Home / Բանտ / Չարաշահումների և կաշառք վերցնելու դեպքերի առթիվ բանտի աշխատակիցների նկատմամբ քրգործ է հարուցվել

Չարաշահումների և կաշառք վերցնելու դեպքերի առթիվ բանտի աշխատակիցների նկատմամբ քրգործ է հարուցվել

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների (ՔԿՀ-ներ) պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու և կաշառք վերցնելու  դեպքերի առթիվ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտում հարուցվել են քրեական գործեր, հայտնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը։

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ «Արթիկ» ՔԿՀ-ում պետծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք 2019 թ․ ապրիլ-մայիս ամիսների ընթացքում պատշաճ միջոցներ չեն ձեռնարկել ռեժիմի խախտման դեպքերը կանխելու, արգելված իրեր հայտնաբերելու, իրավախախտումներն արձանագրելու և օրինական ընթացք տալու ուղղությամբ։ «Ընդհակառակը՝ դատապարտյալների խցերում խուզարկություններ կատարելու փոխարեն վերջիններիս հետ գալով փոխադարձ համաձայնության, նրանցից ստացել են 20 հատ տարբեր տեսակի բջջային հեռախոսներ՝ դրանք ձևակերպելով իբրև խցերում կատարված խուզարկությունների արդյունք և այդպիսով կազմելով կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթղթեր,» – ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում:

Ըստ հաղորդագրության, «նույն ՔԿՀ-ի աշխատակիցները արգելված իրեր, այդ թվում՝ բջջային հեռախոսներ փոխանցելու համար, դատապարտյալից որպես կաշառք ստացել են 100 հազար դրամ, ընդ որում, իմանալով, որ վերջինիս հանձնուքում առկա հյութը պարունակում է հոգեմետ նյութեր, միջոցներ չեն ձեռնարկել՝ այն վերցնելու և քրեաիրավական ընթացք տալու ուղղությամբ, այլ ընդհակառակը՝ թույլատրել են դրա ապօրինի շրջանառությունը ՔԿՀ-ում»:

Իսկ «Արմավիր» ՔԿՀ-ի տեղամասի պետը , ԱԱԾ-ի հաղորդմամբ, «կալանավորին թույլատրելով օգտվել բջջային հեռախոսից, բաց թողնել խցի դռներն ու ազատ տեղաշարժվել, 2019թ․ մայիս-հուլիս ամիսներին, վերջինիս հարազատների միջոցով, որպես խոշոր չափի կաշառք պահանջել և ստացել է ընդհանուր առմամբ 300 հազար դրամ արժողությամբ տարբեր տեսակի շինանյութեր, որոնք օգտագործել է անձնական կարիքների համար», «ՔԿՀ-ում պատիժը կրող մեկ այլ դատապարտյալի օգտին նույնանման ապօրինի գործողություններ կատարելու համար պաշտոնատար անձը վերջինիցս նույնպես որպես կաշառք պահանջել է շինանյութ»։

«Մեկ այլ դեպքով, ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» ՔԿՀ-ի պաշտոնատար անձինք, հանցավոր համաձայնության գալով այսպես կոչված քրեական հեղինակություն համարվող որոշ դատապարտյալների հետ, տարբեր չափերի գումարների դիմաց, 2018թ. սեպտեմբերից մինչև 2019թ. հունիսն ընկած ժամանակահատվածում, ՔԿՀ-ի տարածք են մտցրել արգելված իրեր, այդ թվում՝ թմրամիջոցներ, դրանք փոխանցելով որոշ դատապարտյալների», – փոխանցում է ԱԱԾ-ն:

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել են քրեական գործեր՝ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կատարվում է նախաքննություն: