Home / Բանտ / Ոստիկանները դուխով ծեծում ու նվաստացնում էին տասնյակ մարդկանց

Ոստիկանները դուխով ծեծում ու նվաստացնում էին տասնյակ մարդկանց

Ուրբաթ գիշերը ոստիկանները մտել են Բաղրամյան պողոտայում գործող «Բան» ակումբ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հանդերձարանում թմրանյութի նմանվող զանգված են գտել։ Ակումբի այցելուներին, որոնց մեծ մասը հրավիրված էր հարսանեկան աֆթերփարթիի, փակել են ներսում, մի քանի ոստիկանական բրիգադ կանչել և բոլորին՝ 37 հոգի, տարել Արաբկիրի բաժին։

Արաբկիրում մարդկանց ծեծել, նվաստացրել, հայհոյել, խեղդել և մերկացրել են։ Հեռախոսները առգրավել են, զանգի իրավունք ոչ ոք չի ունեցել, փաստաբանների հետ մարդիկ կապվել են միայն ոստիկանությունից դուրս գալուց հետո։ Բերման ենթարկվածներից մոտ 30-ը ռուսաստանցիներ էին․ թարգմանիչ չեն հատկացրել։

Վաղ առավոտյան բոլորին տարել են Քննչական կոմիտե։ 3 հոգու ձերբակալել են, մյուսներին՝ ժամեր անց ազատ արձակել։ Արգելված նյութեր նրանց մոտ չեն հայտնաբերել։

Ձերբակալվածները ակումբի աշխատակիցներն էին․ նրանցից երկուսին հունիսի 26-ին ազատ են արձակել, մեկին՝ ՌԴ քաղաքացի կին, մեղադրանք առաջադրել և կալանավորել։

Epress.am-ը խոսել է ոստիկանությունում խոշտանգվածներից երկուսի հետ։ Նրանք նախընտրել են մնալ անանուն։ Մյուսները հարցազրույցներից առայժմ խուսափում են։

— Հունիսի 24-ին ինձ ու ևս 36 անձի բերման են ենթարկել «Բան» ակումբից՝ թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով։ Սկզբում եկել էին, իբր հարևաններից մեկը բողոքել ա աղմուկից։ Քանի որ դրսում աղմուկ չկար, գնացին։ Հետո նորից եկան։ Խոսացինք էտ «հարևանի» հետ, որը վրոդե էտքան էլ հարևան չէր, այլ շարքային մի օպեր։ Ինչ-որ պահի ուղիղ ասեց՝ ոչ թե աղմուկի հարց ա, այլ «դուք իմ դուրը չեք գալիս»։

․․․Տարան Արաբկիրի բաժին, որտեղ մեզ դիմավորեցին խլեշներով, ստորացնելով։ Գլուխս պատին էին խփում, ասում էին՝ ձեզ պետք ա սպանել։

Մի հատ աշխույժ ոստիկան կար, որը խեղդում էր ինձ։ Հարցրեցի՝ ի՞նչ ես անում, մեկ ա բերման եք ենթարկել, եթե ինչ-որ խնդիր կա՝ կդատվեմ, ինչի՞ ես դո՛ւ ինձ դատում առանց ինչ-որ բան իմանալու։ Ասեց՝ հելի սիկտիր եղի էս երկրից, էս իմ երկիրն ա, դու ստեղ բան չունես անելու, ստեղ քո ուզածը չի լինելու։ 

Սենյակներից, միջանցքներից անընդհատ խլեշ, գոռոցներ ու խփելու ձայներ էի լսում։ Բերման ենթարկվածների մեծ մասը ռուսներ էին, մի քանիսը՝ հայեր։ Ռուսների հետ ահավոր զզվելի էին իրանց պահում։

Մի աղջկա անընդհատ ձեռք էին գցում, ասում էին՝ չի կարելի ոտքը ոտքին գցել։ Հայերեն էին ասում, ինքը բան չէր հասկանում։ Բռնում էին էտ աղջկա ոտքը, որ իբր դզեն։ Մի հատ դռեդներով տղու եմ հիշում՝ ահավոր սխկեցին։

