Նոյեմբերի 26-ին Շենգավիթի դատարանի դահլիճից ազատ արձակվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակից, մայոր Արմեն Հովհաննիսյանը, ով մեղադրվում էր կալանավոր Արմեն Աղաջանյանին («մի խումբ անձանց կազմում») խոշտանգումների ենթարկելու և խոշտանգման փաստը թաքցնելու նպատակով պաշտոնական կեղծիք կատարելու մեջ։ Գործը քննող դատավոր Դավիթ Բալյանը վերավորակավորեց մեղադրանքը, և վճիռ կայացրեց ոչ թե խոշտանգման և պաշտոնական կեղծիքի, այլ՝ պաշտոնական լիզարությունները անցնելու և պաշտոնական կեղծիք կատարելու հոդվածներով, ինչից հետո Հովհաննիսյանը համաներմամբ ազատ արձակվեց։ Մեդիա կենտրոնում այսօր կայացած ասուլիսին տուժողի իրավահաջորդն ու մայրը՝ Գայանե Աղաջանյանը, փաստաբան Արա Ղարագյոզյանը և իրավապաշտպաններ Նինա Կարապետյանցն ու Մարինա Պողոսյանը որոշ մանրամասներ ներկայացրեցին դատական գործից և երեկ կայացված վճռից։
30-ամյա Արմեն Աղաջանյանին 2018 թվականի մարտին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դաժան խոշտանգումների ենթարկվելուց չորս ամիս անց՝ հուլիսի 7-ին, տեղափոխել էին «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն», որտեղ 5 օր հետո հայտնաբերվել էր նրա դին՝ սավանից կախված վիճակում: Նախնական վարկածը՝ ինքնասպանություն։ Աղաջանյանի մայրը՝ Գայանե Աղաջանյանը պնդում է, որ տղային սպանել են՝ խոշտանգման գործը կոծկելու նպատակով։ Դիակի վրա, Գայանե Աղաջանյանի խոսքերով, կային բռնության հետքեր։
Մահվանից առաջ Արմեն Աղաջանյանը հասցրել է մատնանշել ՔԿՀ աշխատակից Արմեն Հովհաննիսյանի անունը, խոշտանգմանը մասնակցած մյուս 3 աշխատակիցների անունները մինչ օրս բացահայտված չեն։