Ապրիլի 4-ին Ազգային ժողովի շենքի դիմաց ի նշան բողոքի պառկած ինժեներ, միայնակ բողոքի ցույցերով հայտնի Վարդգես Գասպարիի «Մի խաբեք մեզ և ձեզ» կոչն, առաջին հերթին, վերաբերում է իրավապաշտպաններին, երկրորդ՝ արդարադատության նախարարին, ավելի քիչ՝ կալանավայրերի վարչակազմերին։ Այս մասին նա պատմում է Factor.am-ի կողմից պատրաստված տեսանյութում։
Նա խոսում է փակ համակարգերում՝ բանակում, և հատկապես իրեն ծանոթ կալանավայրերում մարդու կյանքի և արժանապատվության նկատմամբ կոպտագույն ոնձգությունների, ինչպես նաև սպառնալիքների և սպանությունների մասին, որոնք վարչակազմն, ըստ նրա, որպես շահագրգիռ կողմ խնամքով թաքցնում է։
Գասպարիի գնահատմամբ՝ կալանավայրերն ամբողջությամբ հանձնված են «զոն նայողներին», իսկ իրավապաշտպանները, Մարդու իրավունքների պաշտպանը և դիտորդները, որոնք լիազորված են կալանավայրեր այցելել, աչք են փակում այս ամենի վրա․ «Հիմա էս ժողովում տեսեք՝ ինչերի մասին, ամենաածանցյալ հարցերի մասին ա խոսվում, բայց մարդու կյանքի և արժանապատվության իրավունքի մասին այնտեղ ոչ մի խոսք չի լինելու»։
«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Թագուհի Ղազարյանը «Ֆեյսբուք» սոցցանցի միջոցով հայտնել է Գասպարիի հետ իր զրույցի մասին։ «Առաջարկեցի պարոն Գասպարիին գալ և այսօրվա խորհրդարանական լսումների շրջանակում խոսել այդ մասին ԱԺ ամբիոնից։ Պարոն Գասպարին ասաց, որ այսօր իր առաքելությունը խոսելը չէ, այսօր իր առաքելությունը ակցիա իրականացնելն է, և խնդրեց հարգել իր որոշումը։
Պայմանավորվել ենք առաջիկա օրերին հանդիպել և ավելի մանրամասն զրուցել իրեն հուզող խնդիրների մասին»։
Լուսանկարը՝ Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից
Կից նյութեր՝
Բանտում նորեկը չունի կյանքի իրավունք․ Գասպարին ՔԿՀ֊ից գրություն է փոխանցել
Վարդգես Գասպարին՝ բանտի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)