«Նուբարաշեն» բանտի մի խումբ կալանավորներ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակ են գրել՝ նշելով, որ ազատազրկված անձանցից տարբեր պատրվակներով պարբերաբար խոշոր չափի գումար է շորթվում։
Նամակում ազատազրկվածներն անդրադառձել են քրեակատարողական բոլոր հիմնարկներին՝ բացառելով միայն «Վարդաշենը»։
«Անխտիր բոլոր խցերից (բացի զրոների մի քանի խցերից) ամսական ամեն մեկը պարտադիր, անկախ սոցիալական վիճակից տալիս է 30-50 (փողատերերից կրկնակի) հազար դրամ, որից 15-25 հազարը՝ խցի (խատա-ի ) փող, 15-25 հազարը տուպիկի (գող-ի), պալաժենու ու պետի փող, ամսական ռեժիմի փող՝ 30-50 հազար: Դեպենկա-ի փող՝ ամսվա մեջ երկու անգամ 10 հազար ու մի հատ էլ հեռախոս, թեկուզ փչացած, այնքան, որ ցուցանիշ ցույց տան վերևներում։ Այսպիսով ամեն խցից պարտադիր հավաքվում է 300-600 հազար դրամ, որն էլ կիսվում է պետի, գողի ու պալաժենեցի միջև, դե հիմա հաշվեք ինչքան խցեր կան»։
Կալանավորները նշել են, որ իրենց հայտնած տեղեկատվության իսկությունը Փաշինյանը կարող է ճշտել ԱԱԾ-ի կողմից նշանակված բանտի տեղակալից․ «Նա ձեզ կզեկուցի, իհարկե, եթե ինքը չկա այդ կոռուպցիոն սխեմայի մեջ, որն, իհարկե, խիստ կասկածելի է, հակառակ դեպքում ԱԱԾ-ի ներկայիս պետը պետք է որ տեղյակ լիներ»։
Նամակում ազատազրկվածները հիմնավորել են նաև, թե ինչու էր նախկին իշխանություններին ձեռնտու շատ կալանավորներ պահել բանտերում։ «Նուբարաշեն ՔԿՀ-ում ու ինչքան գումար է շորթվում կալանավորներից, չհաշված 200-հազար պռագոնի (խաղի) փող ամեն խցից, եթե նույնիսկ խցում գտնվում են մարդիկ, որ չեն խաղում անկախ ճնշումներից, ապա պետք ա լրացուցիչ մուծի չխաղալու համար ևս 20 հազար ու գումարեք էս ամեն ինչին խմիչքը ու նարկոտիկը, որը հասանելի է ցանկացած խցում՝ բնականաբար կրկնակի գնով, քան դրսում ա: Ամեն խուց նախատեսված ա 10-12 մարդու համար, բայց որպես կանոն բնակվում են 12-16, երբեմն էլ 18 մարդ ու բնական ա, որ քնում են հերթով: Դե հիմա բազմապատկեք խցերի թիվը հավաքվող գումարի թվով ու արդեն պարզ կդառնա թե ինչու էր նախկին իշանություններին ձեռնտու կալանավորների նման քանակը, իսկ հիմա էտ եղածին էլ գումարեք բյուջեից հատկացված ահռելի գումարները կալանավորներին՝ ըստ փաստացի կալանավորների քանակի, որը նույնպես մխսվում է ՔԿՀ-ի կողմից, որովհետև կալանավորներին հիմնականում պահում են հարազատները իրենց բերած ուտելիքներով ու դեղերով»։
Նամակում առաջ քաշված թեզերից է նաև Փաշինյանի կողմից համաներման շնորհումը․ «Ձեր կողմից նախաձեռնված և ժողովրդի կողմից մեծ խանդավառությամբ իրագործված թավշյա հեղափոխությանը սատարել են ոչ միայն քաղբանարկյալները, այլև կալանավորները ու ասեմ նաև, որ թե ԼՏՊ-ն (Լևոն Տեր֊Պետրոսյան), թե ՌՔ-ն (Ռոբերտ Քոչարյան) ամեն երկու տարին մեկ արել են համաներում։ Վերջին համաներումը եղել է 2013 թվականին ու առ այսօր կալանավորները սրտատրոփ սպասում են համաներման ու հավատացեք, որ բոլորն էլ մի մարդու նման անկախ իրենց քրեական անցյալից (եթե նույնիսկ եղել է) կկանգնեն Ձեր կողքին ու կլծվեն մեր նոր պետականության շինարարության դժվար, բայց պատվաբեր գործին»: