«Արմավիր» ՔԿՀ-ում 2016 թվականի հունվարի 4-ին մահացած Անզոր Կարապետյանի տուն են այցելել քաղաքացիական հագուստով երկու անձինք և սպառնական տոնով հարցեր ուղղել Կարապետյանի պապիկին։ Այս մասին նշված է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Կարապետյանը հունվարի 3-ին դատարանի որոշմամբ կալանավորվել էր և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ։ Հաջորդ օրը հարազատներին էին հանձնել Կարապետյանի դին՝ նշելով, որ 21-ամյա երիտասարդը ինքնասպանություն է գործել։ Հարազատները Կարապետյանի ինքնասպանության վարկածը արժանահավատ չեն համարում։ Նրանք դիմել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, որն էլ ստանձնել է Կարապետյանի հարազատների իրավունքների պաշտպանությունը։
Իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ օրերս Կարապետյանի տուն այցելած քաղաքացիական հագուստով երկու անձինք, ովքեր չեն ներկայացել, ցավակցություն են հայտնել կատարվածի վերաբերյալ, ապա փորձել պարզել, թե ինչ քայլերի են պատրաստվում դիմել Կարապետյանի հարազատները:
«Իմանալով, որ հարազատները պատրաստվում են հետևողական լինել՝ կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ՝ նրանք սպառնական տոնով հարցրել են. «Մինչև վերջ տե՞ր ես ասածներիդ»: Կարապետյանի պապիկը, ում հետ զրուցել են վերոնշյալ անձինք, սկզբում մտածել է, որ հերթական անգամ լրագրողներն են հետաքրքվում դեպքի մանրամասներով, միայն վերջում՝ սպառնական տոնով հարցերից հետո, հասկացել է, որ նրանք այլ նպատակով են այցելել իրենց», ֊ նշված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորագրության մեջ: