հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Լրագրողը հրաժարվել է տեխնիկան ոստիկանների մոտ թողնել․ նրան ՀՔԾ չեն թողել

Լրագրողը հրաժարվել է տեխնիկան ոստիկանների մոտ թողնել․ նրան ՀՔԾ չեն թողել

Երեկ Հատուկ քննչական ծառայություն առերեսման հրավիրված «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի լրագրող Անի Գևորգյանին ՀՔԾ-ի անցագրային կետում արգելել են ներս մտնել այն բանից հետո, երբ պայուսակի զննությամբ պարզել են, որ նրա մոտ տեսախցիկ կա։ Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում պատմել է Գևորգյանը։

Նա նշել է, որ առերեսումը պետք է տեղի ունենար այն ոստիկանների հետ, ովքեր հարցաքննվել էին իր հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում՝ «հայտնի է, որ առերեսում նշանակվում է այն ժամանակ, երբ տարբեր մարդկանց ցուցմունքներում առկա են էական հակասություններ»։

«Ես գնացի, բայց անցագրային կետում ասացին, որ տեսախցիկով չի կարելի ներս մտնել, ես էլ ասացի, որ աշխատանքային ժամ է ու բնական է, որ աշխատանքային տեխնիկան մոտս է։ Բացի դա, նշեցի, որ նախկինում բազմիցս եղել եմ ՀՔԾ-ում, պայուսակներս մոտս են եղել, ոստիկանները միշտ էլ ստուգել են ու տեսել են, որ մոտս տեխնիկա կա, երբևէ խնդիրներ չեն առաջացրել։ Նաև շեշտեցի, որ որևէ անգամ իմ կողմից փորձ չի արվել ներսում տեսախցիկով նկարահանումներ իրականացնել, այնպես որ իրենք արգելելու հիմք չունեն։ Ոստիկանները զգուշացրին, որ կարգն է այդպիսին, ու ես ստիպված եմ տեսախցիկս իրենց մոտ թողնել, ինչից ես հրաժարվեցի։ Ես չեմ կարող վստահել ոստիկաններին այն դեպքերից հետո, երբ բերման ենթարկելուց ոստիկաններն անընդհատ տարատեսակ սպառնալիքներ էին հնչեցնում՝ քաշում տեսախցիկը, հոխորտում, թե ձեռնաշղթաներ կհագցնեն և խուզարկություն կանցկացնեն։ Խլեցին տեսախցիկը, ինչպես նաև տեսախցիկի պայուսակը, հեռախոսս, հիշողության երեք քարտերը (չիպ), իսկ վերադարձնելուց հետո պարզվեց, որ երեքն էլ դատարկ են», – նշել է լրագրողը։

Գևորգյանն ասել է, որ նույն պահին, երբ քննարկել են իր ներս մտնել-չմտնելու հարցը, առերեսման հրավիրված ոստիկանների հետ ՀՔԾ է եկել այն ոստիկանուհին, ով, իր խոսքով, տեսախցիկից գողացել էր հիշողության քարտը։

«Անցագրային կետում ծառայություն իրականացնող ոստիկանները համբուրելով բարևեցին այդ ոստիկանուհուն, պարզվեց՝ շատ ջերմ, ընկերական հարաբերությունների մեջ են։ Բնական է, որ իմ ունեցած ծանր փորձից հետո ես այդ ոստիկանների մոտ տեսախցիկ թողնել չեմ կարող», – ասել է մեր զրուցակիցը։

Գևորգյանի խոսքով՝ այնուհետ ոստիկանները զանգահարել են իր գործը վարող քննիչ Արշալույս Մինասյանին ու տեղեկացրել, որ լրագրողը հրաժարվում է իրենց հանձնել տեսախցիկը։

«Դրանից հետո քննիչը զանգահարում է ու սկսում բղավել վրաս, ինչ-որ անհեթեթ բաներ խոսել, ես էլ պահանջեցի, որ նման կերպ չխոսի հետս, ավելին, ասացի, որ եթե նման կարգ կար, ինքը պարտավոր էր ինձ տեղեկացնել։ Նաև եթե իմ աշխատանքային տեխնիկայով ներս մտնելու խնդիր կա ՝ պահանջեցի, որ այսուհետ ինձ հրավիրեն ոչ թե աշխատանքային օրերին ու ժամերին, այլ դրանից դուրս, քանի որ ես թողել էի աշխատանքս և գնացել քննչական գործողության, իսկ աշխատանքի ժամին տեխնիկաս մոտս է լինում», – պատմել է լրագրողը և հավելել, որ քննիչը պատվիրել է ներս չթողնել իրեն, ինչի արդյունքում էլ առերեսումը չի կայացել։

Վերջինս այս քայլը որակել է ՀՔԾ-ի կողմից միտումնավոր ծրագրված սադրանք, որովհետև այս ամիսների ընթացքում քննչականը ոչ մի քայլ չի արել հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

«ՀՔԾ-ի անգործությունը թույլ է տալիս ենթադրել, որ իրենք շահագրգռված չեն մեղավորներին պատժելու ու ապացույցը երեկվա միջադեպն էր, որը հատուկ արվել էր քննչական գործողությունները որոշ ժամանակով հետաձգելու նպատակով», – եզրափակել է Գևորգյանը։

Լուսանկարը՝ Անի Գևորգյանի ֆեյսբուքյան էջից