հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանտ / Բանտում մահացածի դին խոշտանգված էր, բայց գործը փակում են․ փաստաբան

Բանտում մահացածի դին խոշտանգված էր, բայց գործը փակում են․ փաստաբան

Այս տարվա ապրիլի 5-ին բանտում մահացած դատապարտյալ Հրաչյա Գևորգյանը  ֆիզիկական բռնության և խոշտանգումների էր ենթարկվում, նրա մարմնի վրա առկա են եղել բազմաթիվ վնասվածքներ, սակայն դատաբժշկական փորձաքննությունը դրանք չի արձանագրել։ Ինչպես նշել է Գևորգյանի գործով զբաղվող Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանը, այդ մասին կազմակերպության ներկայացուցիչներն իմացել են, երբ սեփական նախաձեռնությամբ հուղարկավորությունից առաջ լուսանկարել են Գևորգյանի դին։

«Նրա մարմինը խոշտանգված էր։ Վերջույթները ջարդած, ձեռքերի մատները․․․ Դեմքին բազմաթիվ վնասվածքների հետքեր։ Սրանից ավելի աղաղակող փաստ չէր կարող լինել։ Բայց այս ամենը դատաբժշկական փորձաքննությամբ չի արձանագրվել», ֊ Epress.am֊ի խմբագրությունում զրույցի ժամանակ նշել է Պապիկյանը։

Նա ասել է, որ գործի նախաքննությունն օրեր առաջ գրեթե ավարտվել է. քննիչը որոշում է կայացրել երկու մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին, և ևս մեկ որոշում՝ քննությունը կասեցնելու մասին՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի անհայտ լինելու հիմքով։

«Այսինքն՝ երեք որոշում է կայացրել, որոնք հուշում են, որ, ըստ էության, Հայաստանի պատկան մարմիններն ամեն ինչ արեցին, որպեսզի Հրաչյա Գևորգյանի մահվան վերաբերյալ ընթացող գործը փակվի։ Զարմանալի չէ, որ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել։ Անկեղծ ասած, ի սկզբանե ենթադրվում էր, որ դա այդպես կլինի։ Որպես կանոն մենք գիտենք, որ նման դեպքերում, նման գործերով գրեթե բացառված է, որ Հայաստանի իրավապահ մարմինները, քննչական մարմինները կկարողանան գտնել կամ բացահայտել, եթե իշխանությունն ինքը հատուկ շահագրգվածություն չունի մեղավոր անձ գտնելու համար», ֊ ասել է փաստաբանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Նշենք, որ Գևորգյանը տառապում էր քրոնիկական հեպատիտ C-ով, քրոնիկական բրոնխիտով սրացման շրջանում, Պարկինսոնի հիվանդությամբ, արտերիալ հիպերտենզիայով, ալերգիկ դերմատիտով։ Անձնական կարիքները հոգալիս նա օգտվում էր այլ կալանավորների օգնությունից։ Գևորգյանը բազմիցս բողոքել է բանտում տիրող իրավիճակից, իր նկատմամբ վերաբերմունքից, համապատասխան բժշկական օգնության բացակայությունից, սակայն  նրա բողոքներն անպատասխան են մնացել:

Կալանավորը նաև բաց նամակ էր հրապարակել բանտային բարքերի մասին։ Նա մի քանի անգամ բռնությունների է ենթարկվել բանտում։ 2013 թվականի վերջին Հրաչյա Գևորգյանի մայրը՝ Նախշուն Ենգիբարյանը, ՀՀ նախագահի նստավայրի դիմացի մայթին ինքնահրկիզման փորձի է դիմել՝ ի պաշտպանություն որդու իրավունքների:

Հրաչյա Գևորգյանը, ում պետական մարմինների չինովնիկները «սիմուլյանտ» անվանում, դատարանում 2016-ի հուլիսի 7-ին․