Home / Բանակ / Ադրբեջանը կիրառել է նռնականատեր, ԱԹՍ-ներ․ վիրավորվել է 7 զինծառայող

Ադրբեջանը կիրառել է նռնականատեր, ԱԹՍ-ներ․ վիրավորվել է 7 զինծառայող

Արցախի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, օգոստոսի 3-ին՝ ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել 7 զինծառայող։

Վիրավորներից 6-ի կյանքին վտանգ չի սպառնում, մյուսի վիճակը գնահատվում է ծանր։

Ստեփանակերտի փոխանցմամբ՝ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։

Իրավիճակը արցախա-ադրբեջանական սահմանին օգոստոսի 1-ից լարված է։ Արցախի ՊՆ հաղորդմամբ, երկուշաբթի առավոտից ադրբեջանական ստորաբաժանումները Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում սադրանքի են դիմել, շփման գիծը հատելու փորձերը կասեցվել են Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների ուժերով։

Երկուշաբթի օրը Ստեփանակերտը հաղորդել է ԼՂ պաշտպանության բանակի զինծառայողի վիրավորման մասին։ Հաջորդ օրը Հայաստանի ՊՆ-ն տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմին է փոխանցել 10 օր առաջ Գեղարքունիքի սահմանային գոտում հայտնաբերված ժամկետային զինծառայողին։

Արդեն այսօր Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտարարություն է տարածել, ըստ որի օգոստոսի 3-ի առավոտյան հայկական ուժերի կրակից Լաչինում զինծառայող է զոհվել։