հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Առողջապահություն / Հիվանդ դատապարտյալը մահացել է ամիսների տառապանքներից հետո. նա բարձրաձայնում էր բանտային բարքերի մասին

Հիվանդ դատապարտյալը մահացել է ամիսների տառապանքներից հետո. նա բարձրաձայնում էր բանտային բարքերի մասին

Բազմաթիվ հիվանդություններով տառապող, «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ Հրաչյա Գևորգյանն այսօր երեկոյան մահացել է: Այս մասին հայտնում է դատարանում նրա շահերը պաշտպանող «Հելսինկյան ասոցացիա» իրավապաշտպան կազմակերպությունը, որը դեպքի առնչությամբ վաղը՝ 14:00-ին, Մոսկովյան 33, բն.8 հասցեում գտնվող իր գրասենյակում ասուլիս է հրավիրել:

Վերջին տարվա ընթացքում Գևորգյանը մի քանի անգամ հացադուլ էր արել՝ պահանջելով պատշաճ բուժում ապահովել: Ինչպես Epress.am-ի հետ զրույցում հայտնել է Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ Արման Վեզիրյանը, 57-օր տևողությամբ վերջին հացադուլը դատապարտյալը դադարեցրել էր մարտին:

Նշենք, որ Գևորգյանը տառապում էր քրոնիկական հեպատիտ C-ով, քրոնիկական բրոնխիտով սրացման շրջանում, Պարկինսոնի հիվանդությամբ, արտերիալ հիպերտենզիայով, ալերգիկ դերմատիտով։ Անձնական կարիքները հոգալիս նա օգտվում էր այլ կալանավորների օգնությունից։ Գևորգյանը բազմիցս բողոքել է բանտում տիրող իրավիճակից, իր նկատմամբ վերաբերմունքից, համապատասխան բժշկական օգնության բացակայությունից:

Կալանավորը նաև բաց նամակ էր հրապարակել բանտային բարքերի մասին։ Նա մի քանի անգամ բռնությունների է ենթարկվել բանտում։ Գևորգյանը նաև նշում էր, որ իր գործի քննության ընթացքում իրեն սպառնացել է բարձրաստիճան ոստիկան Արթուր Գևորգյանը։2013 թվականի վերջին՝ Հրաչյա Գևորգյանի մայրը՝ Նախշուն Ենգիբարյանը, ՀՀ նախագահի նստավայրի դիմացի մայթին ինքնահրկիզման փորձի է դիմել՝ ի պաշտպանություն որդու իրավունքների:

Հրաչյա Գևորգյանը դատարանում. 2016-ի հուլիսի 7-ին Վերաքննիչն անփոփոխ է թողել հիվանդ կալանավորի վճիռը.