Ինժեներ֊գործարար, ակտիվիստ Վարդգես Գասպարին կրկին հայտնվել է փակուղային իրավիճակում։ Նա նշում է, որ չի ցանկանում դիմել կոռուպցիոն մեխանիզմների և այդ պատճառով խնդիրներ ունի մաքսայինում։
Գասպարիի ընկերությունն արտասահմանից ներկրել է ապրանքներ՝ մանրածախ վաճառքի նպատակով, սակայն դրանց մաքսազերծման համար Պետեկամուտների կոմիտեն պահանջում է գործարարի համար անընդունելի, կոռուպցիոն ռիսկ պարունակող ընթացակարգերի մեջ մտնել․ դիմել մասնավոր «բրոկերի», որը ինչ֊որ գումարով խոստանում է «հարցերը լուծել»։ Epress.am֊ի հետ զրույցում Գասպարին պատմել է, որ 740 կգ քաշով 10,000 դոլար արժողությամբ էլեկտրական սարքավորումները ներկրվել են դեկտեմբերի 13-ին, մաքսային մարմինները մինչ օրս դրանք չեն մաքսազերծել։
«Արարատյան մաքսատանը բրոքերը ասում է՝ էսքան փող տուր, գնամ, հարցերը լուծեմ։ Եվ դու բողոքելու տեղ չունես, քանի որ նա մասնավոր անձ է։ Էս անգամ բրոքերներին ասացի՝ ես մաքսայիններին ոչ մի վճարում չեմ անելու, իրենք հարցրեցին՝ մաքսայինների հետ հարցերը դո՞ւք կլուծեց։ Ասացի՝ այո։ Բրոքերները միաբերան հրաժարվեցին իմ գործով զբաղվել։ 14 օր ես ինքս ինֆորմացիա եմ որոնում՝ ինչպես կարող եմ հայտարարագիր լրացնել։ Ես գրավոր հարց եմ տալիս, ասում են՝ արի խոսանք։ Դա է կոռուպցիան․ երբ դու գրավոր հարց ես տալիս, ասում են՝ արի խոսանք ու մասնավոր հեռախոսի համար են տալիս», ֊ ասել է Գասպարին։
Երեկ նա բողոքի ակցիա է անցկացրել Արարատյան մաքսատան մոտ, որտեղ մաքսայինի աշխատակիցներից մեկը խլել է նրա՝ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի լուսանկարով և «Հարությունյան, դու ստորագույն, ստախոս սրիկա ես» գրառումով պաստառը։
Այսօր Վարդես Գասպարին բողոքի ակցիա է արել հենց ՊԵԿ շենքի մոտ։ Նա նույն պաստառով պառկել է շենքի մուտքի մոտ՝ խոչընդոտելով ՊԵԿ աշխատակիցների մուտքն ու ելքը։
Գասպարին մաքսազերծման ընթացակարգերում կոռուպցիայի մասին առաջին անգամ չէ որ բարձրաձայնում է․ ներկրված ապրանքների համար նրանից պահանջում են տեղեկանքներ՝ ապրանքների չափանիշներին համապատասխանության մասին, ռազմական նշանակություն չունենալու մասին, անասնապահական նշանակություն չունենալու մասին և այլն։
Նա նշում է, որ այդ տեղեկանքները ստանալու համար ինքը մասնավոր ընկերություններ վճարում է մեծ գումարներ․ մինչդեռ ընկերությունները ընդամենը թուղթ են տալիս՝ առանց իրականում ապրանքները ստուգելու։