Իրավապաշտպան Լարա Ահարոնյանը մարտի 11-ին հաղորդում է տվել Ոստիկանություն՝ իր նկատմամբ հարձակումների, վիրավորանքների և ատելության խոսքի վերաբերյալ՝ պահանջելով գտնել և պատժել հարձակումների պատասխանատուներին։
Մարտի 8-ին «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների» խորագրով միջոցառման ընթացքում Ահարոնյանն իր ելույթում խոսել էր աղքատ, հաշմադամություն ունեցող, միայնակ մայր, լեսբի, տրանս և բիսեքսուալ կանանց իրավունքների մասին, ինչի արդյունքում նա կրկին հայտնվել էր օնլայն հարձակումների և ատելության խոսքի թիրախում։
«Մարդու իրավունքների տուն Երևանը» և «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» հայտարարություն են տարածել այս մասին՝ մտահոգությունն հայտնելով Ահարոնյանի դեմ ատելության խոսքի և հարձակումների առնչությամբ։
«Թշնամական վերաբերմունքը, որ ուղեկցվում էր ատելության խոսքով և խտրականության կոչերով, իր մեջ ներառում էր նաև նրան սպանելու, բռնաբարելու և ընտանիքին վնասելու սպառնալիքներ։ Վերջին ամիսներին իրավապաշտպանները Հայաստանում հաճախ են թիրախավորվում, իսկ Լարա Ահարոնյանն էլ ավելի հաճախ է լինում թիրախում, քանի որ ակտիվորեն պայքարում է գենդերային հավասարության և կանանց վերարտադրողական առողջության իրավունքի համար։
Նա հարձակումների թիրախում է դեռևս 2013 թվականից: Դրանք այժմ էլ շարունակվում են նրա և նրա ընտանիքի դեմ։
Պետությունը դեռևս թերանում է իրավապաշտպանների համար անվտանգ և նպաստավոր միջավայրի ապահովման, իրավապաշտպանների իրավունքների պաշտպանության երաշխավորման իր պարտավորություններում, որոնք ստանձնել է մարդու իրավունքների մի շարք միջազգային պայմանագրերի վավերացմամբ։
․․․Իրավապաշտպանների՝ ատելության խոսքի թիրախ դառնալու և Ոստիկանություն հաղորդում տալու, ապա դրան հաջորդող շարունակական հարձակումների փորձը ցույց է տալիս իրավապաշտպանների անվտանգության ապահովման գործում վճռական և հրատապ քայլերի անհրաժեշտությունը։ Ցավոք, իրավապաշտպանների կողմից ատելության խոսքի դեմ Ոստիկանություն տրված հաղորդումներից որևէ մեկը չի բացահայտվել, և ոչ-ոք պատասխանատվության չի ենթարկվել, և Ոստիկանության ու այլ իրավասու կառույցների անգործությունը միայն վատթարացնում է դրությունը, քանի որ տպավորություն է ստեղծվում, որ իրավապաշտպանների նկատմամբ բռնությունները անպատիժ են մնում։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում օր օրի աճում են ծայրահեղական խմբերը, որոնք ամեն կերպ խոչընդոտում և վարկաբեկում են իրավապաշտպանների գործունեությունը, մենք կարիք ունենք ՀՀ Կառավարության կողմից արդյունավետ պաշտպանության, իրավական երաշխիքների և աջակցության՝ մեր գործունեության շարունակությունը ապահովելու համար։ Մենք գտնում ենք, որ
- ՀՀ Կառավարությունը պետք է ապահովի Ոստիկանության արդյունավետ գործունեությունը իրավապաշտպանների դեմ ատելության խոսքի, հարձակումների դեպքերով պատշաճ քննության առնչությամբ։
- ՀՀ Կառավարությունը պետք է ընդունի գենդերային զգայուն քաղաքականություն՝ իրավապաշտպանների պաշտպանության գործում հստակ գենդերային հեռանկարներով։
- ՀՀ Կառավարությունը պետք է ընդունի, որ իրավապաշտպանների արդյունավետ պաշտպանությունն ու նրանց հետ համագործակցությունը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության գործում առաջնահերթություն է։
- ՀՀ Կառավարությունը պետք է գործի ՄԱԿ-ի կին իրավապաշտպանների բանաձևի շրջանակներում, հրապարակայնորեն ընդունի նրանց գործունեության կարևորությունը մարդու իրավունքների պաշտպանության գործում, բացառի բոլոր տարիքային խմբերի կին իրավապաշտպանների հանդեպ խտրականությունը և բռնությունը, միջոցներ ձեռնարկի նրանց պաշտպանության համար։ Բացի այդ, ՀՀ Կառավարությունը պետք է ընդունի իրազեկման քաղաքականություն, այդպիով նպաստելով իրավապաշտպանների գործունեության լեգիտիմությանը։
- ՀՀ Կառավարություն պետք է փոփոխություններ նախաձեռնի ՀՀ Քրեական օրենսգրքում՝ ներառելով այնտեղ կարգավորումներ ատելության խոսքի եւ ատելության հիմքով հանցագործությունների վերաբերյալ»։