Հունիսի 28-ին՝ ժամը 1:30-ից, ադրբեջանական ստորաբաժանումները հրետանային կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև անօդաչու թռչող սարքեր՝ վաղ առավոտյան հաղորդել է Ղարաբաղի Պաշտպանության բանակը:
Հայկական կողմն ունի 4 զոհ: ՊԲ-ն ավելի ուշ հրապարակել է զոհված զինծառայողների անունները՝ Արմո Աբգարյան, Սամվել Թորոսյան, Երվանդ Թադևոսյան, Գագիկ Բալայան:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նախորդ օրերին շարունակաբար տարածելով կեղծ հաղորդագրություններ այն մասին, թե իբր Պաշտպանության բանակի ստորաբաժանումները խախտում են հրադադարը, և, մասնավորապես հունիսի 27-ին տարածելով իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություն` հայկական կողմի կրակից Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի վիրավորման մասին, տեղեկատվական հիմք ստեղծեց հերթական սադրանքի համար», – ասված է Արցախի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:
Ժամը 7-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է:
Քիչ առաջ Ղարաբաղի Ազգային ժողովը հայտարարությամբ դիմել է Վաշինգտոնում գտնվող Հայաստանի պատվիրակությանը՝ պահանջել են «անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները մինչև Արցախի հետ շփման գծում և Հայաստանի սահմաններին լիակատար հրադադարի հաստատումը և այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը»։ Ըստ Ղարաբաղի խորհրդարանի, բանակցությունների շարունակումը «կնշանակի ադրբեջանական կողմի ագրեսիվ պահվածքի խրախուսում և միջազգային մակարդակով արտոնություն»։
Միացյալ Նահանգներում երեկ մեկնարկած եռօրյա բանակցությունների ֆոնին Ստեփանակերտից հաղորդեցին՝ Ադրբեջանը ականներ է արձակել Կիչանի և Ճանկաթաղի ուղղությամբ, Բաքվից տեղեկացրեցին, թե Աղդամի շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերի գնդակոծության հետևանքով զինծառայող է զոհվել։ Երևանը ահազանգեց Երասխում կառուցվող հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանի շինհրապարակի գնդակոծության մասին։