոչ մի օգնություն ցույց չեն տալիս։ Վերջինս հորդորել է հորը դիմել ՄԻՊ գրասենյակ և հայտնել իր վիճակի մասին։ Այնտեղ, Գևորգյանի հոր համաձայն, վստահեցրել են, որ իրենք արդեն բանտի ղեկավարությանը տեղյակ են պահել կալանավորի վիճակի մասին և անպայման բժշկական օգնություն ցույց կտան։
«Հետո տղայիս հետ եմ խոսում, ասում ա՝ պա՛պ, ոչ մի բան էլ չեն արել, պա՛պ ասում ա՝ մեռնում եմ ցավից, վատանում ա վիճակս», – պատմել է Գևորգյանը։
Դրանից հետո մի քանի օր Գևորգյանը այլևս տուն չի զանգահարել, ապա «Էրեբունի» հիվանդանոցից նրանց հայտնել են, որ Գևորգյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Այնտեղ հարազատներին ասել են, որ հիվանդի վիճակը կայուն է, սակայն թույլ չեն տվել այցելել նրան՝ պատճառաբանելով, որ քանի որ Գևորգյանը կալանավոր է, ոստիկանության բաժանմունքից համապատասխան թուղթ պետք է ներկայացնեն։
«Ասացի՝ խնդրում եմ, քույրն եմ, գոնե հեռվից, ձեր ձեռքը բռնած տեսնեմ նրան մինչև բերդից կամ վարչությունից վերցնեմ թուղթը, ասացի ծնկի գամ, ասացին, չէ, հնարավոր չէ։ Ինձ ասացին՝ գնացեք տուն, ուտելիք բերեք, լավ ա ինքը», – Epress.am֊ին պատմել է Գևորգյանի քույրը՝ Քնարիկ Գևորգյանը՝ պնդելով, որ իրենց տուն գնալուց հետո մի քանի ժամ անց հիվանդանոցից ասել են, որ Գևորգյանին արդեն տեղափոխել են դիահերձարան։
«Փաստորեն, բժիշկը ինձանից ուտելիք ա ուզում, ասում է՝ վիճակը կայուն ա, բայց իրանք ինձ խաբեցին», – ասել է Գևորգյանի քույրը։
Երբ մահացած դատապարտյալի հայրը դիմել է վարույթն իրականացնող մարմնին՝ իր որդուն տուժող, իսկ իրեն տուժողի իրավահաջորդ ճանաչելու հարցով, իրենց տեղեկացրել են, որ գործ չեն հարուցելու։
«Ասացին, որ իր անփութությունից է, պատասխանատվություն չկա, գործ հարուցելու բան էլ չկա», -պատմել է Գևորգյանը։
Համաձայն փորձագետի՝ Գևորգյանը կտրել է երակները և այնուհետև գրիչի միջուկով թուք է ներարկել իրեն։
«Էդ հնարավոր բան չի։ Իմ կարծիքով՝ տղես ներարկիչով ա արել։ Դե հսկիչներն էլ պահանջել են, որ ասի՝ ով ա ներակրկիչը տվել։ Նրանք [հսկիչները-խմբ․] էլ հետը ինադ են ընկել, թողել են էնքան ժամանակ, մինչև որ ցավը ստիպի, որ ասի՝ ումից ա վերցրել։ Դրանից հետո նրանք նոր ինչ-որ օգնություն ցույց կտան կամ պատժամիջոց կսահմանեն։ Դե ինքը չի ասել, դրանք էլ օգնություն ցույց չեն տվել», – պատմել է մահացած կալանավորի հայրը։
Նա պնդում է, որ որդու մահվան ողջ պատասխանատվությունը ընկնում է բանտի վարչակազմի վրա։ Գևորգյանի խոսքով՝ ՔԿՀ֊ի հերթապահները և բժիշկները չեն օգնել որդուն։
«Ծայրահեղ դեպքում տեղափոխել են ՑԲ («Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ ֊ խմբ․), բայց էնքան բարդ է եղել վիճակը, որ այնտեղ հրաժարվել են իրենց վրա վերցնեն պատասխանատվությունը և տարել են «Էրեբունի» հիվանդանոց։ Իսկ այնտեղ էլ պարզ չի՝ ինչ չափով են օգնել նրան», – նշել է Գևորգյանը։ Զրույցի մասնակից մյուս հարազատները՝ կալանավորի մայրը և քույրը, բացի բանտի ղեկավարությունից՝ Գևորգյանի մահվան մեջ մեղադրում են նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնի աշխատակիցներին։
«Երբ ես անատոմիկում տեսա որդուս ձեռքը՝ բինտով փաթաթած, հասկացա, որ բինտը բերված օրվանից չի փոխվել հիվանդանոցում։ Մենակ եթե ես էդ բինտը հանեի [դիահերձարանից դուրս] կամ նկարեի, իրանց համար էդ մեծ չեպե էր», – ասել է հանգուցյալի մայրը՝ Անժելա Ավետիսյանը։
Միայն հանգուցյալ կալանավորի հարազատների բողոքից հետո՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ)։ Հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի համաձայն՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրականացվել է ոչ պատշաճ բժշկական օգնություն, թույլ են տրվել մի շարք խախտումներ:
Մանրամասները՝ տեսանյութում․