Քաղաքացի Նախշուն Ենգիբարյանն այսօր նախագահական նստավայրի դիմացի մայթին ցանկացել է ինքնահրկիզման փորձ անել։ Epress.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ թոշակառու կինը ձեռքին տոպրակով մոտեցել է Մարշալ Բաղրամյան մետրոյի կայարանի անցումին, ապա տոպրակից հանել է վառելանյութով շիշը և լուցկու տուփը, սակայն տարածքում հսկողություն իրականացնող ոստիկանները ձեռքից վերցրել են շիշն ու լուցկին, ապա շտապ օգնության մեքենա կանչել։
Այդ ընթացքում Ենգիբարյանը սկսել է պատմել, որ ինքն արդեն որևէ հույս չունի, որ պատկան մարմիններն իր դիմումներին, նամակներին պատասխան կտան, որ արդարադատություն կլինի և իր որդին, ով ավելի քան 2 տարի գտնվում է կալանքի տակ, ազատ կարձակվի:
Նա խնդրում էր ոստիկաններին վերադարձնել բենզինի շիշը՝ ասելով, որ միևնույն է՝ ինքը ինքնահրկիզվելու է, ուղղակի ցանկանում էր, որ դա «նախագահը տեսնի»:
Ծխախոտով ոստիկանը Ենգիբարյանի ձեռքից վերցնում է բենզինով շիշը
«Մի տղաս հողի տակ է, ես ավելի լավ ա մեռնեմ, քան տեսնեմ մյուս որդուս մահն էլ»,- ասում էր կինը: Ենգիբարյանը կրկնում էր, որ որդին անմեղ է, նրան դատում են, քանի որ նախկինում դատվածություն ունի։
Կնոջ խոսքերից հետո ոստիկանները նրան ուղեկցել են դեպի Բաղրամյան պողոտա ժամանած շտապ օգնության մեքենա, որը մի քանի րոպե անց հեռացել է։
Նշենք, որ Epress.am-ն ավելի վաղ մի քանի անգամ անդրադարձ է կատարել Ենգիբարյանի որդու՝ Հրաչյա Գևորգյանի դատավարությանը։
Ըստ մեղադրանքի՝ Հրաչյա Գևորգյանը և Գարիկ Հարությունյանը պատանդ են վերցրել Նաիրա Հարությունյանին, ով քաղաքացիական ամուսնության մեջ էր գտնվում Գևորգյանի հետ, նրա անչափահաս որդուն, ապա պատանդներին ազատելու պայմանով կնոջ հորից` Ս.Հարությունյանից, գումար են պահանջել, որը ստանալուց հետո ազատ են արձակել պատանդներին:
Գործը գտնվում էր Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու վարույթում, սակայն վերջերս Ռշտունին այլ աշխատանքի է անցել՝ նշանակվել է դատախազ, և արդեն մեկ ամսից ավել է՝ գործը այլ դատավորի չի հանձնվել: Այս մասին Epress.am-ին հայտնել է Հրաչյա Գևորգյանի պաշտպան Հայկ Հովհաննիսյանը:
«Արդեն գործը ավարտական փուլ էր մտել, բոլոր վկաները հարցաքննվել էին, բոլոր ապացույցները ուսումնասիրվել էին: Վերջին նիստին մեր միջնորդությամբ դատարանը դիմել էր ինտերնետի և հեռախոսների վերծանումներ ստանալու համար: Հիմա քանի որ դատավոր չկա, նիստեր չի լինում, մենք չգիտենք, այդ ապացույցները կունենաք, թե՝ ոչ: Դրանք ստանալուց և ուսումնասիրելուց հետո գուցե նոր միջնորդութուններ էլ ունենանք»,- ասել է փաստաբանը:
Հայկ Հովհաննիսյանի խոսքով՝ Հրաչյա Գևորգյանի խնամքի տակ է գտնվում մայրը, ինչպես նաև մահացած որդու ընտանիքը:
Նշենք, որ դատավարության ընթացքում վկաներից մեկը՝ Մերի Իսրայելյանը պատմել է, թե ինչպես է Նաիրա Հարությունյանի հայրն իրեն խնդրել Հրաչյա Գևորգյանի դեմ ցուցմունք տալ։