Էդգար Մինասյանի՝ ռեփեր Սնեյքի, հերթական դատական նիստը հուլիսի 25-ին կրկին հետաձգվեց, այս անգամ՝ դատախազի և դատապաշտպանի դատարան չներկայանալու պատճառով։ Մինասյանը, ում 2016 թվականին մեղադրանք է առաջադրվել «իրացնելու նպատակով թմրամիջոցների շրջանառության» հոդվածով, հացադուլ է հայտարարել՝ պահանջելով վերջապես կայացնել դատավճիռը, որը երեք տարի շարունակ ֆորմալ կամ չհիմնավորված պատճառներով հետաձգվում է։ Սնեյքն ամբողջ այդ ընթացքում գտնվում է Նուբարաշենի բանտում։
«Բռնել են ու բրախել»
Սնեյքի գործով քննիչը, դատախազը ու դատավորը, կարծես, այդքան էլ հետաքրքրված չեն։ Սնեյքն ասում է՝ սկզբնաշրջանում ավելի խանդավառ էին․ համոզում էին ինչ-որ մեկին մատնել և չհեռանալու մասին ստորագրությամբ դուրս գալ։ «Գործ տալու» տարբերակը քանի որ չաշխատեց, գործը հայտնվեց պահոցում․ հիմա իներցիայով ձգձվում է։
Վերջին նիստը, օրինակ, պետք է կայանար հուլիսի 25-ին։ Չկայացավ. դատախազն և հանրային պաշտպանը չէին եկել։ Դատավոր Գագիկ Պողոսյանը հայտարարեց, որ նիստը հետաձգվում է մեկ ամսով: Սնեյքը հայտարարեց, որ հացադուլ է սկսում․ ինչքա՞ն կարելի է հետաձգել։
Նախորդ նիստը՝ հուլիսի 14-ին, ի տարբերություն վերջինի, կայացավ։ Տևեց մոտավորապես յոթ րոպե, որոնցից երկուսը դատավոր Պողոսյանը ծախսեց Epress.am-ի լրագրողին նկատողություններ անելու վրա․ տեսախցիկի հայտնվելուց անմիջապես հետո ընդհատեց նիստը, պահանջեց ներկայանալ և անհապաղ դադարեցնել տեսաձայնագրությունը։ Վերջում հարցրեց՝ արդյոք որևէ բան նկարվել է․ «Եթե նկարել ես և եթե նկարածդ ինչ-որ տեղ հայտնվի, անհետևանք չի մնա» [նիստի մեկնարկից առաջ դահլիճում դատավորի, դատախազի և հանրային պաշտպանի մտերմիկ զրույցը, որի ընթացքում, կարծես, որոշվեց հետաձգել նիստը, ամեն դեպքում, չէր նկարահանվել]։
Հետո դատավոր Պողոսյանը հայտարարեց, որ նիստը հետաձգվում է և կկայանա հուլիսի 25-ին։ Հուլիսի 25-ի նիստը, ի դեպ, հետաձգվեց մինչև օգոստոսի 23։ Մոտավորապես այդպես է անցնում Սնեյքի դատավարությունը։
Երեք տարվա անորոշ կալանավորման ընթացքում Սնեյքն, ի դեպ, մի քանի անգամ (ընկերների միջոցով) դիմել է իրավապաշտպաններին։ Եթե ընդհանրացնենք՝ բոլորը ցրել են, վճարովի փաստաբանի փող չկա, գործը մնացել է հանրային պաշտպանի հույսին։ Հանրային պաշտպանն էլ դատավորի ու դատախազի պես. Էդգարի խոսքով՝ այնպես չէ, որ ոչինչ չի անում, բայց այնպես էլ չէ, որ ինչ-որ բան անում է։ Սնեյքն ասում է՝ իրավապաշտպանների մերժումը կարելի է հասկանալ․ մարիխուանայի գործը ո՞ւմ համար է պատվաբեր եղել, որ հասարակական կազմակերպությունների համար լինի։ Համ էլ՝ քաղաքական չէ այն իմաստով, որով ընդունված է հասկանալ քաղաքականը։ Հանրային պաշտպանի անգործությունն է՛լ, ասում է, կարելի է հասկանալ․ փոքր աշխատավարձի դիմաց հազար ու մի գործ է վարում, վիզ դնելու համար ոչ ժամանակ ունի, ոչ հավես։
Մի խոսքով՝ դատական նիստերը, որոնք հիմնականում կրում են ձևական բնույթ, ձգձգվում են երեք տարի, ծերը դեռ չի երևում։ Պարզ չէ՝ կարդարացնեն, թե ոչ։ Համաներման տակ էլ, դատավճռի բացակայության պատճառով, Սնեյքը չընկավ։ Հացադուլն ընթացքի վրա ազդելու վերջին միջոցն է։ Սնեյքն ասում է՝ հույս ունի, որ ինչ-որ որոշակիություն կմտնի գործի մեջ, թե չէ բռնել են ու բրախել։
«Ի՞նչ խնդիր է լուծել իմ կալանավորումը»
