Home / Առողջապահություն / Խոշտանգված կալանավորին վերադարձրել էին սպանելու համար

Խոշտանգված կալանավորին վերադարձրել էին սպանելու համար

Նոյեմբերի 26-ին Շենգավիթի դատարանի դահլիճից ազատ արձակվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակից, մայոր Արմեն Հովհաննիսյանը, ով մեղադրվում էր կալանավոր Արմեն Աղաջանյանին («մի խումբ անձանց կազմում») խոշտանգումների ենթարկելու և խոշտանգման փաստը թաքցնելու նպատակով պաշտոնական կեղծիք կատարելու մեջ։ Գործը քննող դատավոր Դավիթ Բալյանը վերավորակավորեց մեղադրանքը, և վճիռ կայացրեց ոչ թե խոշտանգման և պաշտոնական կեղծիքի, այլ՝ պաշտոնական լիզարությունները անցնելու և պաշտոնական կեղծիք կատարելու հոդվածներով, ինչից հետո Հովհաննիսյանը համաներմամբ ազատ արձակվեց։

Այս կադրերում Արմեն Աղաջանյանի մայրը պատմում է, թե ինչպես են իր 30-ամյա տղային բարև չտալու համար Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ուղղեկցել չնկարահանվող տարածք և դաժան ծեծի ենթարկել:

Անմարդկային վերաբերմունքի արժանանալով Նուբարաշենի Քրեակատարողական հիմնարկում՝ Արմեն Աղաջանյանը փորձել է ինքն իրեն պաշտպանել։ Տղան մինչև խոշտանգվելը ունեցել է առողջական խնդիրներ, կալանավորվելուց վեց ամիս առաջ վիրահատել են նրա աղիքը։ Մայրը պատմում է, որ ձեռքերով փորձել է պահել որովայնին խողովակով կապված պարկը, փոխարենը հարվածներ է ստացել գլխի և դեմքի շրջանում։

Մայրն ու եղբայրը Արմեն Աղաջանյանի վնասվածները տեսել են դատարանում։ Մայրը պատմում է, որ որդու որովայնի հատվածն ամբողջությամբ կապտուկների մեջ էր, ոտքերին կային բռնության հետքեր։

Արմեն Աղաջանյանի հարազատները խոշանգված տղային գրավով հանել են Նուբարաշենի բանտից։ Կարճ ժամանակ լինելով ազատության մեջ, Արմեն Աղաջանյանը հասցրել է առերեսվել իրեն խոշտանգող անձանցից մայոր Արմեն Հովհաննիսյանի հետ, ում էլ մեղադրանք էր առաջադրվել։

Գայանե Աղաջանյանը պատմում է, որ Նուբարաշենի ՔԿՀ-ի աշխատակիցներին կարող էր հերթով ճանաչել, ինչի պատճառով որդու կալանքի խափանման միջոցը փոխվել է, և իրեն նորից տարել են խոշտանգման վայր՝ Նուբարաշեն։

Խոշտանգողներից Արմեն Հովհաննիսյանը 2014 թվականի նոյեմբերի 5-ից ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի N 478-Ա հրամանով զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետի պաշտոնը: 2018թ. ապրիլի 9-ից նրա պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցվել է, քանի որ Արմեն Հովհաննիսյանը մեղադրվում էր քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով․ Արմեն Աղաջանյանի նկատմամբ ֆիզիկական ուժ՝ ձեռքի հնարք կիրառելու համար։ Քրեակատարողական հիմնարկի մի խումբ ծառայողների հետ 2018թ. մարտի 16-ին կազմել է իրականությանը չհամապատասխանող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ արձանագրություն։

Սակայն կարճ ժամանակ անց խոշտանգման ենթարկված Արմեն Աղաջանյանին Նուբարաշենից տարել են «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն», որտեղ մեկ օր անց լոգարանում հայտնաբերվել է Արմեն Աղաջանյանի դին՝ կախված վիճակում։

Մահվան դեպքի մասին 36 ժամ անց քույրն իմացել է համացանցից։ Արմեն Աղաջանյանի մահը ինքնասպանություն են որակել, սակայն ծնողները համոզված են, որ իրենց տղային սպանել են։

Մորը՝ Գայանե Աղաջանյանին հաջողվել է դիահերձարանից փաստեր ձեռք բերել, լուսանկարներում արձանագրվել է տղայի վնասվածքները։ Դատաբժշկական փորձաքննությունը չի արձանագրել բոլոր վնասվածքները տղայի պարանոցին, սակայն մոր կողմից արված լուսանկարներում առկա է երկու գիծ, որը պաշտպան Արա Ղարագյոզյանի և մոր գնահատմամբ վկայում է, որ Արմեն Աղաջանյանի պարանոցը կտրված է։

Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում Արմեն Աղաջանյանին խոշտանգելու վերաբերյալ հարուցված քրեական գործը քննվում է ՀՔԾ-ում, սակայն Նուբարաշենի  «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում» ինքնասպանության հոդվածով հարուցված քրեական գործը ՀՀ Քննչական կոմիտեում է: Այս երկու քրեական գործերը մեկում միավորելու վերաբերյալ փաստաբան Արա Ղարագյոզյանի միջնորդությունը մերժվել է:

Նուբարաշենի ՔԿՀ-ում Արմեն Աղաջանյանին խոշտանգելու վերաբերյալ անձանց մասին տեղեկատվությունը ՀՔԾ-ն համարում է նախաքննական գաղտնիք:

Պաշտպանը նաև դատախազություն է դիմել, որ քրեական գործի նյութերին ծանոթանա, սակայն մերժում է ստացել։ Արմեն Աղաջանյանին խոշտանգելու դեպքով հարուցված քրեական գործը այժմ գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Դավիթ Բալայանի վարույթում։ Արմեն Աղաջանյանին խոշտանգած բանտի մնացած աշխատակիցներին մեղադրանք առաջադրված չէ: