Սույն թվականի մարտի 23-ին ՀՀ Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում 1 րոպեով լսվեց իմ պայմանական վաղաժամկետ ազատման հարցը, և անկախ հանձնաժողովը տվեց եզրակացություն՝ բացասական, առանց հիմնավորելու։ ՀՀ նախագահի 31.07.2006 թվականի թիվ ՆՀ-163-Ն հրամանագրի թիվ 1 հավելվածի պահանջներով ՀՀ նախագահը հրահանգել է, որ բոլոր եզրակացությունները լինեն հիմնավորված և պառճառաբանված։ ՀՀ քրեական օրենսգրքի 76 հոդվածում հստակ գրված է դատապարտյալի վաղաժամկետ ազատման մասին։
1.Պատժի կրման ընթացքում խրախուսանքի առկայությունը։ Այո, ունեմ խրախուսանք։ Տույժի առկայությունը։ Ունեցել եմ 1 տույժ-նկատողություն, մարվել է, և դրանից հետո խրախուսանքի եմ արժանացել։
2. Պատժի կրման ընթացքում կրթական ծրագրերին, մարզական կամ մշակութային միջոցառումներին մասնակցելը։ Այո, մասնակցել եմ կրթական ծրագրերի, և տրվել է համապատասխան վկայական։
3. Պատժի կրման ընթացքում առնվազն երեք ամիս աշխատել է։ Այո, ես ներգրավված եմ չվարձատրվող աշխատանքներում օրենքով և աշխատանքի համար խրախուսվել եմ։
4. Հանցագործության բնույթը և վտանգավորության աստիճանը։ Իմ կատարած հանցանքը ոչ մեծ և միջին դասի է պատկանում, ուստի ես այնպիսի վտանգ չեմ կարող ներկայացնել։
5. Դատապարտյալի տարիքը և առողջական վիճակը։ Ես 43 տարեկան եմ, վատառողջ, աջ երիկամս հանած է, ոտքերս ուռչում են, հաշմանդամ եմ։
6. Իր կատարած հանցանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը։ Այո, զղջացել ու զղջում եմ կատարածիս համար։
7. Նրա վերաբերմունքը քրեական ենթամշակույթի նկատմամբ։ Ես զերծ եմ ու շատ հեռու եմ այդ ամենից։ Մի խոսքով, օրենքում ինչ կա, կետ առ կետ պաշտպանել եմ։ Սակայն 23.03.2018 թվականին անկախ հանձնաժողովը հետևյալ կազմով՝ հանձնաժողովի նախագահ Արամ Խաչատրյան, հանձնաժողովի անդամներ՝ Հովսեփ Փանոսյան, Սերգեյ Ղազինյան, Էլիզա Բուրջախչյան, Զինավոր Սարգսյան, Երեմիա Ասատրյան, Սերգեյ Հարությունյան, եզրակացրել են առանց հիմնավորելու տալ բացասական պատասխան։ Լավ, ի՞նչ պետք է անեմ, որ կարողանամ պայմանական ազատվել, թե՞ պիտի մեռնեմ այս կալանավայրում: Ինչքան գիտեմ, այդ (անկախ հանձնաժողովը) նախագահին առընթեր է։ Եթե նախագահին առընթեր է, ո՞նց եղավ, որ ՀՀ նախագահի հրամանները չեն կատարում: Նշանակում է՝ սա կոռումպացված բռնակալություն է, որ անգամ նախագահի հրամաններն ու խոսքը ուժ չունի։
Ես 15 տարեկանից՝ 1990-1994թթ., մասնակցել եմ ՀՀ և Արցախի ազատագրական, պաշտպանական մարտերին, որի ժամանակներում 5 անգամ վիրավորվել եմ ու դարձել հաշմանդամ։ Ես մարտնչել եմ, որ գոնե տեսնեի ազատ, անկախ Հայաստան, սակայն փաստ է, որ կոռումպացված բռնապետություն է։ Ասում են՝ դատապարտյալի վիճակը բարելավում են։ Սուտ է։ Եվրախորհուրդը միլիոնավոր եվրո հատկացրեց, որ իրենց ստեղծած օրենքն ի կատար ածեն, սակայն այդ միլիոնավոր եվրոներն իրենց նպատակին չեն ծառայում։ Ի՞նչ բարելավման մասին է խոսքը, եթե անգամ դատապարտյալի սնունդը կրճատեցին, որ դատապարտյալի ուտելիքի շնորհիվ հարստանան, անգամ դեղորայք չկա (անալգին), ցավազրկող 5 ամիս է չկա։ Մարդը մեռնի, դեղ չկա։ Սա՞ է բարելավումը:
Մի դեպք ասեմ 1993 թվականից, Սերժ Սարգսյանից։ Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի ղեկավարն էր, հարց տվեցի՝ հնարավո՞ր է, որ մեզ մոռանաք: Պատասխանեց՝ Աշոտ, ես ձեր ախպերն եմ, ձեզանից մեկը։ Բա լավ, ո՞ւր են այդ Ձեր խոսքերը: Պարոն նախագահ, Ձեր ուշադրությունն եմ հրավիրում կոռումպացված անկախ հանձնաժողովի որոշումներին, որ անգամ Ձեր խոսքը ուժ չունի, ու Ձեր հրամաններն անգամ չի կատարում Ձեզ պատկանող անկախ հանձնաժողովը։
Սյունիքի աշխարհազորի Ս.Ա 234
ազատամարտիկ Աշոտ Իսախանյան
հրապարակվել է galatv.am կայքում