Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մտերիմները սպառնացել են քաղաքացիական ակտիվիստ, ինժեներ֊գործարար Վարդգես Գասպարիին և փորձել խլել իր հեռախոսը։ Չնայած Գասպարիի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսագրությանը, Դատախազությունը հերքում է այդ տեղեկատվությունը։
Մայիսի 24-ին Գասպարին Արթուր Դավթյանի 17-րդ թաղամասում գտնվող տան դիմաց բողոքի ակցիա է արել՝ հիշեցնելով Մարտի 1-ի զոհերի, որպես «հաց բերող» հայտնի Արթուր Սարգսյանի մասին։ Նա պնդել է, որ Դատախազությունը պաշտպանում է մարդասպանների շահերը։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Գասպարին։
Նրա խոսքով՝ որոշ ժամանակ անց Դավթյանը դուրս է եկել տանից և մեքենայով հեռացել, որից հետո 5-6 հոգի են մոտեցել իրեն և սկսել են սպառնալ։
«Նրանք մոտեցան ինձ, ասացին՝ դե էս մարդը ի՞նչ անի։ Մի՞թե չգիտեք ամեն ինչը վերևից է գալիս։ Դե Մարտի 1-ն էլ, որ ասում եք, իրանից առաջ քանի դատախազ է եղել, նրանք ի՞նչ են արել, որ ինքն էլ անի», -պատմել է Գասպարին։
Վերջինս առաջարկել է նկարահանել իրենց զրույցը, սակայն Գասպարիի խոսքով, տղամարդիկ իրեն սպառնացել են․ «Թե, չէ, մի նկարի։ Երբ ուզում էի նկարեի, էդ մարդը նախ հարվածեց ձեռքիս, հետո հեռախոսս ճանկեց, ուզում էր քաշել, հետո սկսեցին գոռգոռալ։ Ամենաագրեսիվը հենց նա է եղել, ում նկարել էի։ Ասում էր՝ կտամ, հեռախոսդ կջարդեմ․․․Ամենահետաքրքիրն այն է, որ դա արվում է այսօր՝ նոր իշխանության պայմաններում։ Եվ այն, ինչ միշտ արել են, հիմա էլ շարունակում են իներցիայով անել Գլխավոր դատախազի մտերիմները»։
Վարդգես Գասպարիին սպառնացող մարդը
Epress.am-ը կապ է հաստատել Գլխավոր դատախազության հետ։ Լրատվության հետ կապերի բաժնից խնդրել են սպասել, որ ճշտեն կատարվածի իսկությունը։ Մի քանի րոպե անց զանգահարել են և հայտնել, որ հերքում են․ «Նման բան տեղի չի ունեցել»։