Անցած տարվա հունիսի 24-ին ոստիկանները մտել էին Բաղրամյան պողոտայում գործող «Բան» ակումբ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հանդերձարանում թմրանյութի նմանվող զանգված էին գտել։ Ակումբի այցելուներին, որոնց մեծ մասը հրավիրված էր հարսանեկան աֆթերփարթիի, փակել էին ներսում, մի քանի ոստիկանական բրիգադ կանչել և բոլորին՝ 38 հոգի, տարել Արաբկիրի բաժին։
Արաբկիրում մարդկանց ծեծել, նվաստացրել, հայհոյել, խեղդել և մերկացրել էին։ Զանգի իրավունք ոչ ոք չի ունեցել, թարգմանիչ չի հատկացվել։ 3 հոգու ձերբակալել են, մյուսներին՝ ժամեր անց ազատ արձակել։
Ձերբակալվածներն ակումբի աշխատակիցներն էին․ նրանցից երկուսին մի քանի օր անց ազատ էին արձակել, մեկին՝ Ռուսաստանի քաղաքացի Ելիզավետա Դանիլիչևային, մեղադրանք առաջադրել և կալանավորել։
Կես տարուց ավել Աբովյանի բանտում մնալուց հետո՝ Դանիլիչևան 5 ամիս առաջ տնային կալանքի է անցել։ Օգոստոսի 7-ի դատական նիստին նրան Արաբկիրի օպերներից մեկն էր ուղեկցում՝ երիտասարդ տղա, ծառի տակ կանգնած շփվում էր ամբաստանյալի հետ, գոտու տակից երևում էր զենքի կոթը, ծխում էր այկոս։ «Աստված Լիզայի հետ», – ասում էր հրաժեշտ տալիս։
Դատարանի բակում Լիզայի ընկերներն էին, շատերը՝ անցած տարվա ոստիկանական ռեյդի զոհերից։
Լիզային մեղադրում են 1.95 գրամ մետամֆետամին և 5.8 գրամ մարիխուանա պահելու և իրացնելու մեջ։ 1․47 գրամ մետամֆետամինը և 5․8 գրամ մարիխուանան ռեյդի ժամանակ հայտնաբերվել է ակումբի սենյակներից մեկում։ Սենյակում մոտ 5 հոգի է եղել, ամբողջը մեղսագրել են Ելիզավետային՝ «ինքն ամենամոտն էր կանգնած» հիմնավորմամբ։ Պարեկները հետագայում մեկը մյուսին հակասող ցուցմունքներ են տվել, վկաները՝ մատնանշել փաթեթի տիրոջ անունը։ Ըստ փաստաբանի, դա Լիզան չէր։
Դատարանի այսօրվա նիստին մեղադրող դատախազը որոշել էր նախաքննական ցուցմունք կարդալ։ Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանը առարկում էր՝ ցուցմունք տվողը Հայաստանում չէ, ցուցմունքը (դրա թարգմանությունը) հավաստված չէ, ապացույց համարվել չի կարող։ Դատավորը որոշեց առարկությունը մերժել։ Ցուցմունքում անհայտ կինը, որին ռեյդի օրը բերման էին ենթարկել ակումբից, պատմում էր, որ պատահել է՝ մարիխուանայի հոտ է զգացել, եսիմ ումից լսել է ժամանակին, որ ինչ-որ իրանցի այնտեղ խոտ է վաճառել և այլն։ Ինչ կապ ուներ սա Ելիզավետայի գործի հետ՝ դատախազը չէր բացատրում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Տես նաև՝
Ոստիկանները դուխով ծեծում ու նվաստացնում էին տասնյակ մարդկանց
Թմրանյութերի դեմ պայքարի քողի տակ թիրախավորում են ամենախոցելիներին