Հարգելի Վարդգես ու Արմինե,
Հայաստանում տեղի ունեցող ժողովրդական քաղաքական գործընթացները կրում են այնպիսի խորհուրդներ, որոնք ես նույնացնում եմ ձեր անձերի հետ ու չեմ կարող այդ մասին բարձրաձայն չարտահայտվել։
Հարգելի Վարդգես,
Ձեզ ճանաչում եմ Ձեր հանրային քաղաքական գործունեությունից շուրջ 7 տարի։ Գիտեմ, որ արդարության մարտիկ եք շատ վաղուց, բայց ինձ հայտնի վերջին տարիներին Դուք բառիս բուն իմաստով եք մարմնավորել ներկայիս ժողովրդական անհնազանդության և՛ կամային, և՛ տակտիկական խորհուրդը։ Խաղաղ անհնազանդության կոչը չի իջել Ձեր շրթունքներից, ֆեյսբուքյան պատից, Ձեր առօրյայից։
Երբ Ձեզ հալածում էին ֆիզիկապես ու հոգեպես, երբ հալածողները ծաղրում էին, թե՝ «ինքը սիրում ա պառկել», երբ Ձեզ կտտանքների էին ենթարկում բանտում, Դուք շարունակում էիք Ձեր անկոտրում խաղաղ պայքարը, անխոնջ անհնազանդությունը, Դուք պառկում էիք ու փողոց կամ մայթ փակում, բոյկոտում էիք գազպրոմային ստրկատերերին, մերժում էիք կաշառք պահանջող մաքսայիններին, Սերժ Սարգսյանին էիք վերադարձնում Ձեր տան դռանը լցված թրիքը, զորակցում էիք քաղաքական հալածյալներին ու բանտարկյալներին, սպանված զինվորների ծնողներին և անարդարության մյուս զոհերին։
Հարգելի Արմինե,
Ձեզ միջնորդավորված ճանաչում եմ Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի Տեսակետ ՄԻԺԻ քաղաքական ամսագրից 2008թ-ից, իսկ ուղղակիորեն 2012թ․ Մաշտոցի պուրակի պայքարից ի վեր։ ՄԻԺԻ ձեր թիմի հետ միասին ՄԻԺԻ-ն դարձրիք քաղաքացիական (ինքնա)կրթության, այդ թվում՝ ոչ-բռնի պայքարների, ձախական քաղաքական օրակարգի քննարկման օրրան։
2016թ․ խաղաղ անհնազանդության գործողությամբ Դուք միայնակ բացեցիք Հանրապետության Հրապարակը՝ որպես քաղաքական պայքարի ասպարեզ։ Դուք ցույց տվեցիք, ի հակադրություն զինված պայքարի կոչերին ու այդ ժամանակվա հանրային տրամադրություններին, որ կարելի է անել չարգելված, բայց հալածողների տրամաբանությունից դուրս քայլ, զբաղեցնել քաղաքական տարածք «աներևակայելի» տեղում, վերաիմաստավորել «զվարճանքի ֆանտաններն» ու առնական բռնության ռազմերթի վայրը և այդպիսով փոխել ուժային անհավասար հարաբերությունը։ Ցավոք, բռնարար ռեժիմի ոստիկանների ու այլ աշխատակիցների և անազատ, կարեկցանքից զուրկ հոգիներով անցորդների ու լրագրողների արձագանքը եղավ դաժան, Ձեզ ֆիզիկապես ու հոգեպես հալածեցին, շուրջ 3 ժամ շղթայված պահեցին Հրապարակի շատրվանների մետաղական ցանցավանդակի վրա, բռնությամբ տեղափոխեցին հոգեբուժարան ու շարունակեցին այնտեղ նույնպես կտտանքների ենթարկել։ Այս դեպքից հետո Ձեզ լրատվամիջոցների մեծ մասը դարձրին «պերսոնա նոն գրատա», շատերն անվանարկեցին, վարչակարգը շարունակեց հալածել թաղային խուժանի միջոցով Ձեր տանը՝ Մուղնիում։ Բայց Դուք շարունակեցիք Ձեր միայնակ պայքարը՝ ազատագրելու Ձեր անձը ճնշումներից ու հալածանքից՝ Ձեր օրինակը դարձնելով լայն քաղաքական պայքարի միկրո տարբերակ։ Զանգվածային լրատվամիջոցների կողմից արգելափակված լինելու պարագայում, ինչպես ներկայիս զանգվածային շարժման հազարավոր մասնակիցները, ֆեյսբուքի միջոցով դարձաք սեփական լրատվամիջոց, խոսեցիք այլաբանության, սարկազմի լեզվով ու դրա միջոցով ողողեցիք քաղաքական գործիչների վիրտուալ տարածքները։
Հարգելի Վարդգես և Արմինե, անկախ նրանից, թե ճիշտ այս օրերին դուք ինչ եք անում, Ձեր կյանքի բերումով ու քաղաքական գործունեությամբ դուք մարմնավորում եք քաղաքացիական խաղաղ անհնազանդությունը, որի համար ես ձեզ ոչ թե հերոսացնում եմ (մերժում եմ հերոսությունն ու հերոսի գաղափարը), այլ անկեղծորեն շնորհակալություն հայտնում, խոնարհվում ու սեղմում ձեր ձեռքերը։
Համերաշխությամբ,
Աննա Շահնազարյան