Սահմանդրական դատարանը դեկտեմբերի 8-ին որոշում է կայացրել, համաձայն որի ինժեներ-գործարար, նախկին քաղբանտարկյալ, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի՝ ոստիկանության աշխատակիցներին և դատավորին վիրավորելու գործը ենթակա է վերանայման։ Այս մասին գրում է «Իրավունքի Եվրոպա միավորում» (ԻԵՄ) հասարակական կազմակերպությունը, որի փաստաբանները զբաղվում են Գասպարիի պաշտպանությամբ։
Մեղադրանքի համաձայն՝ Վարդգես Գասպարին վարչական գործերից մեկով նշանակված դատական նիստի ժամանակ հայցվորի ներկայացուցիչներ` ՀՀ ոստիկանության ծառայողներ Դիանա Վարդանյանի, Սոնա Մելիքյանի և դատական նիստը նախագահող դատավոր Ռուզաննա Հակոբյանի հասցեին վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել, մասնավորապես, «ստոր սրիկաներ», «Մարտի 1֊ին դուք սպանեցիք իմ եղբորը», «մարդասպաններ», «անինքնասեր անարժանապատիվներ», «թափթփուկներ», «հանցագործներ», «լակոտներ»։
2016 թվականի մարտի 29-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ մեղավոր էր ճանաչել Գասպարիին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով (Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը) և նշանակելով 450 հազար դրամի չափով տուգանք։
ԻԵՄ-ի հաղորդմամբ՝ 2016 թվականի մայիսի 4-ին Գասպարիի պաշտպաններ Լուսինե Հակոբյանը, Դավիթ Գյուրջյանը և Տիգրան Եգորյանը ներկայացրել են վերաքննիչ բողոք, որը, սակայն, դատարանը թողել է առանց քննության՝ համարելով, որ բողոքը ներկայացվել է ժամկետանց, իսկ Վճռաբեկ դատարանն այս բողոքի դեմ ներկայացված բողոքը վարույթ չի ընդունել։
Գասպարիի պաշտպանները դիմել են Սահմանադրական դատարան՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել ՀՀ քրեական դատավորության օրենսգրքի 375-րդ հոդվածը և 379-րդ հոդվածի 1-ին կետը: Ըստ պաշտպանների՝ այս հոդվածն իրավական անորոշություն է պարունակում, քանի որ դրան հակասական մեկնաբանություն է տրվում․ մի դեպքում բողոքարկման մեկամսյա ժամկետը հաշվարկվում է բողոքը ստանալու պահից, մյուս դեպքում՝ հրապարակման պահից։
Սահմանադրական դատարանն այս տարվա դեկտեմբերի 8-ին կայացրած իր որոշմամբ սահմանել էր, որ բոլոր այն դեպքերում, երբ դատական ակտը դատարանի մեղքով օրենքով սահմանված ժամկետում չի հանձնվել իրավասու սուբյեկտին, բողոքարկելու ժամկետը պետք է հաշվել ստացման պահից ամբողջությամբ՝ 1 ամիս, և այս դեպքում բաց թողնված ժամկետը համարել հարգելի՝ առանց միջնորդություն ներկայացնելու պահանջի։
ԻԵՄ-ն ընդգծում է, որ Գասպարիի գործով Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը դիմումատուն ստացել էր հրապարակումից վեց օր անց։
«Սահմանադրական դատարանը եզրակացրել է, որ դիմողի վերաքննիչ բողոքի ընդունելիության մասին կայացրած որոշումը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման, քանի որ վերջինիս նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածը և 379-րդ հոդվածի առաջին կետը կիրառվել են այս որոշման մեջ առկա սահմանդրաիրավական բովանդակությունից այլ մեկնաբանությամբ», – գրում է ԻԵՄ-ը։