Ո՞վ է պատասխանատու ծանր հիվանդ դատապարտյալ Հրաչյա Գևորգյանի մահվան մեջ, ո՞վ է բռնության ենթարկել նրան, ինչո՞ւ լիարժեք քննություն չի կատարվել նրա մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, ինչո՞ւ կալանաքի հետ անհամատեղելի Պարկինսոնի հիվանդություն ունեցող կալանավորը մնացել է բանտում, ինչո՞ւ համապատասխան բժշկական օգնություն չի ցուցաբերվել։ Այս հարցադրումները տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Նինա Կարապետյանցը և Արայիկ Պապիկյանը ներկայացրել են Շենգավիթի շրջանի առաջին ատյանի դատարան, որտեղ փետրվարի 20-ին կայացել է Գևորգյանի գործով առաջին նիստը։
«Նուբարաշեն բիզես-կենտրոն»-ի մասին բարձրաձայնող, հիվանդ կալանավոր Հրաչյա Գևորգյանը մահացել է 2017 թվականի ապրիլի 5-ին Արմավիրի բանտում։ Մահվան գործով քննությունը կասեցվել է՝ մեղավոր անձի պարզված չլինելու հիմքով, քրեական հետապնդումը դադարեցվել է։ Տուժողի իրավահաջորդները դատարանում բողոքում են Հատուկ քննչական ծառայության այդ որոշումների դեմ։
«Թերի քննություն է ընթացել, բավարար փաստեր կային, որոնց վրա քննիչը ուշադրություն չի դարձել։ Անզեն աչքով կարելի է տեսնել, թե ովքեր ինչ թերացումներ են արել», – նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Պապիկյանը։
Հրաչյա Գևորգյանը մահվանից օրեր առաջ նախ հետազոտվել է «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, որից հետո նրան դուրս են գրել և ուղարկել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Այնտեղ Գևորգյանի մոտ թեև ախտորոշվել է «հոգեկան և վարքային խանգարումներ՝ նարկոմանիայի հետ կապված» «ագրավացիայի» երևույթներ, սակայն նշվել է, որ հիվանդը ստացիոնար բուժման կարիք չունի։ Նույն օրը, պաշտպանների պնդմամբ, անօգնական վիճակում գտնվող Գևորգյանին տեղափոխել են խուց։
Արայիկ Պապիկյանը նշել է՝ այս ամենը վկայում է, որ Գևորգյանը մահացել է հենց պատշաճ բժշկական օգնություն չստանալու հետևանքով։ Նրա կարծիքով՝ պատասխանատվության պետք է ենթարկվեն և՛ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի, և՛ «Դատապարտյալների հիվանդանոց»-ի, և՛ բանտի աշխատակիցները։ Բացի դա, քրեական հետապնդում պետք է իրականացվի այն բոլոր պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությամբ տառապողին պահել են բանտում։
Ավելի վաղ մեզ հետ զրույցում Պապիկյանը նշել էր, որ իրենք հուղարկավորությունից առաջ լուսանկարել են Գևորգյանի մարմինը, որի վրա եղել են բազմաթիվ վնասվածքներ։ Քննիչը, սակայն, այդ փաստը անտեսել է։
Ինչու է նախաքննական մարմինն այս հարցերը անպատասխան թողել և ինչո՞ւ շահագրգռված չէ գործը բացահայտել. Պապիկյանի խոսքով՝ եթե փորձեն բացահայտել, տասնայակ մարդիկ՝ ՔԿՀ-ի և բուժհաստատության աշխատակիցներ, կկանգնեն արդարադատության առաջ։
Պապիկյանն ընդգծել է, որ դատապարտյալին միտումնավոր օգնություն չեն ցուցաբերել, իսկ դա կապված է թե՛ այն հանգամանքի հետ, որ Գևորգյանը բարձրաձայնում էր Նուբարաշենի բանտում տիրող բարքերի մասին, թե՛ այն փաստի, որ իր քրեական գործի հետ կապված պաշտոնյային մեղադրում էր իրեն սպառնալու և «գործ սարքելու» մեջ։
«ՔԿՀ-ն չէր կարող այդպիսի մարդու հանդուրժել», ֊ ասել է փաստաբանը։
Այսօր Գևորգյանի իրավահաջորդի պաշտպանները խնդրել են հետաձգել դատական նիստը, քանի որ իրենք չունեն գործի ամբողջական նյութերը։ Գործն այս պահին կասեցման փուլում է գտնվում, և օրենքը թույլ է տալիս քննիչին ամբողջական նյութերը չտրամադրել։
Գործով քննիչ Ա․ Ժամկոչյանը նշել է, որ կարող է նյութերի միայն մի մասը ներկայացնել, քանի որ դրանց ամբողջական հրապարակումը կարող է վնասել նախաքննությանը։
Դրան հակառակ՝ պաշտպանները դատարանում պնդել են, որ այդ դեպքում պաշտպանություն. չի կարող լիարժեք իրականացվել։
«Այս դեպքում կա օրենքի բաց։ Իրավունքի գերակայության տեսակետից պետք է ներկայացվեն այդ նյութերը, քանի որ արդեն մեկ անգամ քննիչները իրենց հայեցողությամբ եզրակացրել են, որ պետք է կասեցվի գործը։ Այսինքն՝ մեզ պետք է մի 3-րդ կողմ՝ տվյալ դեպքում դատարանը, որը պետք է գնահատի իրավիճակը և հասկանա՝ ինչքանով էր պետք գործը կասեցնել», – ասել է Նինա Կարապետյանցը։
Դատավոր Դավիթ Բալայանը քննիչ Ժամկոչյանից պահանջել է հնարավորության սահմաններում հաջորդ դատական նիստի ժամանակ ներկայացնել բոլոր այն նյութերը, որոնք հիմք են հանդիսացել քրեական հետապնդում չիրականացնել և գործի վարույթը կասեցնելու համար։
Նիստի ավարտից հետո Կարապետյանցը լրագրողներին ասել է, որ հավանաբար գործը հատուկ են կասեցրել, որ իրենց չտրամադրեն գործի ամբողջական նյութերը և ձգձգեն գործընթացը։
«Իրական ոչինչ էլ չի արվելու և ծածկադմփոց են անելու այս գործը», -ասել է փաստաբանը։