Մի շարք ծանր հիվանդություններով տառապող, ողնաշարի վիրահատություն տարած կալանավոր Արթուր Սարգսյանին շարունակում են զրկել համապատասխան բժշկական օգնությունից, ինչը հանգեցրել է վիճակի վատթարացմանը։ Նա արյուն է փսխում, ունի կերակրափողի էրոզիա և ճաք, որովայնային գծային ճողվածք, գլխապտույտներ և սրտխառնոց, Բեխտերևի հիվանդություն, որը ձեռք է բերել ծառայության ընթացքում։ Այս մասին ահազանգում են Սարգսյանի փաստաբանները։
Սարգսյանը, ով 2016-ի հուլիսի 26-ին ճեղքել է ոստիկանական պատնեշը և սննունդ հասցրել օրեր շարունակ սովի մատնված «Սասնա ծռեր» խմբի անդամներին և նրանց հետ գտնվող բժիշկներին, ըստ մեղադրանքի, «օժանդակել է բժիշկներին պատանդ պահելուն, ապօրինի զենք-զինամթերք է փոխադրել և կրել»։
Փաստաբաններ Տիգրան Եգորյանի և Դավիթ Գյուրջյանի հայտարարության մեջ նշված է, որ դեկտեմբերի 10-ին, երբ կալանավորի վիճակը կտրուկ վատացել է, բժիշկ հրավիրելու պահանջից հետո միայն՝ Նուբարաշեն ՔԿՀ-ի բժիշկը այցելել է Սարգսյանին և արձանագրել, որ վերջինս «լուրջ խնդիր չունի»։ Կալանավորի՝ շտապօգնություն հրավիրելու պահանջը մերժվել է:
«Դրանից 15-20 րոպե հետո Սարգսյանի մոտ ավելի մեծ արյան քանակությամբ փսխումներ են սկսվել: Նորից հրավիրվել է բժիշկ, կրկին շտապօգնություն հրավիրելու պահանջը մերժվել է: Դրանից մոտ երկու-երեք ժամ անց՝ Սարգսյանի վիճակի շարունակական վատթարացումից հետո, կանչվել է շտապօգնություն, և նա տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն», – ասված է հայտարարության մեջ:
Հիվանդանոցում Սարգսյանի մոտ ախտորոշվել է կերակրափողի էրոզիա և ճաք, ինչը արյան արտահոսքի պատճառ էր դարձել։ Բացի այդ՝ համաձայն բժշկական զննության, Սարգսյանի մոտ ախտորոշվել են նաև աղեստամոքսային համակարգի այլ խնդիրներ։ Նշանակվել է դեղորայքային բուժում, որից հետո կալանավորը կրկին տեղափոխվել է բանտ։
Փաստաբաններն ահազանգում են սակայն, որ Սարգսյանին նշանակված բուժումը բանտում չի ապահովվել․ «Հիշյալ հիվանդությունների արդյունավետ բուժումն ակնհայտորեն չի կարող ապահովվել Նուբարաշեն ՔԿՀ-ում, իսկ պատշաճ որակի բուժօգնություն տրամադրելու հարցում Նուբարաշեն ՔԿՀ-ի վարչակազմը չի շտապում: Աղեստամոքսային խնդիրների պարագայում բուժման բաղադրիչ է նաև հատուկ սննդակարգը, որը ևս Նուբարաշեն ՔԿՀ-ում բացակայում է, բավարար չի կարելի համարել նաև պահման պայմանները՝ հաշվի առնելով, որ դեկտեմբերի 12-ի դրությամբ այն խուցը, որում պահվում է Սարգսյանը, ինչպես նաև առանձնատեսակցությունների համար նախատեսված սենյակները չեն ջեռուցվում»։
Այսօր Սարգսյանի պաշտպանների կողմից համապատասխան դիմումներ են ուղարկվել Արդարադատության նախարարություն, քրեակատարողական վարչություն, Նուբարաշեն ՔԿՀ և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ պահանջելով անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Սարգսյանին պատշաճ բուժզննություն և օգնություն տրամադրելու ուղղությամբ, ինչպես նաև վերջինիս տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց և ապահովել պատշաճ բուժում և խնամք:
Սարգսյանի փաստաբանների հայտարարության մեջ ասված է, որ Արթուր Սարգսյանը կալանավորման պահից ունի անընդհատյա ցավեր և գրեթե ամեն օր ստանում է ցավազրկող միջոցներ։
«Հիշյալ պատճառներով Սարգսյանն ունի ֆիզիկական գործունեության
սահմանափակումներ և ունի հատուկ պայմանների կարիք: Հիշյալ առողջական խնդիրների նկատմամբ անտարբերությունը, խնամքի բացակայությունը և պահման ոչ բավարար պայմանները կարող են վտանգավոր հետևանքների պատճառ դառնալ նրա կյանքի և առողջության համար», – նշված է հայտարարության մեջ։