Արդարադատության նախարարության (ԱՆ) քրեակատարողական ծառայությունը 2019թ․ հունիսի 27-ի գրությամբ թույլ չի տվել հոգեբանին մուտք գործել Արմավիր ՔԿՀ՝ խոշտանգում վերապրած ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանին հոգեբանական աջակցություն տրամադրելու նպատակով։ Այս մասին հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակը, որը Եվրոպական միության աջակցությամբ Խոշտանգման զոհերի հոգեսոցիալական և բժշկական վերականգնողական վրացական կենտրոնի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում դատապարտյալին հոգեբանական աջակցություն տրամադրելու նպատակով 2019թ․ հունիսի 10-ին դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գրությամբ խնդրել էր թույլ տալ ծրագրի շրջանակում հիմնադրված «Խոշտանգում վերապրած անձանց վերականգնողական հայկական կենտրոնի» հոգեբաններին մուտք գործել ՔԿՀ և հոգեբանական աջակցություն տրամադրել ցմահ դատապարտյալին։
Բացի նրանից, որ հերթական անգամ Արդարադատության նախարարությանն ուղղված գրությանը պատասխանել է Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ Մանուկ Միքայելյանը, ընդ որում՝ առանց վերահասցեագրման մասին տեղեկացնելու, վերջինս իր որոշումը հիմնավորել է նրանով, որ հոգեբանը բժիշկ չէ և չի կարող մուտք գործել որպես այդպիսին։ Նա առաջարկել է օգտվել միայն տեսակցության հնարավորությունից։
«Հոգեբանական օգնությունը չի կարող համարվել որպես բժշկական սպասարկում, իսկ հոգեբանը՝ բժիշկ», -մեկնաբանել է Մ․ Միքայելյանը՝ հավելելով, որ դատապատյալներին հոգեբանական աջակցություն են տրամադրում ՔԿՀ 3 հոգեբանները։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նույն հարցով 2019 թ․ հուլիսի 19-ին երկրորդ անգամ դիմել էր Արդարադատության նախարարություն՝ արդեն նորանշանակ նախարար Ռ․ Բադասյանին․ դիմումում վկայակոչել են միջազգային փաստաթղթերից հատվածներ՝ խոշտանգում վերապրած անձանց հոգեբանական օգնության անհրաժեշտության և այդ ոլորտում Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ստանձած պարտավորությունների վերաբերյալ, և ընդգծել դատապարտյալ Արթուր Քոչարյանին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու կարևորությունը։
Նորանշանակ նախարարին ուղղված գրությանը ևս պատասխանել է ԱՆ քրեակատարողական ծառայությունը։ Ծառայության պետի տեղակալ Վ․ Պապոյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակին «հիշեցրել է» նախորդ պատասխանի ու դրանով տրված պարզաբանումների մասին։
Չնայած ՔԿԾ ներկայացուցիչների պնդումներին՝ ամեն տարի ՔԿՀ-ներում ինքնավնասման հարյուրավոր դեպքեր են գրանցվում, և դրանց միայն մի մասն է հնարավոր լինում կանխել։
ՔԿՀ-ներում դիտորդություն իրականացնող խմբի ուսումնասիրության համաձայն՝ 2011-2017 թթ․-ին ՔԿՀ-ներում ինքնասպանության 27 դեպք է գրանցվել։ Ինքնավնասման 1486 դեպք է գրանցվել միայն 2016-2017 թթ․-ին։