Սնեյքին բռնել են 2015 թվականին։ 14.39 գրամ մարիխուանան, որը առգրավվել է նրա մոտից, ըստ քրեական գործի, Էդգար Մինասյանը քաղելու միջոցով ձեռք է բերել «Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Կուլտուրայի տան մոտակայքում գտնվող հողատարածքից»։ Սնեյքը չի հերքում․ «Ամենասկզբից ասել եմ, որ Կուլտուրայի տան ետնամասի դաշտից եմ քաղել։ Քանի որ ոչ մի այլ բան ոստիկաններն ինձնից կորզել չէին կարող, առգրավեցին հեռախոսս և հարցաքննության կանչեցին բոլորին, ում հետ վերջին շրջանում հեռախոսազրույց եմ ունեցել։ Հարցաքննությունները ոչինչ չտվեցին։ Քննիչը գործերս փակելուց նշեց 266 հոդվածի 2-րդ մաս (շրջանառություն իրացնելու նպատակով)` 5-10 տարի, բայց դատավոր Գագիկ Պողոսյանը խափանման միջոցն ընտելիս փոխեց 268 հոդվածի 2-րդ մասի (շրջանառություն առանց իրացման նպատակի)՝ մինչև 3 տարի, և չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ արձակեց ինձ»։
Մոտ կես տարի անց ոստիկանությունը բերման է ենթարկել Սնեյքի հարևան Արսեն Վարդանյանին, ում «տաբատի գրպանից» առգրավվել է «0.9 գրամ հաստատուն քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց»։ Ձերբալվելուց առաջ Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել Մինասյանի հետ, ինչը հիմք է հանդիսացել Սնեյքին նույն գործի մեջ ներքաշելու համար։ Արսեն Վարդանյանը ցուցմունք է տվել՝ նշելով, որ իր մոտից առգրավված մարիխուանան նա ձեռք է բերել Էդգար Մինասյանից։
Սնեյքն ասում է, որ Արսենը գրել է այն, ինչ իրենից պահանջել են։ Վախեցրել, համոզել կամ ստիպել են այնպես, ինչպես համոզում և ստիպում էին նաև իրեն։ Ասում է՝ գործ տալը միջոց է պլստալու համար։ Արդյունքում՝ Սնեյքին կալանավորել են։ Նրա խոսքով՝ իրացման մասով միակ ապացույցը Արսենի վկայությունն է։ Ասում է՝ գուցե, դա պատճառներից մեկն է, որ դատավճիռը մինչև հիմա ձգձգվում է․ «Մեկ մարդու ցուցմունքի հիման վրա մի տուփ մարիխուանայի համար, որը զարգացած աշխարհում թմրամիջոց նույնիսկ չի համարվում, այլ՝ բժշկական բույս, պրեպարատ, ես արդեն երեք տարի նստել եմ ու չգիտեմ՝ դեռ ինչքան կնստեմ։ Մարդ ծեծելու կամ անզգուշությամբ մարդ սպանելու համար ավելի քիչ են տալիս»։
Սնեյքն ասում է՝ եթե փող ու կապեր ունենար կամ թեկուզ մեկի վրա գործ տար, երևի այս երեք տարին էլ չնստեր։ Ասում է՝ Հայաստանում թմրանյութերի շուրջ խոսակցություն չկա։ Որոշ մարդիկ սուսուփուս քավության նոխազ են դառնում, իսկ խնդիրը տեղից չի շարժվում։ Այսինքն՝ չկան համակարգային լուծումներ, չկա գաղափարական քննարկում, որը ժամանակին եղել է այն երկրներում, որոնք ապաքրեականացրել են պլանը։
«Ո՞վ պետք է որոշի, թե ու՞մ գիտակցությունը պետք է փոխվի և ինչպես։ Ո՞վ է դա վերահսկում։ Ո՞վ է որոշում, գիտակցության փոփոխության որ ձևերն են թույլատրելի։ Ալկոհոլը նույնպես փոխում է մարդու գիտակցությունը, բայց ազատ վաճառվում է ցանկացած մթերային խանութում։ Ինչպե՞ս է դա որոշվել։ Ոչ ոք իրավունք չունի որոշելու, թե ինչ փոփոխություններ տեղի կունենան ազատ մարդու նյարդային համակարգում կամ մարմնում։ Ի՞նչ խնդիր է լուծել իմ կալանավորումը, ո՞ւմ է օգնել»։
Էդգար Մինասյանի հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 23-ին, ժամը 12:00-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընհանուր իրավասության դատարանի համար 1 նիստերի դահլիճում։