Home / Ոստիկանություն / Մահացած Էդգար Ծատինյանին ոստիկանության բաժնում խոշտանգելու փաստով քրեական գործ է հարուցվել

Մահացած Էդգար Ծատինյանին ոստիկանության բաժնում խոշտանգելու փաստով քրեական գործ է հարուցվել

Ոստիկանության բաժնից հիվանդանոց տեղափոխվելուց հետո 2019թ․ ապրիլի 8-ին «Արմենիա» ԲԿ-ում մահացած Էդգար Ծատինյանի գործով 2019թ․ ապրիլի 15-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել խոշտանգման հիմքով (ՀՀ քրեական օրենսգրքի 309․1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 7-րդ կետեր)։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հիշեցնում է՝ Ծատինյանի ընտանիքի անդամները հայտնել էին, որ ոստիկանները բերման են ենթարկել նրան ու ծեծի ենթարկել՝ ստիպելով վկայություն տալ։ Ապա նրանց փոխանցմամբ՝ սպառնացել են, որ թմրանյութ «գրպանը կգցեն», որից հետո վերջինս կուլ է տվել թմրանյութը։ Հիվանդանոց տեղափոխելուց հետո, հարազատների պնդմամբ, բժիշկներն անհրաժեշտ օգնություն չեն ցուցաբերել, ինչի հետևանքով նա մահացել է։

2019թ․ ապրիլի 16-ին Ծատինյանի մայրը՝ Լարիսա Եթարյանը, հարուցված քրեական գործի շրջանակում ճանաչվել է տուժողի իրավահաջորդ, իսկ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը՝ վերջինիս ներկայացուցիչ։

Քրեական գործ է հարուցվել միայն ոստիկանությունում Ծատինյանին խոշտանգելու հիմքով, իսկ «Արմենիա» ԲԿ-ում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ քրեական գործ հարուցելու տեղեկություններ չկան։

Ապրիլի 16-ին Արայիկ Զալյանը քննչական գործողություններ կատարելու միջնորդություն է ներկայացրել վարույթն իրականացնող ՀՀ ՀՔԾ քննիչ Գոռ Միքայելյանին։ Իսկ ապրիլի 17-ին Զալյանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով քրեական գործ հարուցելու կամ եթե հարուցված է, այն տուժողի համար հասանելի դարձնելու և դեպքի քննությունն ամբողջ ծավալով ՀՀ հատուկ քննչական ծառայություն փոխանցելու հարցով։