Հայաստանում բանտարկյալներին չեն տրամադրվում պատշաճ առողջապահական ծառայություններ․ նրանք չեն գտնվում անհրաժեշտ մասնագետների խնամքի տակ, ունեն դեղորայքի խիստ պակաս ու ստիպված են դեղերի համար դիմել իրենց ընտանիքներին։ Այս մասին ասված է Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (ԽԿԿ) այսօր՝ նոյեմբերի 22֊ին, հրապարակված զեկույցում։
Բացի ազատազրկման վայրերից, ԽԿԿ֊ի անդամներն այցելություններ են կատարել հոգեբուժարաններ ու սոցիալական խնամք տրամադրող հաստատություններ՝ ուսումնասիրելու հարկադրաբար հոսպիտալացված մարդկանց նկատմամբ վերաբերմունքն ու նրանց տրամադրվող իրավական երաշխիքները։
ԽԿԿ֊ի ներկայացուցիչներն այցելել են Արմավիրի և Վանաձորի բանտեր, ինչպես նաև՝ «Նուբարաշեն», «Երևան-կենտրոն» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ֊ներ: «Նուբարաշեն» ՔԿՀ֊ում, մասնավորապես, կոմիտեի անդամներն արձանագրել են գերբնակեցվածություն ու Հայաստանի իշխանություններին հորդորել համապատասխան միջոցներ ձեռնարկել խնդրի լուծման նպատակով։
««Նուբարաշեն» ՔԿՀ֊ում կալանավորների պահման պայմաններն շարունակում են անընդունելի մնալ․ կալանավայրը ծայրահեղ գերբնակեցված է ու գտնվում է գրեթե ամբողջովին խարխլված վիճակում։ «Երևան-կենտրոն» ՔԿՀ֊ում խցերի մեծ մասը նույնպես գերբնակեցված ու խարխլված են։ «Վանաձորի» ՔԿՀ֊ում խցերը հիմնականում գտնվում են պատշաճ վիճակում՝ լավ լուսավորություն ու օդափոխություն․ դրանցից շատերում, սակայն, բնակելի տարածքը չափազանց փոքր է։ Արմավիրի բանտում գերբնակեցվածություն նույնպես չի նկատվել․ խցերը լավ լուսավորված են ու գտնվում են պատշաճ վիճակում»,֊ ասված է զեկույցում։
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ֊ի հոգեբուժական բաժնում ԽԿԿ֊ի պատվիրակներն արձանագրել են բուժման և նյութական անբավարար պայմաններ։
ԽԿԿ֊ն այցելել է նաև «Նուբարաշենի» հոգեբուժարան ու Գյումրու հոգեկան առողջության կենտրոն, որտեղ հիվանդների նկատմամբ վատ վերաբերմունք կամ նրանց կողմից դժգոհություն չի արձանագրել։ Երկու հաստատություններում էլ, սակայն, նկատվել են բնակելի տարածքի խարխլվածություն ու գերբնակեցվածություն։
«Չնայած ԽԿԿ֊ի՝ 2010թ․֊ի այցելությունից հետո արած առաջարկություններին, «Նուբարաշեն»֊ում մինչ օրս չկա կանանց համար առանձին տարածք, իսկ հոգեբուժարանի միակ կին հիվանդը պահվում է փոքրիկ սենյակում՝ արական սեռի հիվանդների աչքի առաջ ու չունի իր համար նախատեսված որևէ հարմարություններ»,֊ նշում է զեկույցը՝ հավելելով, որ Կոմիտեն ևս մեկ անգամ ընդգծում է տվյալ վերաբերմունքի անընդունելի լինելը։
Անդրադառնալով հարկադիր հոսպիտալացման խնդրին՝ հեղինակները գրում են, որ թեև «Նուբարաշեն»֊ի երկու քաղաքացիական հիվանդները (մյուսները կալանավորներ են) ու Գյումրու հոգեբուժարանի հիվանդներն այնտեղ հայտնվել են իրենց կամքին համապատասխան, այնուամենայնիվ, նրանցից շատերը դե ֆակտո զրկված են ազատությունից։ Հիվանդների խոսքով՝ չնայած կամավոր հոսպիտալացմանը, իրենք այլևս չեն ցանկանում մնալ բուժհաստատությունում կամ շարունակել բուժումը։ ԽԿԿ֊ն, հետևաբար, ընդգծում է, որ կամավոր կերպով հոսպիտալացվող անձինք պետք է բուժհաստատությունների կողմից պատշաճ կերպով տեղեկացվեն իրենց իրավունքների մասին, այդ թվում՝ հետագա բուժումից հրաժարվելու ու հոգեբուժարանը ցանկության դեպքում լքելու վերաբերյալ։ Կոմիտեն նշում է նաև, որ բուժման ու հոսպիտալացման համաձայնությունները երկու տարբեր հասկացություններ են, և հիվանդները պետք է դրանց մասին առանձին դիրքորոշումներ արտահայտեն։
Զեկույցի հեղինակներն անդրադարձ են անում նաև ոստիկանների կողմից բերման ենթարկված, ձերբակալված կամ բաժին հրավիրվող անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի դեպքերին։ Դրանք, ըստ զեկուցողների, վերջին տարիներին նվազել են, այնուամենայնիվ, խնդիրը վերջնականապես չի վերացել։
Կոմիտեի անդամներն ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ բերման ենթարկվածների վրա բռնությունների հետքերն արձանագրող ընթացակարգը պատշաճ կերպով չի իրականացվել և չի կիրառվել նրանց նկատմամբ վատ վերաբերմունքի կանխարգելման գործառույթը։ Տվյալ զննությունները, ըստ Կոմիտեի, սովորաբար կատարվում են բերման ենթարկող ոստիկանների ներկայությամբ, ու բուժանձնակազմը բերման ենթարկվածների՝ վնասվածքների ծագման բացատրությունները չի արձանագրում կամ օբյեկտիվ եզրակացություն չի տալիս դրանց վերաբերյալ։
Ինչ վերաբերում է վատ վերաբերմունքի կանխարգելմանն ուղղված իրավական երաշխիքներին (կալանքի մասին ծանուցում, փաստաբանի տրամադրում, իրավունքներին ծանոթացում), ապա ԽԿԿ֊ի անդամները նկատել են, որ դրանք պատշաճ կերպով գործում են միայն անձանց ձերբակալումը պաշտոնապես արձանագրելուց հետո։ Երաշխիքները, սակայն, չեն կիրառվում, երբ անձանց «հրավիրում են» բաժին՝ «ֆորմալ խոսակցությունների» (խոստովանական ցուցմունքներ կորզելու կամ ապացույցներ հավաքելու նպատակով)․ տվյալ անձինք սովորաբար ստիպված են լինում մի քանի ժամ կամ նույնիսկ մի քանի օր մնալ ոստիկանական հաստատություններում՝ նախքան կասկածյալ հայտարարվելն ու իրենց իրավունքներին տեղեկանալը։
Կից նյութեր՝
Հիվանդներին չեն օգնում, կալանավորներին ծեծում են մահակով․ բանտերում վիճակը վատ է
Ինչ կարելի է հայաստանյան բանտերում ստանալ կաշառքի միջոցով, պատմում է զեկույցը
Կալանավոր պահելը շահութաբեր գործ է
Հայաստանյան բանտերի կենցաղը. ինչ, որքան, ինչպես (ՏԵՍԱՆՅՈՒԹ)