Կրեմլը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման առնչությամբ՝ լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։
Ռուսաստանը, ըստ նրա, ուշադիր հետևում է զարգացումներին և կոչ է անում կողմերին զսպվածություն ցուցաբերել, իսկ ամենակարևորը՝ կյանքի կոչել բոլոր հայտնի եռակողմ փաստաթղթերի դրույթները։
«Տարբեր մակարդակներում Ռուսաստանի և Հայաստանի միջև սերտ կապերը թույլ կտան հստակեցնել այն հարցերը, որոնք ունի Երևանը՝ Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքի հետ կապված», – նշել է Դմիտի Պեսկովը՝ շեշտելով՝ հենման հիմնական կետը եռակողմ փաստաթղթերն են, և եթե կան հարցեր, դրանք պետք է պատասխան ստանան։
Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է և ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ինտենսիվ մարտերի, զոհերի և մարդկային կորուստների մասին հաղորդումներին, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը։
«Մենք կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հետագա սրացումից խուսափելու համար։ Լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը», – ասել է Նեդ Փրայսը։
Ղարաբաղյան էսկալացիային անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ն՝ կոչ անելով «անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ադրբեջանական և հայկական ուժերի միջև»։
«Մենք խորապես ափսոսում ենք մարդկային կորուստների համար և երկու կողմերին կոչ ենք անում դե-էսկալացնել իրավիճակն ու վերադառնալ բանակցությունների սեղան։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը», – գրել է ՆԱՏՕ-ի Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
թարմացում․ — Եվրամիությունը Հայաստանին և Ադրբեջանին դեռևս երեկ կոչ էր արել «անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները։ Euronews-ի փոխանցմամբ, Եվրախորհրդի նախագահ Շարլ Միշելը խնդիրն ակտիվորեն քննարկում է երկու երկրների ղեկավարների հետ․ նա արդեն զանգել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, առաջիկայում կզրուցի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Նրա թիմը և Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը վերջին օրերին սերտորեն շփվում են երկու երկրների լիդերների հետ և հորդորում են անհապաղ մեղմել կացությունը և առաջընթացի հասնել սեղանին դրված բոլոր օրակարգային հարցերում», – ասել է Եվրախորհրդի անանուն ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Արցախում օգոստոսի 3-ի առավոտյան սկսած բախումների հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ։ Վիրավորների թիվը հասել է 19-ի։ Ղարաբաղում մասնակի զորահավաք է հայտարարվել։ Ռուսական խաղապահ կոնտինգենտը հաստատել է՝ «Սարիբաբա բարձունքի շրջանում ադրբեջանական զինուժի կողմից խախտվել է հրադադարի պահպանման ռեժիմը»։ Ադրբեջանը հաղորդել է մի շարք բարձունքների գրավման մասին։
Իրավիճակը արցախա-ադրբեջանական շփման գծում լարվել է օգոստոսի 1-ից։ Օրեր առաջ Ադրբեջանը ռուս խաղաղապահների միջոցով պահանջ է ներկայացրել՝ Ղարաբաղ-Հայաստան երթևեկությունը կազմակերպել նոր (Լաչինը շրջանցող) երթուղով։ Երևանն այն ոչ լեգիտիմ է որակել։