Այսօր առավոտյան, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող կալանավոր Հրաչյա Գևորգյանի նկատմամբ բռնություն է կիրառվել: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Հրաչյա Գևորգյանի պաշտպան, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Նինա Կարապետյանցը։
Նրա խոսքով՝ Գևորգյանն իրեն փոխանցել է, որ առավոտյան, երբ խցում փորձել է պառկած տեղից բարձրանալ, ընկել է և սկսել է օգնություն կանչել։ Գևորգյանի խուց եկած Սամվել անունով բուժակը նրան օգնելու փոխարեն բռունցքով հարվածել է Գևորգյանի դեմքին:
Նինա Կարապետյանցի խոսքով՝ Հրաչյա Գևորգյանն իրեն տեղեկացրել է, որ հարվածից հետո քթից երկար ժամանակ արյուն է հոսել և, հավանաբար, կալանավորի քիթը կոտրվել է։
Պաշտպանը տեղեկացրել է, որ իրենք տեղի ունեցածի վերաբերյալ դիմել են ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական խմբին և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի Արագ արձագանքման խմբին:
«Այսօր ՄԻՊ-ից մարդիկ են այցելել Գևորգյանին, սակայն այս պահին տեղյակ չեմ, թե ինչ վիճակում է, բայց ասում էր, որ քիթը ծռվածություն ունի և, գուցե, կոտրվածք լինի։ Նրանց բուժօգնություն են ցույց տվել և հետազոտել են վնասվածքը», – ասել է Կարապետյանցը։
Նրա խոսքով՝ բուժակի նման վարքն անհասկանալի է եղել, քանի որ նախորդ օրը, երբ ինքն այցելել էր Գևորգյանին, վերջինս նորից ընկել էր, սակայն եկել են բուժակները և օգնություն ցուցաբերել․ «Չեմ հասկանում, թե ինչու են նման վարք դրսևորել և կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել»։
Նշենք, որ Հրաչյա Գևորգյանը տառապում է քրոնիկական հեպատիտ C-ով, քրոնիկական բրոնխիտով սրացման շրջանում, Պարկինսոնի հիվանդությամբ, արտերիալ հիպերտենզիայով, ալերգիկ դերմատիտով։