Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ 25-ամյա Աննա Հովսեփյանը, որը առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել ընկերոջը՝ Գևորգ Մելիքբեկյանին մարիխուանա հյուրասիրելու մեջ, այսօր Վերաքննիչ դատարանում միջնորդել է հրավիրել և հարցաքննել Մելիքբեկյանին։
Հովսեփյանը չի ընդունում մեղադրանքը։ Նա անցած նիստին հայտարարել է, որ մարիխուանան պատկանել է Մելիքբեկյանին, նա է իրեն հյուրասիրել, և վերջինս իրեն սպառնացել է սպանել՝ ստիպելով իր վրա վերցնել կատարվածը, քանի որ, ըստ Մելիքբեկյանի, լինելով հղի և երկու մանկահասակ երեխաների մայր, Աննան կարող էր հեշտությամբ խուսափել ազատազրկումից։ Սակայն առաջին ատյանի դատարանը կնոջը դատապարտել է 3 տարի 1 ամսվա ազատազրկման։ Մելիքբեկյանն ազատվել է պատասխանատվությունից և գործով անցել է որպես վկա։
Դատարանին իր միջնորդությունը հիմնավորելով՝ Աննա Հովսեփյանն ասել է․ «Ուզում եմ Գևորգը գա, ցուցմունք տա, քանի որ ասում էր՝ ինչ ասել են, էդ էլ գրել եմ։ Ուզում եմ հարցնել՝ ով ինչ է ասել, որ սենց արեց»։
Դատարանը բավարարել է միջնորդությունը։ Գևորգ Մելիքբեկյանը որպես վկա ցուցմունք կտա հաջորդ նիստին՝ մայիսի 2-ին։