«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծանր հիվանդ կալանավոր Հրաչյա Գևորգյանին օրերս այցելել են Քրեակատարողական վարչության ներքին անվտանգության բաժնի աշխատակիցները և հարցաքննել։ Այս մասին կալանավորը փոխանցել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության դիտորդ Արման Վեզիրյանին։ Epress.am-ի հետ զրույցում Վեզիրյանը հայտնել է, որ աշխատակիցների այցը կապված է եղել օրերս մամուլում տարածված կալանավորի բաց նամակի հետ, որտեղ Գևորգյանը նկարագրել է իր ծանր վիճակը և կալանավայրի աղետալի բարքերը։
«Հարցաքննել են Հրաչին, նա էլ, իր ասելով, հաստատել է իր տված տեղեկությունները և ստորագրել», – պատմել է Վեզիրյանը։
Կալանավորը Վեզիրյանին խնդրել է նաև, ի հավելում նամակի մեջ գրվածի, տեղեկացնել ԶԼՄ֊ներին, որ «Նուբարաշենում» 1300 կալանավորի համար կա ընդամենը 5 բժիշկ և բուժակ, որը շատ քիչ է։
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից Epress.am-ին, սակայն, հայտնել են, որ Գևորգյանն իրեն այցելած աշխատակիցներին հրաժարվել է փաստի վերաբերյալ որևէ մանրամասներ ներկայացնել կամ բացատրություն տալ։ Բացի դրանից՝ նշել են, որ այսօր Գևորգյանին տեղափոխելու են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։
Գևորգյանը տառապում է քրոնիկական հեպատիտ C-ով, քրոնիկական բրոնխիտով սրացման շրջանում, Պարկինսոնի հիվանդությամբ, արտերիալ հիպերտենզիայով, ալերգիկ դերմատիտով։ Սնվելիս և անձնական կարիքները հոգալիս նա օգտվում է այլ կալանավորների օգնությունից։ Համապատասխան բուժում ստանալու համար կալանավորը մի քանի անգամ հացադուլ է հայտարարել, սակայն մինչև այսօր նրա վիճակը մնում է անփոփոխ։ Նշենք, որ հուլիսի 7-ին Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել Գևորգյանին 8 տարով ազատազրկելու առաջին ատյանի դատարանի վճիռ։