Ինչ խոչընդոտների է հանդիպում գործարարը Հայաստանում, եթե այդ գործարարը նաև ունի քաղաքացիական պատասխանատվություն: Իր փորձի մասին է պատմում գործարար, ինժեներ Վարդգես Գասպարին: Շարքի առաջին մասում նա խոսել էր Չափագիտության ինստիտուտի հետ կապված խնդիրների մասին, երկրորդ մասում անդրադարձ կատարել «հսկիչ գներին», երրորդ մասում Գասպարին պատմում է, թե ինչպես է հնարավոր կորցնել միջազգային գործընկերներին։
Մաս 3. Ինչպես կորցնել արտասահմանցի գործընկերներին
Թայվանական ամբարձիչի հեռակառավարման վահանակ մատակարարելու թենդերը շահելուց հետո՝ Վարդգես Գասպարին բախվել է մաքսային մարմինների առաջացրած խոչընդոտներին և, ի վերջո, կորցրել է վրացի գործընկերներին: Գասպարիի «ՎԱԼ Օթոմեյշն» ՍՊԸ-ն պետք է վահանակը ներմուծեր Հայաստան, մաքսազերծեր այն և արտահաներ Վրաստան:
Մինչ ամբարձիչի վահանակը Հայաստան ներկրելը՝ Գասպարին, կանխատեսելով բյուրոկրատական քաշքշուկների հավանականությունը, դիմել է Ֆինանսների նախարարություն՝ խնդրելով ասել նշված ապրանքի ներկրման ընթացակարգերը։ Գործարարի խոսքով՝ փոխնախարար Վախթանգ Միրումյանը տվել է շատ ընդհանրական պատասխան։
«Ես պատասխանել եմ՝ եղբայր, Դուք «Հայլուրին» հարցազրույց չեք տալիս, ես տվել եմ ձեզ ինվոյսը, ինձ այս ապրանքն է հետաքրքրում, ոչ թե ընդհանուր օրենքներ»,֊ դեպքի մասին Epress.am-ի հետ զրույցում պատմում է Գասպարին։
Մաքսային մարմիններից Գասպարիին պատասխանել են ավելի կոնկրետ․ այդ հեռակառավարման վահանակը Հայաստան բերելու ու հետագայում արտահանելու համար պետք է երեք թույլտվություն․ ռազմական նշանակություն չունենալու, երկակի նշանակություն չունենալու մասին եզրակացություններ և ևս մեկ փաստաթուղթ Կապի և տրանսպորտի նախարարությունից և Ազգային անվտանգության ծառայությունից, քանի որ վահանակը համարվում է «ծածկագրային սարք»։
Ըստ Գասպարիի՝ «ծածկագրային սարքեր» են բոլոր տեսակի հեռակառավարման համակարգերը, այդ թվում նաև դարպասների վահանակները, խաղալիք մեքենաների վահանակները, և դրանք մեծ քանակով կան շուկայում։ Արդյոք այդ բոլորը ներկրողները ստացե՞լ են ԱԱԾ-ի թույլտվությունը։
ԱԱԾ դիմելով՝ Գասպարին ստացել է պատասխան, որ այդ ապրանքի համար թույլտվություն չի պահանջվում։
«Այս գործընթացը տևել է 10 օր և 10 գիշեր։ Քանի որ կար (գործընկերների հետ) պայմանագրային մեծ պարտավորություն, ես մի քանի օր և գիշեր մնացել եմ մաքսատանը։ Իրենք ասել են՝ գնացեք, առավոտը կգաք, ես ասել եմ՝ չէ, ես կսպասեմ, որ հասկանան՝ դա կենսական նշանակություն ունի։ Ես պետական չինովնիկ չեմ, որ անկախ պարտավորություններից աշխատավարձ ստանամ»,֊ ասել է նա։
Ի վերջո, Գասպարին պառկել է գետնին, փակել մաքսատան պետի սենյակի մուտքը։ Եվ միայն այդ ժամանակ թույլատրել են մաքսազերծել ապրանքը։
Հեռակառավարման վահանակը Գասպարին ուշացումով արտահանել է Վրաստան, սակայն իր գործընկերներն այլևս չեն ցանկացել նրա հետ գործարքներ կնքել։