Home / Ոստիկանություն / «Խոտ և փախուստի փորձ». մահ Քննչականում

«Խոտ և փախուստի փորձ». մահ Քննչականում

Քննչական կոմիտեի արարատյան բաժանմունքում մեղադրյալը նետվել է երրորդ հարկի լուսամուտից և մահացել։

Կոմիտեի հաղորդագրության համաձայն, մահացածը Արտաշատ համայնքի Հովտաշեն գյուղի բնակիչ Միսակ Պողոսյանն էր, որին անցյալ տարվա սեպտեմբերին մեղադրանք էր առաջադրվել թմրանյութ պարունակող բյուսեր աճեցնելու (404 հոդված) և թմրանյութեր իրացնելու մեջ (393 հոդված)։

Քննչականը պարզաբանել է՝ նա մեղադրվում էր շուրջ 200 Կանեփ տեսակի բույս աճեցնելու և «իրացման նպատակով» ընդհանուր 277 գրամ քաշով Մարիխուանայի «շրջանառության» համար։ Պողոսյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել բացակայելու արգելը։

Քննիչների վարկածի համաձայն, ավելի ուշ «օպերատիվ նոր տվյալներ» են ստացվել, տղամարդու ավտոմեքենայում խուզարկություն է արվել և «հայտնաբերվել է տետրահիդրոկաննաբինոլ բուսական խառնուրդ տեսակի թմրամիջոց»։ Մեղադրանքը լրացվել է, խափանման միջոց է կիրառվել կալանքը։

«Կալանքի երկամսյա ժամկետը լրանալուց հետո վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ, որը մերժվել է, և անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Դրանից հետո պարզվել է, որ Պողոսյանը, քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում, ապօրինի ձեռք է բերել «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել և վերցվել է 2023թ. ապրիլի 25-ին նրա անձնական խուզարկությամբ:

Դատախազի որոշմամբ նրա նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել, ինչից հետո մեղադրանք առաջադրելու և դատարան ներկայացնելու նպատակով քննիչի կողմից Ոստիկանությանը հանձնարարություն է տրվել Պողոսյանին ներկայացնելու վարույթն իրականացնող մարմնին», – ասված է Քննչականի հաղորդագրությունում։

Ոստիկանության ծառայողները, ըստ իրավապահների ներկայացրած վարկածի, Միսակ Պողոսյանին այսօր «ուղեկցել» են Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

«Վարչության երրորդ հարկում՝ միջանցքում, ուղեկցող ոստիկանների հետ պաշտպանին սպասելու ընթացքում Մ. Պողոսյանը, նախնական տվյալներով փախուստի դիմելու նպատակով, հանկարծակի ցատկել է շենքի 3-րդ հարկի պատուհանի տակ գտնվող սեղանի վրա և պատուհանից ցած նետվել։ Արդյունքում ստացած վնասվածքներից վերջինս մահացել է», – գրել է Կոմիտեն։

Դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 506-րդ հոդվածի 1-ին մասի (արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի փախուստը կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Առաջին հոդվածը վերաբերում է իրավապահներին, երկրորդը՝ քննաչկանա կոմիտեում, ըստ պաշտոնական վարկածի՝ ինքնասպան եղած, մեղադրյալին։ Գործով մեղադրյալներ կամ կասկածյալներ դեռևս չկան։

Հիշեցնենք՝ երեք ամիս առաջ էլ իրավապահները հաղորդել էին, թե հունվարի 21-ին «օպերատիվ տվյալների հիման վրա» Բաղրամյան փողոցում կանգնեցրել են 28-ամյա Հայկ Բ-ի «Մերսեդեսը»։ Մեքենան սկսել են խուզարկել։ Տղամարդը իջել է ավտոյից և կուլ տվել իր մոտ եղած «կասկածելի փաթեթը»։ Նրա տեղափոխել են Արմենիա ԲԿ։ Վերակենդանացման բաժանմունքում երիտասարդը մահացել էր։