«Մարդու իրավունքների պաշտպանության հարցում պետության ստանձնած պարտավորություններին ընտրովի մոտեցում է ցուցաբերվում», ֊ «ԼԳԲՏ ազատազրկված անձանց իրավունքների խախտումները բանտում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն»֊ի ներկայացուցիչ Նարե Հովհաննիսյանը։
Հասարակական կազմակերխությունն ուսումնասիրություն է իրականացրել հայաստանյան քրեակատարողական հիմնարկներում ԼԳԲՏ անձանց իրավունքների խախտումների վերաբերյալ։ Դրա արդյունքները ներկայացնելիս, Հովհաննիսյանն ասել է․ «Եթե նախորդ իշխանություններն ընդգծված ձևով հակաքարոզչություն էին տանում այս թեմայի ուղղությամբ՝միանշանակ ժխտելով, որ իրավունքների պաշտպանությունը չի խրախուսվում, ապա հեղափոխությունից հետո մենք տեսնում ենք, որ այդ ընդգծված հակաքարոզչությունը պետական մակարդակով չկա, բայց, մյուս կողմից, մարդու իրավունքների պաշտպանության հարցում պետության ստանձնած պարտավորություններին ընտրովի մոտեցում է ցուցաբերվում․ դարձյալ քաղաքական նպատակահարմարությունից կամ կուսակցական շահերից ելնելով են անդրադարձ կատարում ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանը»։
Նշված հանգամանքը, նրա խոսքով, մարդու իրավունքների տեսանկյունից հասկանալի չէ, սակայն ընկալելի է քաղաքական առումով, քանի որ տվյալ թեմայով խոսելը հանրային վստահության հարց կառաջացնի։
ԼԳԲՏ ազատազրկված անձինք կրկնակի խոցելի են․ նրանք խտրականության հետ են առերեսվում և՛ ՔԿՀ֊ներում, և՛ ազատազրկումից հետո՝ սեռական կողմնորոշման և գենդեռային ինքնության հիմքով։ Սրան է ավելանում այն, որ քրեակատարողական հիմնարկներում տվյալ անձանց խնդիրներն անտեսվում են ԼԳԲՏ համայնքին պատկանելու համար։
«Այդ կարիքները բազմաթիվ են․ պահման պայմաններ, սնունդ, առողջապահական ծառայություններ, անվտանգության հետ կապված խնդիրներ, խտրական վերաբերմունք», ֊ ասել է բանախոսը։
2018 թվականին անցկացված հետազոտության արդյունքներով, ԼԳԲՏ ազատազրկված անձանց խնդիրները համակարգային բնույթ են կրում․ եթե անձը մտավ ՔԿՀ, նա այլևս ունի որոշակի կարգավիճակ, որին համապատասխան էլ պետք է այնտեղ ապրի․
«Խնդիրն այն է, որ ստեղծվել է ներքին փոխհամաձայնություն վարչակազմի, այս խմբի անձանց և մնացած ազատազրկվածների միջև, երբ այս անձանց հետ կապված խնդիրն այլևս չի ընկալվում իբրև խնդիր։ Այսինքն, իրենց հետ կապված բոլոր հարաբերությունները կարգավորվում են զոն նայողի, խուց նայողի կողմից, և վարչակազմը որևէ միջամտություն կամ ազդեցություն չունի այս հարաբերությունների կարգավորման վրա»։
Շատ դեպքերում այս խմբի մարդիկ ևս իրենց նկատմամբ խնդիրը չեն ընկալում որպես խնդիր։ Հենց այն հանգամանքը, որ համակարգային այս խտրական մոտեցումը բանտի ներսում դիտվում է իբրև նորմալ երևույթ, արդեն իսկ խնդիր է։
«Ըստ էության, սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով տեղաբաշխում օրենքով նախատեսված չէ։ Բայց եթե անձը հայտնվում է քրեակատարողական հիմնարկում և նա նույնասեռական է, տրանսգենդեր է, ապա քրեական ենթամշակույթի չգրված օրենքների համաձայն, պարտավոր է հայտնել այդ մասին, որովհետև քրեակատարողական հիմնարկներում կան առանձին խցեր, կացարաններ՝ կախված հիմնարկի ձևից, որոնք առանձնացված են հենց այս խմբի անձանց համար», – մանրամասնել է Հովհաննիսյանը։
Ներքին «կարգուկանոնին» չտիրապետող անձը, հայտնվելով, այսպես կոչված, նորմալ խցում, «փչացնում է» այն և «նորմալ» կոչվող մարդիկ այնտեղ չեն մնա։ Բացի այդ, ԼԳԲՏ անձինք ՔԿՀ֊ների ամենավատ խցերում են պահվում․ խոնավություն, քիչ լուսավորություն, գարշահոտություն, հակասանիտարական վիճակ, զուգարանի և բաղնիքի հետ կապված խնդիրներ, միջատների առկայություն։ Նաև կան բաներ, որոնք թույլատրված չեն։ Դա վերաբերում է ճաշարանից, սպասքից օգտվելուն, որոնք ԼԳԲՏ անձանց համար առանձնացված են, ինչպես նաև լվացքատան սարքավորումները։ Տարածքի մաքրությունը նույնպես համայնքի ներկայացուցիչների վրա է։
Մի շարք այլ խնդիրների հետ մեկտեղ նշվում է նաև սեռական շահագործումը։ Բռնությունը որպես այդպիսին կազմակերպության զրուցակիցները չէին հիշատակում, ինչը, ըստ Հովհաննիսյանի, կապված է այն բանի հետ, որ ԼԳԲՏ անձանց դիպչելն արգելված է․
