Home / Բանակ / Ադրբեջանը խախտել է հրադադարը Գեղարքունիքի Սոթք շրջանում․ ՌԴ ՊՆ

Ադրբեջանը խախտել է հրադադարը Գեղարքունիքի Սոթք շրջանում․ ՌԴ ՊՆ

Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել։  Չնայած հարաբերական կայունությանը լարվածությունը պահպանվում է, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։       

Որոշ ուղղություններում ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։   

Ադրբեջանի ՊՆ֊ի տարածած հաղորդագրությունը, ըստ որի Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը չի համապատասխանում իրականությանը, հայտնում է Արցախի ՊՆ-ն։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն, իր հերթին, արձանագրել է հրադադարի խախտման մեկ դեպք՝ Գեղարքունիքի մարզի Սոթքի շրջանում։ 

«Անցած մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում Ադրբեջանի զինված ուժերը մեկ անգամ խախտել են հրադադարի ռեժիմը Գեղարքունիքի մարզի Սոթքի շրջանում, ինչի հետևանքով վիրավորվել է Հայաստանի զինված ուժերի մեկ զինծառայող»,- ասվում է ՌԴ ՊՆ-ի տեղեկագրի մեջ։ 

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները նախորդ մի քանի օրերին գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի մի քանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը, ապատեղեկատվություն է, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է», – ասվում է ՀՀ ՊՆ-ի հաղորդագրությունում: