Թմրանյութերի դեմ պայքարը ջարդվում է խոցելի մարդկանց գլխին․ դատ
«Բան» ակումբի ռեյդի գործով Վերաքննչիչ դատարանում օգոստոսի 11-ի նիստը, որը պիտի լիներ վերջինը, հետաձգվեց՝ քննող դատախազի հանկարծակի փոփոխության պատճառով։ Գործի բոլոր մասնակիցների եզրափակիչ ելույթները, այդ թվում նոր դատախազի, կարվեն օգոստոսի 19-ին։ Պարզ չէ՝ ինչու է վերջին օրով նախորդ դատախազը հրաժարվել մեղադրականը ստորագրելուց։
Հիշեցնենք, որ «Բան» ակումբի ռեյդը բարդվել է մի հոգու վրա՝ 32-ամյա Ելիզավետա Դանիլիչևայի։ Ակումբի տարածքում և հանդերձարանում հայտնաբերված հոգեմետ դեղերը վերագրվել են նրան։ Արդյունքում Դանիելիչևայի մեղադրանքը ծանր է. նա մեղադրվում է թմրամիջոցների իրացման հոդվածով և կարող է ազատազրկվել մինչև 6 տարի ժամկետով։
Ելիզավետան ընդունում է, որ այդ օրը ցանկանում էր, որ իրեն թմրանյութ հյուրասիրեն։ Բայց չի ընդունում, որ ինքը զբաղվում է թմրամիջոցի վաճառքով։ Ելիզավետայի պատմածը օրվա մասին հիմնավորվում է չորս վկաների ցուցմունքով։ Առաջին ատյանի դատարանը ենթադրել էր, որ այդ վկաները ստում են. թեև, փաստաբանի խոսքով, այդ ենթադրության համար որևէ փաստարկ չկա քրգործում։
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանը մեծ հույսեր չի կապում նոր դատախազի հետ. նրանք բոլորն էլ չեն քննում դատարանում բերված ապացույցները, նոր ցուցմունքները, չեն վերաորակում մեղադրանքը, այլ ուղղակի կարդում են նախնական մեղադրական եզրակացությունը։
Դատերին գալիս են Լիզայի ընկերները, ինչպես նաև ակտիվիստներ, որոնք հետևում են թմրամիջոցների դեմ «պայքարին», դրա անվան տակ անհատների թիրախավորելուն ու նրանց անպաշպտպանությանը։
Նրանք էլ են դժգոհ դատական պրոցեսից. դատավորները չեն լսում ցուցմունքները, ձանձրանում են, բարոյախրատական հարցեր են տալիս։ Օրինակ՝ նախորդ նիստերին հարցրել են՝ «որ հյուրասիրում էին ձեզ, չէիք մտածում, որ շահադիտական քայլ է դա»։
Լիզայի ընկերներն այնուամենայնիվ հույս ունեն, որ վերաքննիչը կբեկանի խիստ վճիռը։
«Լիզան եկել է Հայաստան Ռուսաստանից, քանի որ չի ուզել ապրել բռնապետական երկրում։ Հայերեն ա սովորում, արվեստով ա զբաղվում։ Եթե էս մարդուն 3 կամ 6 տարով դատապարտենք անազատության, դա շատ մեծ խնդիր կլինի ինձ համար որպես Հայաստանի քաղաքացու», - ասում է Լիզայի աջակիցներից Միքայել Զոլյանը։
«Էս ամեն ինչը նրա հետևանք է, որ ոստիկանությունը մի քանի ակումբներ մտավ։ Պոլիգրաֆ ակումբը մտավ, ես գրել եմ դրա մասին, բավականին մեծ արձագանք եղավ։ Հետո նույնը տեղի ունեցավ Բան ակումբում, բայց քանի որ Բան ակումբի աշխատողները միգրանտներ են, նրանք վախեցան հանրային աջակցության համար դիմել։ Դրա արդյունքը էն եղավ, որ բազմաթիվ մարդկանց իրավունքները խախտվեցին։ էս ամեն ինչի վերջին հատվածը Լիզայի պատմությունն ա։ Ես հույս ունեմ, որ կուղղվի էդ ամեն ինչը, և Լիզան ազատության մեջ կլինի»։