Թմրանյութերի դեմ պայքարի տնազ
2023 թվականը Հայաստանում հռչակվել է «Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարի»։ «Իրազեկ քաղաքացիների միավորման» հրապարակած վիճակագրության համաձայն՝ տարվա առաջին երկու ամիսների ընթացքում իրավապահները մոտ 17,8 կիլոգրամ թմրանյութ են առգրավվել, որից 17․5 կիլոգրամը՝ կանեփ։ Անցյալ ամիս ոստիկանության պրոֆիլային վարչության օպեր-լիազոր Դավիթ Պետրոսյանը «Sputnik Արմենիայի» հետ զրույցում հայտարարել է, թե 2023-ի առաջին 6 ամիսների ընթացքում հանցագործությունների 2365 դեպք են գրանցել։ Մեծ մասը առնչվել է թեթև թմրանյութերին։ «Քրեական պատասխանատվության է ենթարկվել 478 անձ»։
Ի՞նչ է կատարվել զուգահեռաբար։ Այլ երկրների իրավապահ մարմինները բացահայտումներ, որոնք վկայում են Հայաստանում ծանր թմարնյութերի կազմակերպված շրջանառության և/կամ տարանցման մասին՝ տոննարով կոկաին, կիլոգրամներով հերոին։ Մի դեպքում, օրինակ, բեռն անխոչընդոտ հատել է Հայաստանի սահմանները, և ոստիկաններն այն «հայտնաբերում են» միայն միջազգային խոշոր սկանդալներից հետո։
մի քանի թիվ
Պաշտոնական տվյալների համաձայն, Հայաստանում 2023-ի տարեսկզբին ոստիկաններն առգրավել են ընդհանուր առմամբ 17․8 կիլոգրամ թմրանյութ, որից 98 տոկոսը՝ մարիխուանա/կանեփ (17․5 կիլոգրամ), մնացած երկու տոկոսը՝ մետամֆետամին (250 գրամը), սփայս (24 գրամ), ափիոն (22 գրամ) և հաշին (16 գրամը)։
Ոստիկանությունից տրամադրած տվյալները վերաբերում են տարվա առաջին երկու ամիսներին։ ՆԳՆ վերջին հրապարակումից, ամեն դեպքում, երևում է, որ ընդհանուր պատկերը, որում գերակշռող են մնում թեթև թմանյութերը, պահպանվել է նաև թրմանյութերի դեմ պատերազմ հայտարարելուց հետո։
Օգոստոսի 2-ին իրավապահները զեկուցել են՝ ընդհանուր 94 խուզարկությունների արդյունքում կալանավորել են 7 հոգու, հայտնաբերել մոտ 1,12 կիլոգրամ թմրանյութ, որից 1 կիլոգրամը՝ մարիխուանա, 124 գրամը՝ մետամֆետամին։ Առգրավված թմրանյութերի քանակը խուզարկությունների թվի հետ համեմատելով, կարելի է եզրակացնել, որ խոսքն այնուամենայնիվ տոննաներով շրջանառության մասին չէ։
«Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում օպեր-լիազոր Դավիթ Պետրոսյանը համարել է, որ այս տարվա պլանը ոստիկանությունն արդեն գերակատարել է։
2023-ի առաջին կիսամյակի ընթացքում, ըստ նրա, իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել է թմրամիջոցների, հոգեմետ /հոգեներգործուն նյութերի և դրանց պրեկուրսորների հետ կապված հանցագործության 2365 դեպք՝ նախորդ տարվա 931-ի դիմաց: Վերոհիշատակված դեպերի մոտ 12 տոկոսը՝ 289-ը, վերաբերել են սինթետիկ թմրամիջոցների (մետամֆետամին, մեֆեդրոն, ալֆա-PVP, ՄԴՄ, էքստազի, ԼՍԴ․․․) անօրինական շրջանառության։ 2365 դեպքերից 1236-ը՝ 52 տոկոսը, որակվել են որպես իրացում։ 2023-ի առաջին կիսամյակում «նշված հանցագործության համար քրեական պատասխանատվության է ենթարկվել 478 անձ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 372 անձի դիմաց»։
Օպեր-լիազորը հիշեցրել է՝ Հայաստանը սահմանակցում է Իրանի Իսլամական Հանրապետության հետ, «որի տարածքից երբեմն իրականացվում է թմրամիջոցների մաքսանենգություն»։
բա 80 կիլոգրամ հերոինը՞
Պաշտոնական վիճակագրությունը խամրում է հատկապես օտարերկրյա բացահայտումների ֆոնին։
Մայիսի 16-ին հայտնի դարձավ, որ Իտալիայի իրավապահները ավելի քան 2․7 տոննա բարձր որակի կոկաին են առգրավել Սիցիլիայի Ջոյա Տաուրո նավահանգստում։ Կոկաինը, ըստ իտալական կողմի, բանանի արկղերով ուղևորվում էր Հայաստան։
Հաջորդ օրը՝ մայիսի 17-ին, հայաստանյան ԱԱԾ-ն հայտարարել է, որ բանանի երևանյան պահեստներից մեկում ևս 1 տոննա կոկաին է հայտնաբերվել։ Պահեստը պատկանում էր ընկերությանը, որի բեռնատարները մնացել էին Սիցիլիայի նավահանգստում՝ «Մրգենի» ՍՊԸ-ին, որը փոխկապակցված է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի հետ։ 2018-ից հետո մի քանի քրեական գործերով անցնող Պողոսյանը թաքնվում է Ռուսաստանում, նրա արտահանձնման պահանջը Մոսկվան մերժում է։ Տոննաներով կոկաինի համար հայ իրավապահները կալանավորել են ՍՊԸ-ի գնման բաժնի պետին և մի քանի այլ աշխատակիցներին։ Միհրան Պողոսյանը հայտարարել է, թե կոկաինի հետ կապ չունի, նրա նկատմամբ կրկին հետախուզում է հայտարարվել։
