հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Շուկա / 1 տոննա կոկայինից Ռուսաստան փախած նախկին պատգամավորի բանանների հոտն է գալիս

1 տոննա կոկայինից Ռուսաստան փախած նախկին պատգամավորի բանանների հոտն է գալիս

Էկվադորից Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի գործով ձերբակալվել է «Մրգենի» ընկերության ներկայացուցիչը։

«Հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել հանցավոր խմբի անդամ, «Մրգենի» ՍՊԸ-ի ներմուծումների և գնման բաժնի պետ Մ.Ղ.-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Վերջինս դատարան ներկայացվելու համար ձերբակալվել է», – գրել է Ազգային անվտանգության ծառայությունը։

տե՛ս Հայաստանում տոննաներով կոկաին կա

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Մրգենի» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018 թվականի հուլիսի 27-ին։ Ընկերության միակ սեփականատերն ու տնօրենը Ռուսաստանի քաղաքացի Լևոն Աթաջանյանն է։

ՍՊԸ-ն 2019-2020 թվականներին գրանցված է եղել Երևանի Ռուբինյանց փողոցում՝ այն նույն հասցեում, որտեղ գրանցված է նաև ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանի հետ կապվող «Քեթրին Գրուպը», որը ժամանակին բանանի ներկրման մենաշնորհ ուներ Հայաստանում։

Ազգային ժողովում պատգամավորների հարցերին պատասխանելիս՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էր, որ 1 տոննա կոկաինի հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող հանրահայտ ընկերությունն է։

«[Այդ ընկերության] սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է՝ այժմ հետախուզման մեջ գտնվող, և եթե չեմ սխալվում՝ ՀՀԿ խմբակցության անդամ։

Չեմ կարող որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել: Գիտեք, ցավոք, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը Հայաստանում և ամբողջ աշխարհում շատ մեծ ծավալների է հասել: Ընդ որում՝ կարող է ներգրավված լինեն տարբեր մարդիկ», – նշել է Փաշինյանը:

ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհարն Պողոսյանը (պաշտոնավարման տարիներին «Քեթրինի Միհրան» մականունով հայտնի բիզնեսմեն էր) քրեական հետապնդումից թաքնվում է Ռուսաստանում։ Ռուսաստանի Դաշնությունն ավելի վաղ հրաժարվել էր նրան արտահանձնել։

Հիշեցնենք՝ մայիսի 17-ին Հայաստանի ԱԱԾ-ն հայտարարել էր, որ «մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորից պատվիրված ապրանքի հետ Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել մոտ 1 տոննա կոկաին»։ Կոկաինը հայտնաբերվել է և գտնվում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունում։ Թրմանյութի արժեքը ԱԱԾ-ն մոտ 250 միլիոն եվրո է գնահատում։

Մինչ այդ Իտալիայում առգրավել էին 2.7 տոննա կոկաին, որն, ըստ իտալացի իրավապահների, Վրաստանի Բաթումիի նավահանգստով պետք է ուղարկվեր Հայաստան։ Կոկաինի փաթեթները թաքցված են եղել Էկվադորից ժամանած երկու բեռնարկղերում, որոնցով տեղափոխվում էր 78 տոննա բանան: Առգրավված թմրանյութի արժեքը իտալացի իրավապահները շուրջ 800 միլիոն եվրո էին գնահատել և հավելել՝ չափազանց բարձր որակի և հիանալի պահպանված վիճակում» էր։