Home / Բանտ / Բանտի աշխատակիցները կրկին ծեծել են հիվանդ կալանավորին, որ էլ չբողոքի

Բանտի աշխատակիցները կրկին ծեծել են հիվանդ կալանավորին, որ էլ չբողոքի

hrachyagevorgayan1

Դեկտեմբերի 2-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մի խումբ աշխատակիցներ մտել են կալանավոր Հրաչյա Գևորգյանի խուց և ծեծի ենթարկել նրան։ Այս մասին ահազանգում է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունը, որի ղեկավար Նինա Կարապետյանցը դեկտեմբերի 12-ին այցելել է Գևորգյանին։ Կալանավորի փոխանցմամբ՝ աշխատակիցներից մեկն անգամ փորձել է խեղդել իրեն։

«Հրաչյան պատմել է, որ ծեծողներն իրեն ասել են, որ իր բողոքների պատճառով տուն չեն կարում գնան ու ամբողջ օրը ստեղ-ընդեղ բացատրություն են գրում։ Հետո էլ զգուշացրել են, որ ինչքան բողոքի, էդքան էլ ծեծը շարունակվելու է։ Տեղի ունեցածի առիթով մենք դիմել էինք դիտորդական խմբին, բայց նրանք մինչև հիմա չեն այցելել, և քանի որ ես երկրում չէի, մեկ շաբաթ ուշ եմ այցելել Հրաչյային, և կապտուկների մի մասն արդեն անցել էր, բայց դեռ առկա էին քերծվածքներն ու ճանկռածները», – ասել է Գևորգյանի փաստաբան Կարապետյանցը։

Պաշտպանը նշում է, որ բռնությունները Հրաչյայի նկատմամբ շարունակվում են ու վտանգ կա, որ կշարունակվեն, քանի որ նախկինում բռնության գործերը չեն քննվել, իսկ մեղավորները չեն պատժվել։ «Նախորդ անգամ, երբ նրա դեմքին հարվածել էին, մինչև այսօր ոչ մի բան չի պարզվել։ Հենց այդ անպատժելիությունն է բերել նրան, որ կրկնվել է այդ բռնությունը, և այս անգամ ավելի դաժան ձևով», – ասել է իրավապաշտպանը։

Նա համազված է, որ ինչպես մյուս բռնությունները, այս մեկը ևս չի բացահայտվելու․

«Քրեակատարողական հիմնարկը իր ներքին քննությունն է սկսել, բայց ես համոզված եմ, որ ոչ մի բան չի բացահայտվելու ու ոչ մեկ չի պատժվելու, որովհետև իրենք սովոր են ծածկադմփոց անելով գործը առաջ տանել։ Այսքան ժամանակ ես չեմ տեսել, որ Հրաչյայի գործով ինչ-որ մեկին պատժեն»։

Գևորգյանը տառապում է քրոնիկական հեպատիտ C-ով, քրոնիկական բրոնխիտով սրացման շրջանում, Պարկինսոնի հիվանդությամբ, արտերիալ հիպերտենզիայով, ալերգիկ դերմատիտով։