Մի պահ եկավ Արաբկիրի բաժնի պետը, մտածեցի՝ մի քիչ կխախանդվի իրավիճակը։ Բայց ոչ ոքի պետքն էլ չեր, խլեշները շարունակվում էին, չէին թողնում նստենք, ջուր խմենք, փաստաբանի զանգենք, առահասարակ՝ զանգի իրավունքից օգտվենք։

Էս թազա պարեկներն էլ, որ տեսան օպերները ինչ դուխով են իրանց պահում, սկսեցին սրանք էլ քֆուրներով խոսալ ու ծաղրել։ 

Մի խոսքով՝ իմ մոտ բան չգտան, հիմնականում ոչ մեկի մոտից էլ բան չգտան։ Տարան Քննչական, մի քանի ժամ էլ էնտեղ պահելուց հետո բաց թողեցին։  

Ցանկություն չունեմ էս կիսագողական միլիցեքի դեմ գործ հարուցեմ նույն կիսագողական համակարգում։ Իրանք շատ դուխով էին ու վստահ էին, որ իրանց բան չի լինի, ապացույց չկա, մարմնական վնասվածքներ չկան, նախադեպ չկա, կկարճվի կգնա։ 

Բարձրաձայնելուս իմաստը հանրությանը տեղյակ պահելն ա, իշխանությունն էլ թող իմանա՝ ինչ լավ բարեփոխումներ ա անում։

Էն Հայկ եսիմինչյանը, որ ԱԺ-ում առաջարկում ա պարգևավճար տալ ոստիկաններին, որոնք թմրանյութ կբռնեն, հեչ չի մտածե՞լ, որ կարողա մեկը էդ փողի խաթեր բերի ջեբդ բան քցի։ 

Մի խոսքով՝ ամոթ ձեզ։

Անոնիմ մնալուս հիմնական պատճառը էն ա, որ կարծում եմ՝ անձնական հաշվեհարդար կտեսնեն, և ոչ մեկ չի կարողանա երաշխավորել, որ ինձ հետ նման բան էլի չի կրկնվի։ 

Ի դեպ, մինչև հիմա ոչ ոք արձանագրություն կազմել չի սովորել՝ անընդհատ սխալներով, նույն բանը ժամերով գրելով։ Բա դրանց զուգարանների վիճակը․․․ ֆո՛ւ։

***

— «Բան» էի գնացել, քանի որ ընկերներիս հարսանիքի աֆթերփարթին էր։ Դեմից էկան, թե բա աղմուկ եք անում։ Եկան-գնացին, նորից եկան։ Հետո ասին՝ ինչ-որ բան ենք գտել, սաղդ պտի ներսում մնաք։ Տարան սենյակ, եքա սպասեցինք, տարան բաժին։

Բաժնում սկսվե՜ց։ Գնում-գալիս խառը մարդկանց խփում էին։ Մարդ կար՝ ձեռնաշղթաներով պոլին էր, կողքից բզում էին։ Հիմնական թեման էտ ժողովրդի արտաքին տեսքն էր, իրանց պատկերացումները կյանքի մասին, ոչ թե դրագը։

Աղջիկներին էին կպրշկվում, օպերներից մեկը ասում էր՝ էս ****-ին [կանանց] բերեք մոտս։ Հայերի հետ գողական էին խոսում, ռուսների վրա կայֆավատ էին լինում։ Վերջին քֆուրները՝ սաղին։

Մի մասին մերկացրեցին խմբակային։ Ասում էին՝ տռուսիկն են հանել, ինչ-որ բաներ են արել։ Ես էտ պահը չեմ տեսել։ Բզելուց նենց էին բզում, որ կապտուկներ չլինեն։ Չնայած մարդիկ կային, որոնց վրա նաև հետքեր են մնացել։

Իրանք հիմա պլան են կատարում՝ թմրանյութի դեմ պայքարի տարի։ Բայց նենց, որ իրանց ջեբին չկպնեն։ Դրագի բիզնեսը մեկ ա իրանցով ա։ Ինձ սադիզմն էր զարմացնում, ոնց որ սենց բանի կարոտ լինեին։ Գիտեն, որ էս ջրից էլ են չոր դուրս գալու։

***

հ․գ․ Ոստիկանությունը «ծառայողական քննություն» է սկսել։ Բաժանմունքում խոշտանգումների առթիվ քրեական գործ չկա։