«Բայց սեռական շահագործում միանշանակ կա։ Նաև տրանսգենդերների մասով նշել էին սեռական հարաբերությունների գները, տեսակները՝ գումարներով․ 20 հազար, 15 հազար, 30 հազար։ Ամենինչ կապ ունի․ եթե, օրինակ, երիտասարդ է կամ աղջկա շորերով է ծառայությունը մատուցում, ավելի թանկ է։ Անձը հայտնվում է մի իրավիճակում, երբ ընտրություն չունի և, ընդունելով այդ կանոնները, ստացվում է այնպես, որ և՛ սեռական շահագործման է ենթարկվում, և՛ նշված աշխատանքներն է կատարում»։
Կազմակերպության ներկայացուցչի կարծիքով՝ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հետ կապված անձի կարիքները թիրախավորելու համար օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ։
«Փինք Արմենիա» հասարակական կազմակերպության իրավաբան Վաղինակ Տեր-Հովհաննիսյանը իրավական պաշտպանության մասին խոսեց՝ նշելով, որ գոյություն ունեն բազմաթիվ իրավական ակտեր, նաև Սահմանադրությունը, մի շարք միջազգային կոնվենցիաներ ու փաստաթղթեր են բացառում խտրականությունը․
«ՀՀ օրենքով էլ երաշխավորվում է, որ պետք է արժանապատվության իրավունքը պահպանվի։ Բնականաբար, այս իրավական երաշխիքներն ամրագրված են մեր օրենքներում, սակայն պրակտիկայում կիրառելիս, բազմաթիվ խնդիրների հետ ենք բախվում»։
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կազմակերպամեթոդական բաժնի գլխավոր մասնագետ Էմիլ Ղազարյանն, իր հերթին, նշեց․ պրոբացիայի ծառայողի համար նշանակություն չունի՝ «իր դիմացինը ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ է լինելու, թե թմրամոլ»։
Նաև նույնացրեց ԼԳԲՏ ազատազրկված անձանց և քրեական հեղինակությունների հարցը․ «Եթե խոսվում է այն մասին, որ պետությունը պետք է ընդունի ԼԳԲՏ համայնքի գոյությունը և այն պետք է բերվի ավելի լայն քննարկման դաշտ, նույն հաջողությամբ պետք է ընդունենք, որ կա նաև քրեական ենթամշակույթ։ Ընդունե՞նք, որ դա կա, բերե՞նք քննարկման ավելի լայն դաշտ։ Իրենց շահերն ո՞վ է պաշտպանելու։ ԼԳԲՏ համայնքինը պաշտպանում ենք, որ պետք է դա բերվի, քննարկվի պետության կողմից, հասարակության կողմից, չէ՞։ Քրեականի դեպքում ևս պետք է բերվի քննարկման լայն դաշտ, որովհետև դա էլ քիչ մաս չի կազմում»։
Նարե Հովհաննիսյանը փաստել է, որ սովորաբար, տվյալ թեմայով խոսելիս, «ավելի հուզական ենք լինուն» և անտեսում, որ, ըստ էության, դա հենց քրեական ենթամշակույթի մաս է, որի շահերը պետք է ոչ թե պաշտպանել, այլ այն պետք է վերացնել․ «Երբ հայտարարություններ են տարածվում, որ քրեական ենթամշակույթ չկա, զոն նայող չկա, [խնդիրը] կարգավորված է, պետք է մի քիչ զգուշավորություն ցուցաբերել, որովհետև, համենայնդեպս, մենք գիտենք, որ կա։ Քրեական մշակույթը պետք է վերացնել։ Վերացնելու տարբերակներից մեկը համապատասխան իրավական կարգավորումներով նաև հիերարխիկ հարաբերությունների ստորին հատվածում գտնվող այս անձանց իրավունքների պաշտպանությունը քննարկման դաշտ բերելն է»։
Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի ղեկավար Հովհաննես Մադոյանը կարծում է, որ մարդու իրավունքներին վերաբերող բոլոր խնդիրները պետք է բերվեն հանրային քննարկման դաշտ։
«Իմ խորին համոզմամբ՝ քրեական ենթամշակույթն այնպիսին, ինչպիսին որ կա Հայաստանում, նաև հետևանք է Խորհրդային Միության քրեակատարողական համակարգում մարդու իրավունքների խախտումների։ Քրեական մշակույթին հետևելը մարդու իրավունք չի։ Քրեակատարողական համակարգում մարդու իրավունքների օազիս չի կարող լինել, և եթե խոսում ենք մի խմբի իրավունքների մասին, մենք չենք կարող չանդրադառնալ մնացած բոլոր՝ համակարգում գտնվող մարդկանց իրավունքների մասին, ավելին ասեմ, նաև իրենց աշխատակազմի իրավունքների մասին, որովհետև այնտեղ աշխատակազմն էլ շատ լավ վիճակում չի գտվնում»։ Այսպես, նա խոսեց նաև հիմնարկներում առկա բժիշկների հետ կապված խնդրի մասին՝ այն կապելով մասնագետների՝ քրեական հեղինակություններից պաշտպանվածության հետ և հարց բարձրացրել․ արդյոք վարչակազմը պատրաստ է պաշտպանել բժիշկին քրեակատարողական հիմնարկների հեղինակություններից։