«Աբովյան» ՔԿՀ֊ում կա 7 կալանավորված կամ դատապարտված անչափահաս, որոնք մեկ տարի է զրկված են կրթություն ստանալու իրավունքից։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Զառա Հովհաննիսյանը։
«Գոյություն ունի «Հանրակրթության մասին» օրենք, որտեղ գրված է, որ Հայաստանում 12֊ամյա կրթությունը պարտադիր է և անվճար։ Մենք դիմել ենք վարչություն և ստացել պատասխան, որ խնդիրը լուծելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում։ Պատճառն այն է, որ կրթություն ապահովող կառույցի հետ պայմանագիրը խզվել է, նոր պայմանագրի ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Եթե մենք նստենք և սպասենք այդ պայմանագրի իրագործմանը, կարող է ևս մեկ տարի ձգձգվել։ Այդ խնդրով դիտորդների խումբն անհանգստացած է և կարծում է, որ հարցն անհապաղ պետք է լուծվի»,֊ ասել է Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ կալանավայրում գտնվող անչափահասները 9֊րդ, 10֊րդ դասարանի աշակերտներ են։ Կրթություն ստանալու իրավունքը ոտնահարելու համար նրանք կարող են ՄԻԵԴ դիմել և իրենց օգտին կայացած վճիռ ստանալ։