«Նուբարաշեն» բանտի կալանավորներից մեկը՝ ծանր հիվանդ Հրաչյա Գևորգյանը, նամակ է ուղարկել լրագրողներին, որում խնդրել է բառ առ բառ փոխանցել իր գրածը՝ նշելով, որ չի վախենում իրեն սպառնացող վտանգներից։ Նա հայտնում է բանտի ներսում տիրող վիճակի և ղեկավարության «կեղտերի» մասին, պահանջում, որ իրեն այցելի մարդու իրավունքների պաշտպանը՝ «տեղում բաներ ասելու համար»։ Երեկ՝ հուլիսի 7-ին Վերաքննիչ դատարանը հաստատել է Գևորգյանին 8 տարով ազատազրկելու Առաջին ատյանի դատարանի որոշումը։
«Բերդի պետը ոտից գլուխ հանացավոր ա։ Էս պետը՝ Սեդրակ Հարությունյանը, Սմբատ Բուլղադարյանի թայն ա, իրար հետ գործընկերներ են։ Ինքը շուտ Բուլղադարյանին տեղափոխեց ուրիշ տեղ, որ իրենց արած կեղտերը ջրի երես չելնի»,- գրել է Գևորգյանը։
«․․․Իրենց ստուկաչներից ամեն մեկի մոտ 3 հատ հեռախոս և մի հատ պլանշետ կա։ Էսի 1000 տոկոս ճշտած եմ ասում: Ամեն շաբաթ խուզարկություն է գնում խցերում, ամեն խուցը շաբաթը 20-30 հազար դրամ փող է տալիս խուզարկություն անողներին և մի հատ էլ ստից փչացած հեռախոս, որ ձևի համար տանեն հանձնեն: Էդ որ հեռուստացույցով ցույց են տալիս, դրանք էդ փչացած հեռախոսներն են: Ամիսը 2 հատ փչացած հեռախոս և ամեն շաբաթ 20-30 հազար դրամ տալիս ես, քանի հատ կուզես պահի: Կամեռ կա, որ շատ ա տալիս՝ 40-50 հազար․․․ Հիմա անցնենք ռեժմնիկին ու օպերին: Ամեն հարկն ունի իր օպերն ու ռեժիմնիկը։ Ամեն ամսվա վերջ ամեն խուցը տալիս ա 100 հազար օպերին, 100 հազար ռեժիմնիկին: Անձամբ ես շատ եմ տվել»։
Գևորգյանը նշել է, որ գուցե իր այս նամակից հետ բանտում նեղություն տան, սակայն ինքը սովորել է արդեն դրան․ «Ես էդ ամենի միջով տարիներով անցել եմ ու ոչ իրենցից եմ վախենում, ոչ էլ իրենց մառալնի նոր մտացված տանջանքներից, ինչը, որ թուրքը չի անի, իրենք անում են, միայն թե չբացահայտվի ինձ ինչ են ներարկել ցեբեյի բժիշկները, որ 2 տարի է ոչ կարողանում եմ խոսել ու ոչ էլ քայլել։ Եվ իրենք մտացված ինձ չեն տանում բուժման, որ չբացահայտվի այս բոլորը, այլ մառալնի ինձ սովամահ են անում․․․ եթե կարաք շուտ մարդու իրավունքների պաշտպանին և վերահսկող դատախազին ուղարկեք շուտ ստեղ, ես շատ բան ունեմ իրենց ներկայությամբ ասելու։ Էս պետը տասը տարուց ավել ստեղ եղել ա կագեբեյի պետ։ Ինչ որ արել է Բուլղադարյանը էստեղ, էդ արել են երկուսով»։
Նշենք, որ Գևորգյանը տառապում է քրոնիկական հեպատիտ C-ով, քրոնիկական բրոնխիտով սրացման շրջանում, Պարկինսոնի հիվանդությամբ, արտերիալ հիպերտենզիայով, ալերգիկ դերմատիտով։ Սնվելիս և անձնական կարիքները հոգալիս նա օգտվում է այլ կալանավորների օգնությունից։ Համապատասխան բուժում ստանալու համար կալանավորը մի քանի անգամ հացադուլ է հայտարարել, սակայն մինչև այսօր նրա վիճակը մնում է անփոփոխ։
կից նյութ