Մոտ 10 օր անց՝ մայիսի 25-ին, հաղորդվել է, որ Վրաստանի Փոթի նավահանգստում հայտնաբերվել է մոտ 80 կիլոգրամ հերոին։ Բեռը Վրաստան է հասել Իրանից՝ Հայաստանի տարածքով։ Հայաստանի մաքսային ծառայությունը և ոստիկանությունը ոչինչ չեն նկատել։
Մինչ այլ երկրների իրավապահները բացահայտում են Հայաստանում ծանր թմրանյութերի ահռելի քանակներով տարանցման կամ շրջանառման դեպքեր, հայաստանցի ոստիկանները փորձում են արդարանալ գիշերային ակումբների այցելուներին խոշտանգելու համար։
«փայլուն և պրոֆեսիոնալ»
Ապրիլին ոստիկանները ներխուժել էին «Պոլիգրաֆ» ակումբ, բերման ենթարկել, ծեծել և նվաստացրել աշխատակիցներին և այցելուներին՝ 41 հոգի։ Քննչական կոմիտեից հայտարարել էին, թե «պարզվել է, որ նշված ակումբում ապօրինի իրացվել են «Մետամֆետամին», «Էքստազի», «LSD» և այլ տարբեր տեսակի թմրամիջոցներ»։ Այս հայտարարությունը ապացուցող փաստեր ոստիկանները առ այսօր չեն ներկայացրել։
Պաշտոնական տվյալների համաձայն, ձերբակալված 41 անձանցից 3-ի մոտ մարիխուանա է եղել՝ գումարային առումով 3․6 գրամ։ Հաղորդագրության մեջ նշված մետամֆետամին, էքստազի և LSD թմրանյութերն ակումբում չեն հայտնաբերվել:
Ավելի ուշ ռեյդի է ենթարկվել նաև «Բան» ակումբը․ հունիսի 23-ի լույս 24-ի գիշերը ոստիկանները բերման են ենթարկել, ծեծել և նվաստացրել ակումբի աշխատակիցներին և այցելուներին։ Ձերբակալված 37 մարդկանցից 1-ի մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթով մետամֆետամին, վայրի զննությամբ՝ դեղնականաչավուն զանգվածներ (ըստ փորձաքննության՝ մետամֆետամին և մարիխուանա)։ Մեկ հոգի կալանավորվել է։ Տասնյակ մարդկանց բռնության ենթարկելու համար որևէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել։
Ոստիկանության հետ համագործակցող Գագիկ Շամշյանը սա նկարագրել է որպես «փայլուն և պրոֆեսիոնալ» գործողություն։
որոշ պատուհաններին ճաղավանդակներ են դրել
Կես տարվա ընթացքում հաղորդվել է առնվազն երեք դեպքի մասին, երբ թմանյութերի գործով անցնող մարդիկ ինքնասպան են եղել ոստիկանների աչքի առաջ։
Ապրիլին Քննչական կոմիտեի արարատյան բաժանմունքի պատուհանից ցած էր նետվել և մահացել մարիխուանա աճեցնելու և իրացնելու մեջ մեղադրվող Միսակ Պողոսյանը։
Հունվարին իրավապահները Բաղրամյան պողոտայում կանգնեցրել էին 28-ամյա Հայկ Բ-ի «Մերսեդեսը» և խուզարկել մեքենան, ինչի ընթացքում տղամարդը կուլ էր տվել իր մոտ եղած «կասկածելի փաթեթը» և մահացել վերակենդանացման բաժանմունքում՝ գերդոզավորումից։
Հուլիսին Քննչական կոմիտեի երևանյան բաժանումքի պատուհանից ցած էր նետվել և մահացել 30-ամյա Վադիմ Վոլկովը, որը կասկածվում էր «թմրամիջոցների մաքսանենգության» մեջ։
Նման դեպքերը կանխելու համար 2020 թվականին Քննաչականի որոշ պատուհաններին ճաղավանդակներ են դրել։
օտագործողներին իրացում են վերագրում
Հունիսին ոստիկանությունը հասարակական կազմակերպություններին հրավիրել էր քննարկել թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը։ Հետաքրքրական է, թե ինչպես են իրավապահները արձագանքել «Իրական աշխարհ, իրական մարդիկ» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչների քննադատությանը։
ՀԿ ներկայացուցիչները, ըստ ԻՔՄ-ի, քննարկման ժամանակ ահազանգել են՝ կանխարգելմանը և կախվածության հաղթահարմանն ուղղված բավական քայլեր չեն ձեռնարկվում, մինչ այդ ոստիկանները պատժում են օգտագործողներին։ ։
Իրավապաշտպան կազմակերպության դիտարկումներին ի պատասխան ոստիկանության պատասխանատու պաշտոնյաները հայտարարել են, թե կանխարգելումն ու բուժումը Առողջապահության նախարարության խնդիրն է, իսկ ոստիկանությունն առաջնորդվում է այն կանխավարկածով, որ «10 օգտագործողից առնվազն 7-ը նաև վաճառող է»։
Ինչի՞ վրա է հիմնավում այս «կանխավարկածը»։ Եթե ոստիկաններն իսկապես առաջնորդվում են նման «կանխավարկածով», կարելի՞ է արդյոք ենթադրել, որ նրանք օգագործողների նաև վաճառք են վերագրում։