Վերաքննիչ քրեական դատարանը հուլիսի 7-ին անփոփոխ է թողել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծանր հիվանդ կալանավոր Հրաչյա Գևորգյանը դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման։
Դատապարտյալը այսօրվա նիստին ներկայացել է սայլակով։ Մինչ դատը լրագրողների հարցին, թե ինչպես է իրեն զգում, Գևորգյանը մեծ դժվարությամբ կարողացել է հասկացնել, որ իր վիճակը գնալով վատանում է։ Նա նշել է, որ իրեն թույնել են․ «Եսիմ ինչ են սրսկել, որ չկարանամ ապացուցեմ, որ մեղավոր չեմ»։
Մինչև բանտում հայտնվելը Գևորգյանը առողջ էր։ Այժմ նա տառապում է քրոնիկական հեպատիտ C-ով, քրոնիկական բրոնխիտով սրացման շրջանում, Պարկինսոնի հիվանդությամբ, արտերիալ հիպերտենզիայով, ալերգիկ դերմատիտով։ Սնվելիս և անձնական կարիքները հոգալիս նա օգտվում է այլոց օգնությունից։ Մի քանի անգամ Գևորգյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով համապատասխան բժշկական օգնություն։ Սակայն նա շարունակում է մնալ բանտում՝ առանց համապատասխան օգնության։
Դատական նիստին Գևորգյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը միջնորդել է հետաձգել նիստը՝ տուժողներին «դատարանի դահլիճ բերման ենթարկելու համար»։ Պաշտպանը նման միջնորդությունը հիմնավորել է նրանով, որ առաջին ատյանի դատարանը վճիռ է կայացրել տուժողի նախաքննական ցուցմունքի հիման վրա միայն։ Նա նշել է, որ դատարանը պետք է տուժողի դատարանում տված ցուցմունքից հետո համոզվի՝ ամբաստանյալը հանցանք է կատարել, թե ոչ։ Իր պաշտպանի խոսքին միացել է նաև Գևորգյանը՝ ասելով, որ տուժողը գտնվում է Հայաստանում, և իրեն այդքան տարով դատում են միայն մի ցուցմունքի հիման վրա։
Գևորգյանին մեղադրում են «Նաիրա Հարությունյանին և նրա անչափահաս որդուն` Սուրեն Ջաբուրյանին առևանգելու» մեջ: Ըստ մեղադրականի, պատանդներին ազատելու պայմանով Գևորգյանը Հարությունյանի հորից գումար է պահանջել, որը ստանալուց հետո կնոջն ու երեխային ազատ են արձակել: Մեղադրողը պնդում է նաև, որ Հրաչյա Գևորգյանը, գտնվելով ազատազրկման վայրում, բազմիցս խոշոր չափերի գումարներ է ստացել Հարությունյանի հորից, սպառնալով հրապարակել նրա մերկ լուսանկարները։
Ավելի վաղ՝ և՛ դատարանի դահլիճում, և՛ իր պաշտպանների հետ զրույցում, Գևորգյանը նշել է, որ Հարությունյանին ինքը չի առևանգել, կնոջ հետ իրենք ունեցել են օրինական հարաբերություններ։ Անգամ Հարությունյանի որդին, Գևորգյանի պնդմամբ, իրեն «պապա» է ասել։ Գևորգյանը համոզված է, որ կինը իր դեմ բողոք է ներկայացրել, որպեսզի ինքն իր հորից գումար շորթի։ Գևորգյանի պնդմամբ, իրեն հետապնդում են, քանի որ Հարությունյանը սիրային կապ է ունեցել Աջափնյակի շրջանի նախկին քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արթուր Գևորգյանի հետ և վերջինս ամեն կերպ պաշտպանում է Հարությունյանին։ Կալանավորի խոսքերով, Արթուրը անգամ իր խուց է եկել և ասել, որ ամեն ինչ կանի նրա համար՝ իր անունը չհիշատակելու պայմանով։ Կալանավորը հրաժարվել է անել դա, ինչից հետո որոշ ժամանակ անց նրան թույնել են։