Home / Տեսանյութեր / Մեղադրյալը ՄԻՊ-ին պատմել է՝ ինչպես էր իրեն սպառնում քրեականի նախկին պետը

Մեղադրյալը ՄԻՊ-ին պատմել է՝ ինչպես էր իրեն սպառնում քրեականի նախկին պետը

Մաշտոցի ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ Արթուր Գևորգյանը 3 ամսվա ընթացքում փորձել է համոզել կալանավորված Հրաչյա Գևորգյանին չբողոքել։ Այնուհետև քրեականի նախկին պետը որոշել է սպառնալիքների գնով հասնել նրան, որ մեղադրյալը դադարի պայքարել իր դեմ հարուցված քրեական գործի անօրինականության դեմ: Այս մասին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Հրաչյա Գևորգյանը հայտնել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության դիտորդ Արման Վեզիրյանին: Գևորգյանը տեղափոխվել է հիվանդանոց նրանից հետո, երբ ի նշան բողոքի «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ասեղ է կուլ տվել։

Նա նշել է, որ այդ մասին բացահայտում է միայն հիմա՝ դեպքից ամիսներ անց, քանի որ տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» և հույս ունի, որ իր հետ հաշվեհարդար չեն տեսնի:

«Երեք ամիս շարունակ հեռախոսով Արթուր Գևորգյանը փորձում էր համոզել ինձ, հետո մի օր էլ ինձ ասեցին, որ հորեղբայրս է եկել տեսակցության, սակայն պարզվեց, որ դա Գևորգյանն է: Նա առանձնասենյակում զրուցեց ինձ հետ ու ասեց՝ նենց մի արա, որ այլ ձևերով քեզ հասկացնենք», – Վեզիրյանին պատմել է Հրաչյա Գևորգյանը:

Նախկին պաշտոնյայի և իր զրույցի մասին Հրաչյա Գևորգյանը հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներին, ովքեր իրեն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում։

Մեղադրյալին հայտնել են, որ իր խոսքերի հիման վրա ՄԻՊ գրասենյակում վարույթ է բացվել:

Հիշեցնենք, որ Գևորգյանը երկար ժամանակ պահանջում էր վիրահատել իրեն ու հեռացնել որովայնում առկա մեխը, սակայն ՔԿՀ-ի ղեկավարությունը նրա պահանջներին չէր արձագանքում։ Մեխը նա կուլ էր տվել՝ ի նշան բողոքի քննչական մարմնի գործողությունների դեմ։

Վիրահատման պահանջի հերթական դիմումը ՔԿՀ-ի ղեկավարությանը ներկայացնելիս վերջինս շեշտել էր, թե մերժում ստանալու դեպքում ասեղ է կուլ տալու, ինչն էլ հետագայում արել էր։

Epress.am-ն ավելի վաղ մի քանի անգամ անդրադարձ է կատարել Հրաչյա Գևորգյանի դատավարությանը։

Ըստ մեղադրանքի՝ Հրաչյա Գևորգյանը և Գարիկ Հարությունյանը պատանդ են վերցրել Նաիրա Հարությունյանին, ով քաղաքացիական ամուսնության մեջ էր գտնվում Գևորգյանի հետ, նրա անչափահաս որդուն, ապա պատանդներին ազատելու պայմանով կնոջ հորից` Ս.Հարությունյանից, գումար են պահանջել, որը ստանալուց հետո ազատ են արձակել պատանդներին: 

Tekali Taxi