Home / Բանտ / Հայաստանյան բանտերում «ստավկաները» բարձրանում են, խնդիրները չեն լուծվում

Հայաստանյան բանտերում «ստավկաները» բարձրանում են, խնդիրները չեն լուծվում

Քրեակատարողական հիմնարկներում կոռուպցիայի դրսևորումները շատացել են և «ստավկաները» բարձրացել։ Եթե 2013 թվականին ՔԿՀ բուժկետում 1 ամիս գտնվելու համար կալանավորը վճարում էր 50-60 հազար դրամ կաշառք, ապա 2016 թվականին՝ մոտ 90 հազար դրամ։ Ավելացել է նոր ծառայություն․ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելու թույլտվություն ստանալու համար վճարը 200-250 դոլար է։ Բարձրացել են նաև ապօրինի կերպով բանտեր բջջային հեռախոսներ մտցնելու «սակագները»։ Եթե 2013 թվականին այդ «ծառայության» արժեքը 5-10 հազար դրամ էր, ապա 2016 թ֊ին 30-50 հազար դրամ։ Այս փոփոխությունների մասին նշված է ՔԿՀ֊ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի 2016 թվականի զեկույցում։

Հեղինակներն ընդգծում են, որ քաղաքական բանտարկյալների վրա նման գումարներ վճարելու պարտականություններն ավելի քիչ են դրվում։

Հարազատների համար ավելացել է նաև բանտարկվածներին պահելու ծախսերի բեռը։ Եթե 2013 թվականին հանձնուքի (որը հիմնականում պարունակում է սնունդ, ծխախոտ, մաքուր հագուստ) արժեքը մոտ 10-30 հազար դրամ էր, ապա հիմա՝ 30-80 հազար դրամ։ Հանձնուքը փոխանցվում է ամսական 2-4 անգամ։ Հարազատները կալանավորներին նաև փոխանցում են գումար, ընդ որում՝ դրա 10 տոկոսը վերցնում է ՔԿՀ֊ի աշխատակիցը։

«Հարցվածները նշում են, որ նման վճարումները մեղմացնում են ՔԿՀ աշխատակցի վերաբերմունքը, ինչպես նաև տալիս են որոշակի արտոնություններից օգտվելու հնարավորությունը (օրինակ՝ արտահերթ լոգանքի կամ հավելյալ զբոսանքի, ավելի մեղմ խուզարկություն անցնելու,  արգելված իրեր ունենալու, «օբշյակին» գումար տալու և այլն)», ֊ գրում են զեկույցի հեղինակները։

Ըստ զեկույցի ծանոթագրության՝ «օբշյակի» գումարն ամսական 5-10 հազար դրամ է յուրաքանչյուր անձի համար։ Այդ գումարը վճարողները հնարավորություն ունեն ազատվել թղթախաղ խաղալուց, նրանք արժանանում են ավելի մեղմ վերաբերմունքի այլ ազատազրկված անձանց և ՔԿՀ աշխատակիցների կողմից։

Այլ առումներով բանտերի հիմնախնդիրները մնացել են նույնը․ դրանք գերբնակեցված են (կան թույլատրվածից մոտ 1100 ավել բանտարկյալներ), սնունդն անորակ է, խրոնիկ հիվանդություններ ունեցողների դեղերը բերում են հարազատները, պատժից վաղաժամ ազատվելու համակարգը չի գործում։

Դիտորդները նաև արձանագրել են կոռուպցիայի դրսևորումներ, որոնք  կապված են ոչ թե բանտերի, այլ դատական համակարգի հետ։ Անկախ հանձնաժողովի կողմից վաղաժամ ազատման դրական եզրակացություն ստանալուց հետո այդ որոշումը հաստատելու համար դատարանը յուրաքանչյուր տարվա դիմաց պահանջում է 140-ից 240 հազար դրամ։