Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը բանտային բժշկության ոլորտում բարեփոխումների նախագիծ է ներկայացրել: Նախագծի դրույթների համաձայն, յուրաքանչյուր կալանավորված անձ և դատապարտյալ իրավունք կունենա իր միջոցներով և իր ընտրությամբ օգտվել քաղաքացիական բժշկական հաստատությունների ծառայություններից, նույնիսկ եթե քրեակատարողական հիմնարկի տարածքում տրամադրվում են բժշկական օգնության և սպասարկման նույնատեսակ ծառայություններ։
«Քաղաքացիական բժշկական հաստատության բժշկի կողմից արտահիվանդանոցային և հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները կարող են տրամադրվել բժշկի կողմից՝ բժշկական փաստաթղթերով հաստատված բժշկական ցուցումների առկայության դեպքում»,- ասել է Բադասյանը:
Բացի այդ, պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկը կհամապատասխանեցվի հիվանդությունների դասակարգման միջազգային չափանիշին:
«Առաջարկվում է այն տարածել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելուն խոչընդոտող հիվանդությունների վրա՝ նշված ցանկը դարձնելով կողմնորոշիչ նախկին սպառիչ ցանկի փոխարեն: Առաջարկվում է արդարադատության նախարարությանը կից ստեղծել բժշկական հանձնաժողով, որը կտրամադրի եզրակացություն՝ կալանավորված անձանց ծանր հիվանդության հետևանքով խափանման միջոցը փոխելու նպատակահարմարությանը, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալներին ծանր հիվանդության հետևանքով պատժից ազատելու վերաբերյալ»,- նշել է նախարարը: