30-ամյա Արմեն Աղաջանյանը կալանավորվելուց և «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխվելուց հետո խոշտանգման էր ենթարկվել, իսկ 4 ամիս հետո նրա մարմինը գտել են հոգեկան առողջության պահպանման կենտրոնի լոգարանում՝ կախված վիճակում։ Աղաջանյանի մահվան դեպքով քրեական գործ էր հարուցվել, որը դեռ նախաքննության փուլում է, իսկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում խոշտանգման գործը գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Բալայանի վարույթում։ Նախնական վարկածով՝ տղամարդն ինքնասպան է եղել, սակայն նրա մայրը՝ Գայանե Աղաջանյանը, ով տուժողի իրավահաջորդ է ճանաչվել, համաձայն չէ այս վարկածի հետ։ Արմեն Աղաջանյանը կասկածվում էր մեքենաների առք ու վաճառքի հետ կապված գումար չվճարելու մեջ։
Խոշտանգման ենթարկելու գործով մեղադրանք է առաջադրվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետ Արմեն Հովհաննիսյանին։ Ըստ մեղադրանքի՝ նա, հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված, պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, 2018 թվականի մարտի 16-ին «Նուբարաշեն»-ում կատարած արարքի համար պատժելու նպատակով մի խումբ անձանց կազմում խոշտանգել էր Աղաջանյանին՝ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ, ինչից հետո մի խումբ պաշտոնատար անձանց հետ կատարել է պաշտոնեական կեղծիք։
«Իմ տղան չէր կարող նման բան անել, որովհետև ես իմ տղայի հետ խոսել եմ մահվանից մի քանի ժամ առաջ՝ վայբերով, ֊ մամուլի ասուլիսի ժամանակ պատմեց Գայանե Աղաջանյանը։ ֊ Ինքը ինձ նկար էր ուղարկել, անգամ ես ունեմ ինձ մոտ լուսանկարներ։ Իմ տղան գտնվում էր շատ հանգիստ վիճակում, և հանկարծ 36 ժամ հետո աղջիկս պատահմամբ, ֆեյսբուքյան էջը թերթելուց, տեսնում է եղբոր անուն֊ազգանունը և դիակը՝ ծածկված վիճակում։ Այդպես ենք իմացել մենք։ Իմ տղային սպանել են, ես ունեմ հիմնավոր կասկածներ, ունեմ լուսանկարներ, ունեմ գաղտնի արված տեսանյութ նաև, որն արվել է էնտեղ՝ դիահերձարանում, իմ փոքր տղան է արել։ Էնտեղ շատ պարզ երևում է, որ Արմենի պարանոցի վրա երկու գիծ կա․ դա սավանը չէր կարող անել, կտրված էր վիզը։ Նկարների վրա դա շատ պարզ երևում է, շատ պարզ։ Իմ տղայի ոտքերը եղել են գետնին կպած։ Իմ տղան 180 հասակ ուներ, հասկանո՞ւմ եք։ Ոչ֊ոք իմ տղային չի տեսել կախված վիճակում։ Ես մեր քննիչի մոտ եղած լուսանկարներում․․․ Ես տեսել եմ, դուք չեք պատկերացնի հիմա իմ ասելով։ Երբ մարդ գնում է լողարան՝ լողանալու, չեմ պատկերացնում, որ ինքը գետնին թափելով կգնար։ Իրենք չեն ֆիքսել, բայց ես ֆիքսեցի, որ իմ տղայի տապոչկաները [հողաթափերը] գիտե՞ք՝ ոնց էր գետնին․ երբ որ մարդուն քաշելով տանում են, և տապոչկաները տարբեր տեղեր են ընկած լինում և անգամ իրա բլուզը։
Իմ տղային, նախ, խոշտանգել են իր սենյակում, իմ տղան եղել է մենակ՝ փակ դռան ետևում։ Իրենք ասում են․ գնացել է լողարան՝ լողանալու։ Ոչ, հարգելիներս, իմ տղան լողացել է գիշերը ժամը 1-ին։
Դուք սավանը չեք տեսել, անգամ մենք քննիչից պահանջել ենք, քննիչը չտվեց, որ մենք տեսնենք էդ սավանը, որովհետև էնտեղ նաև շատ փոքր բաներ կան, որոնց վրա էլի ուշադրություն չեն դարձրել։ Բայց մենք պարոն Ղարագյոզյանի հետ [Արա Ղարագյոզյան՝ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ փաստաբան] շատ ուշադիր ենք էդ հարցի հետ կապված, միջնորդություն պետք է ներկայացվի, որպեսզի մենք կարողանանք տեսնել սավանը և էն, ինչը կա սավանի վրա։ Եթե Արմենրի վզի վրա կտրվածք կա, ուրեմն սավանի վրա պետք է արյուն լինի։
Անգամ հուղարկավորության ժամանակ, երբ տղայիս վերնաշապիտի կոճակը բացեցի, իմ տղայի պարանոցի վրա դեռ արյուն կար, իսկ կախվող մարդու պարանոցի վրա չի կարող արյուն լինել, կարող է միայն կապույտ հետք լինել։
Իմ տղայի դեմքի վրա տառեր կային գրված, ես էլի նկարով ցույց կտամ, դուք կհամոզվեք։ Դիահերձարանում արված նկարներ կան, որոնք ես շատ մանրակրկիտ ուսումնասիրել եմ․ էնտեղ ոչինչ չի երևում, բայց իմ տղայի դեմքն ամբողջությամբ սև է։ Իմ տղան սափրվել էր 12-ի ժամը մեկին՝ լույս սպանություն․․․ Իսկ էնտեղի նկարներում դեմքն ամբողջությամբ մուր է։
Հոգեհանգստի ժամանակ, երբ տղայիս դեմքը շայում էի, մաքրվեց էդ գրիմը, ու տղայիս դեմքի վրա տառեր կային գրված՝ առաջինն Ա տառն է, շատ պարզ է երևում, ես նկարը ցույց կտամ․․․ Էնտեղ ինչ֊որ բաներ են գրված։
Եթե ես էդ պահին չշոյեի իմ տղայի դեմքը, մենք էլի ոչինչ չէինք իմանալու», – զսպելով արցունքները, ասաց մայրը։
Աղաջանյանի մարմինը գտել են «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» լոգարանում կախված։ Սակայն նա խոշտանգման էր ենթարկվել նաև դեպքից 4 ամիս առաջ։ Երկու քրեական գործ է ընթանում։ Փաստաբան Արա Ղարագյոզյանի կարծիքով՝ միանշանակ այս գործերը փոխկապակցված են, կողմը, սակայն, այդ մասով որևէ ապացույց չունի․ պետք է, ի վերջո, ոչ թե տուժող կողմն, այլ վարույթն իրականացնող մարմինն այդ ամենն ապացուցի։ Գայանե Աղաջանյանն էլ մանրամասնեց, որ՝ «գազանությունը թաքցնելու համար կեղծ արձանագրություն էին կազմել», համաձայն որի, Արմենն իբր չէր ենթարկվել օրինական պահանջներին, դրա համար էլ ձեռնամարտի հնարք էր կիրառվել նրա նկատմամբ․
«Բայց դա այդպես չի եղել։ Ես իմացել եմ իրականությունը, երբ իմ տղային գրավով ազատ էին արձակել։ Մինչ էդ ես տեսել եմ․․․ առաջին մարդը, որ տեսել է նրան էդ վիճակով՝ ծեծված, խոշտանգված, դա ես եմ եղել։ Երբ Արմենին բերեցին հաջորդ օրը դատարան, իմ տղան անճանաչելի էր՝ ամբողջ դեմքն այտուցված։ Իմ տղան ուներ առողջական լուրջ խնդիր, վիրահատվել էր մի քանի ամիս առաջ, ուներ հաստ աղիքի խնդիր՝ դրսում էր գտնվում․․․ Անգամ իրենք ուշադրություն չէին դարձրել այդ ամենի վրա։ Անգամ Արմեն Հովհաննիսյանը, երբ տղաս ասել էր, որ խնդիր ունի, ծեծի ժամանակ ասել էր՝ չխաբնվես հանկարծ էդ աղիքիդ։ Հարվածները նաև հասել էին որովայն, ոտքերին, դեմքին, շրթունքին, պարանոցին»։ Աղաջանյանին կալանավորվելուց մի քանի ամիս առաջ կոլոռեկտալ վիրահատություն էին արել, ինչը հաստ աղու դուրս բերում է նշանակում։
«Տղայիս վիճակը վատացավ, շտապ օգնություն հրավիրեցին և նիստը հետաձգվեց։ Հաջորդ օրը ես ավելի վաղ էի էնտեղ, ինքս դիմավորեցի տղայիս։ Նա անճանաչելի էր․ այտերը կապտած, շրթունքը կտրված, դեմքն այտուցված…»։ Մոր կողմից դատարան բերված միջոցները ոստիկանից ստանալով, Արմենը փորձեզ մաքրել որովայնի հատվածը․ այդպես կինը նկատեց, թե ինչ վիճակում էր որդու մարմինը․ «Ես անմիջապես մտա դատարան, տեսա՝ տղաս սպորտային համազգեստի ոտքերի մասը բարձրացրել էր․․․ Արմենի ամբողջ որովայնը կապույտ էր, կապույտ-կապույտ՝ ստացված հարվածներից»։ Դա նշված էր նաև դատաբժշկի եզրակացության մեջ։
Խոսվեց նաև նախաքննության ընթացքում և դատարանում տրված ցուցմունքների միջև անհամապատասխանության մասին։ Արմեն Հովհաննիսյանի հետ բանտարկյալին ծեծի էին ենթարկել ևս երկու հոգի, ասում է Գայանե Աղաջանյանը․ նրա տեղեկություններով՝ ավելի ուշ վերջիններս ազատվել էին աշխատանքից՝ իրենց դիմումի համաձայն։ «Նախաքննական փուլում տված ցուցմունքների ժամանակ Արմեն Հովհաննիսյանը և նրա ընկերները, ովքեր, իհարկե, Հովհաննիսյանի օգտին են ցուցմունք տալիս, չէր ասվել, որ իմ տղան էն ժամանակ, երբ իրենք ներս էին մտել, ձեռքը բարձրացրել էր վերև։ Ոչ մի տեղ դա չկա։ Բայց դատարանում արդեն ցուցմունքների ժամանակ հանկարծ հայտնվեց, դե, ես հասկանում եմ՝ ինչ ա․․․ որ իբր Արմենը ձեռքը բարձրացրել էր, էդ ժամանակ իրենք հնարք են կիրառել, ու Արմենի դեմքը կպել էր սեղանի մի անկյունին, հետո՝ հավասարապես, ինչ֊որ կերպով պտտվել էր դեմքը, կպել մյուս հատվածին։ Հետո Արմենը ո՞նց էր ոտքը վերև բարձրացրել, որ էդ սեղանի սուր անկյունը կպել էր սրունքներին, հետո ինքնըստինքյան՝ որովայնին․․․ Խեղկատակություն է իրենց կազմակերպածը»։
Փաստաբան Ղարագյոզյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ, տուժածի կյանքի իրավունքի խախտման վերաբերյալ արդյունավետ քննություն չի իրականացվում․
«Վարույթն իրականացնող մարմինը՝ Էրեբունի քննչական բաժինն ընդհանրապես մեր որևէ միջնորդությանն ընթացք չի տալիս։ Քննիչ Կարապետյանը զբաղված է մեր միջնորդությունները մերժելով։ Ես երեք անգամ գլխավոր դատախազին դիմել եմ, որ այս գործով արդյունավետ քննություն չի իրականացվում, հիմքերը նշել եմ՝ Եվրոպական կոնվենցիայի երկրորդ հոդվածի խախտում է տեղի ունենում, որ քրեական գործը տեղափոխվի Հատուկ քննչական ծառայություն, սակայն գլխավոր դատախազից պատասխան ենք ստացել, որ հիմքեր չկան՝ քրեական գործը ՀՔԾ տեղափոխելու»։
Գայանե Աղաջանյանի կողմից նշված դեմքի և պարանոցի վնասվածքների մասով նույնպես միջնորդություններ են ներկայացվել՝ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու, ինչպես նաև քրեական գործի նյութերին ծանոթանալու նպատակով, քանի որ, փաստաբանի խոսքով, կարելի է ասել, տուժող կողմը ներգրավված չէ և չգիտի՝ ի՞նչ է տեղի ունենում։